Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հիմա արտագնա աշխատանքի մեկնողների ժամանակաշրջանն է, եւ ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, եւ ճիշտ են անում, որ գնում են: Ես դա ողջունում եմ, եթե աճում է: Մենք ունենք մարդիկ, ովքեր ի վիճակի են աշխատելու եւ գնում են»: Այս խոսքերի հեղինակը բնավ մեր արտաքին թշնամիներից չէ` Ռաֆիկ Գրիգորյանն է, Գեղարքունիքի մարզպետը:
Հայաստանը գնալով դատարկվում է, սա ո'չ նորություն է, ո'չ էլ զարմանալու փաստ: Արտագաղթում են, ու այդ մասին գիտեն բոլորը՝ վերեւից ներքեւ: 2008 թվականին անվերադարձ մեկնել է 23 100 մարդ, 2009-ին՝ 25000 մարդ, 2010-ին՝ 46700, 2011-ին՝ 43800, 2012-ին՝ 48100: Այս տարվա միայն առաջին երկու ամիսներին հանրապետությունից մեկնածների թիվը ժամանածների թվի համեմատ ավելի է 22100 մարդով կամ 53,7%-ով: Երբ երկիրը լքողին դիմում ես հարցով, ասում է՝ գնում եմ, որովհետեւ ապրելն անհնար է, որովհետեւ չեմ ուզում երեխաս շոր չունենալու պատճառով դպրոց չգնա ու խորտակի ապագան, գնում եմ, որովհետեւ... Յուրաքանչյուրն իրեն արդարացնող պատճառն ունի: Բայց երբ կառավարության ներկայացուցիչն է ասում՝ ի՞նչ է եղել որ, թող գնան, արդարացում չունի, ավելին` նա իրավունք չունի ոչ միայն աշխատելու այս երկրում, այլեւ պարտավոր է գնալ գնացողների հետեւից:
Երկիրը լքում են վերարտադրողության տարիքի մարդիկ, աշխատելու ունակները: Հայաստանը դառնում է թոշակառուների, կանանց, երեխաների, հաշմանդամների, մարզպետների ու հանրապետականների երկիր: Նորմալ պաշտոնյան ոչ թե կուրախանար այս ամենի համար, այլ ամեն ինչ կաներ, որպեսզի աշխատելու հնարավորություն ունեցողը մնար, աշխատեր, շենացներ իր երկիրը: Իհարկե, Ռաֆիկ Գրիգորյանը հիմա էլ համարում է, որ մարդիկ շենացնում են երկիրը: Բայց ինչպե՞ս: «Արտագնա աշխատանքի գնալը չի նշանակում, որ արտագաղթում է, դուրս եկեք մարզի տարածքով եւ կտեսնեք, որ, ամենակարեւորը, մարդիկ այսօր բնակարաններ են կառուցում եւ ամրակցված են իրենց հողին: Սեզոնային աշխատանքի են մեկնում եւ վաստակած գումարը բերում են իրենց հայրենիքն են շենացնում: Եթե մի տեղ մի բնակարան է կառուցում, մարդիկ ամրանում են իրենց հողին, ես դա ողջունում եմ»,- ասում է պարոն մարզպետը:
Մեզ համար, օրինակ, հայրենիք շենացնելը գործարարությամբ զբաղվելն է երկրի ներսում, աշխատատեղ ստեղծելը, հարկեր վճարելը, հայրենիքում ապրել-աշխատելը, որոշների համար՝ խոպանից փող աշխատելն ու այստեղ տունը եվրավերանորոգելը: Դա բնավ հողին կպած լինել չի նշանակում, ինչպես մտածում է մարզպետը: Գնում են ու ոչ միայն չեն գալիս, այլեւ, փոքր-ինչ հնարավորություն ստեղծելով, ընտանիքն են արդեն տանում իրենց մոտ: Նրանք այլեւս չեն գալու, այսօր ստանում են այլ երկրի քաղաքացիություն, նրանց նախագահը Սերժ Սարգսյանը չէ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, նրանց երկիրն այլեւս դադարում է Հայաստանը լինել: Իսկ ինչո՞ւ, որովհետեւ այստեղ կան պաշտոնյաներ, ովքեր ելույթից ելույթ բազմապատկում են անհույս քաղաքացիների մոտ եղած ճամպրուկային տրամադրությունը:
Հայրենիք շենացնե՞լ է համարվում, որ 4 տարեկան որդուն հայրը միայն «սկայպով» է տեսնում, որ տատիկը թոռանը գրկելու փոխարեն անշունչ էկրանն է համբուրում: Այո, դրսում աշխատող զավակը գումար ուղարկում է, որ օր ծերության ծնողներն այստեղ ապրեն: Բավարարվենք սրանո՞վ: Իսկ ինչո՞ւ է այսպես, որովհետեւ Դուք, լինելով Գեղարքունիքի մարզպետ, փոխանակ ձեր հիմնական գործառույթն իրականացնեք, կանչում եք վարչության պետերին ու շնորհակալություն հայտնում, որ մի դյուժին ձայն են բերել Սերժի համար, իսկ հիմա էլ աշխատում եք Տարոն Մարգարյանի համար՝ «ժամը 6-ից հետո»: Եվ Ձեր օրինակով՝ Ձեր կոլեգաները: Որ գնում են ու չեն գալիս, բնակարանի դռներ են փակում, ընտանիք է տեղափոխվում ու քայքայվում, գոնե նվազագույն չափով նախագահի «ապահով» կարգախոսը իրականություն չի դառնում, մարզպետը դեմ չէ, չի էլ պատրաստվում արտագաղթի դեմն առնել՝ ամենահեշտ ու անմեղսունակ բացատրությամբ՝ «ոչ մեկը ոչ մեկի վրա չի կարող բռնանալ, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, որ մարդ կարա ազատ տեղաշարժվի»:
Ախր, Սահմանադրության մեջ գրված չէ, որ պետությունը պետք է հարստահարի քաղաքացուն, որ պետք է աղքատությունը հասնի 65 տոկոսի, որ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառում նստած, պետք է 110 կիլոմետր հեռավորությունից ձայն բերի Տարոն Մարգարյանին: Սահմանադրության մեջ գրված չէ, որ մարդ պետք է մարդ լինի: Դա էլ չգրված օրենք է:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր է, Հայաստանում ապրել-աշխատելով, ինչպե՞ս է իր տունը շենացրել Ռաֆիկ Գրիգորյանը: