Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ունենք երկիր, ուր մեկ կուսակցություն` ՀՀԿ-ն, տիրապետում է ամբողջ իշխանությանը, եւ մեր բոլոր պրոբլեմների պատճառը դա է. այսօր Կենտրոնում` Հերացի փողոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ չի կարող մի կուսակցություն այսքան իշխանություն ունենալ եւ ունենալ այսպիսի ցածր վարկանիշ, որ ունի, եւ որ դա աղետ է մեր երկրի համար:
«Ամենաիդեալական կուսակցությունը լինի, ամենաիդեալական մարդիկ հավաքված լինեն այդ կուսակցության մեջ, միեւնույն է, եթե ամբողջ իշխանությունն իրենցն է, եթե իրենք կարծում են, որ միակ ճիշտն ու ճշմարտացին են, արդեն այդ իշխանության ներսում սկսվում է լճացում, նեխում, ճահճացում, իրենք սկսում են ոչինչ հաշվի չառնել` ո’չ պարզապես հայ մարդու կարծիքը, ո’չ քաղաքացու կարծիքը, ո’չ էլ մյուս քաղաքական ուժերի: Այս քաղաքական մենաշնորհը պետք է կոտրել»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչը մի պարզ օրինակ բերեց` հիշեցնելով այն ժամանակները, երբ բջջային կապի ոլորտում գործում էր միայն «Արմենտել» ընկերությունը` կար մենաշնորհ.
«Կապի խայտառակ որակ էր, խայտառակ գներ էին, եւ բոլորս բողոքում էինք: «ՎիվաՍելը» մտավ շուկա, գներն իջան, մրցակցությունը մեծացավ, որակը լավացավ: Եկավ «Օրանժը», գներն ավելի իջան, որակն ավելի բարձրացավ, եւ մարդիկ ընտրելու հնարավորություն ստացան: Նույնը քաղաքական դաշտում է, ոչ մի տարբերություն չկա: Եթե մի կուսակցություն ամբողջի տերն է, ապա իրենք իրենց ներկայացուցիչներին կմեծացնեն, կաստվածացնեն` չեղած տեղը, կսարքեն ինչ ուզեք: Բայց երբ իշխանությունը բաժանվում է, սկսվում է մրցակցություն, հակակշիռ, ուժերն իրար հսկում ու զսպում են»,- ներկայացրեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:
Այս օրինակով Աղվան Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ասաց, որ Երեւանի ավագանու այս ընտրությունները առիթ են` Երեւանում ընդդիմադիր ղեկավարություն ունենալու համար, եւ նշեց, որ Երեւանի ավագանու կեսից ավելին պետք է լինեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«Ես ձեզ երաշխավորում եմ, որ ՀՅԴ իշխանությունը Երեւանում կզսպի ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, ու նրանք ստիպված կլինեն մեզ հետ, ժողովրդի հետ հաշվի նստել»,- խոստացավ Աղվան Վարդանյանը:
Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանին մոտեցավ Հերացի փողոցի բնակիչներից մեկը ու բողոքեց աղբահանության խնդիրներից` նշելով, որ առնետներն իրենց օր ու արեւ չեն տալիս, բայց քաղաքային իշխանությունների պետքն էլ չէ …