կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-17 14:56
Քաղաքական

Ընտրողների ցուցակները կանխամտածված խառնում են

Ընտրողների ցուցակները կանխամտածված խառնում են

Այսօր yerkir.am-ի խմբագրություն էր զանգահարել Երեւանի Այգեստան փողոցի բնակիչներից մեկը: Նա հայտնեց, որ իրենց անունները ընտրական ցուցակներից տեղափոխվել են այլ ցուցակներ:

 

Մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ ինքն ու իր հարեւանները` թվով մոտ 80 հոգի, իրենց ամբողջ կյանքում հաշվառված են եղել ու բնակվել են Այգեստանում ու իրենց գիտակցական կյանքի ընթացքում` ընդհուպ մինչեւ վերջին` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտությունները, միշտ քվեարկության են գնացել իրենց թաղամասում գտնվող թիվ 10/10 ընտրատեղամասում: Սակայն մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրությունների համար ընտրողների ցուցակներին ծանոթանալիս հանկարծ հայտնաբերել են, որ այս ընտրությունների ժամանակ իրենց անունները տեղ են գտել ոչ թե իրենց համար սովորական` 10/10, այլ Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող 10/1 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում:

 

Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, ԿԸՀ-ից ասել են, որ ընտրողների ռեգիստրը վարվում է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, բայց նաեւ նշել, թե քանի որ Երեւանն այս ընտրությանը միամանդատ է, իրավունք է վերապահված այդպիսի փոփոխություն կատարել: Այդ դեպքում քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների իրենց տարածքային բաժիններ ու խնդրել, որ իրենց անունները տեղափոխեն իրենց բնակության տարածքում գտնվող ընտրատեղամասի ընտրողների ցուցակ:

 

Իսկ իրականում, թե ինչ նշանակություն ունեն նման փոփոխությունները ընտրողների ցուցակներում, որոնք վերաբերում են ոչ թե ընտրելու իրավունք նոր ստացած կամ ինչ-որ այլ տեղից տվյալ տարածք բնակության տեղափոխված անձանց, այլ միշտ այդ տարածքում բնակված, միշտ նույն ընտրատեղամասում քվեարկած մարդկանց, կարելի է կռահել…