կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 12:34
Առանց Կատեգորիա

Կոչ են անում երկարացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողի մանդատը

Կոչ են անում երկարացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողի մանդատը

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, նախկին քաղբանտարկյալներ դիմել են ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին` կոչ անելով երկարացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողի մանդատը. տեղեկացնում է Turan գործակալությունը:

 

Ուղերձում նշվում է, որ հունվարի 23-ին «Ադրբեջանի իշխանությունների կասկածելի լոբբիստական գործունեության արդյունքում» մերժվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձեւի նախագիծը, քանի որ դեմ քվեարկեցին ԵԽԽՎ 125 անդամներ: Անհանգստացնող է նաեւ այն, որ  բանաձեւի նախագծին դեմ քվեարկողներից էին ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Արգամունտը եւ Ջոզեֆ Գրեխը, որոնց վերջին 2 տարիների ընթացքում ներկայացվել են Ադրբեջանում քաղբանտարկյալների եւ հետապնդումների մասին նյութեր, սակայն նրանք դրանք չեն հետաքննել:

 

Ուղերձի հեղինակներն անարդարզցի են համարում նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի զեկույցի մերժումը, քանի որ դա աջակցությունից զրկում է այն մարդկանց, ովքեր տառապում են բռնություններից:

 

«Դա նվազեցնում է Ադրբեջանի քաղաքացիների վստահությունը ԵԽԽՎ-ի նկատմամբ: Բացի դրանից` ԵԽԽՎ-ի նման մոտեցումը խթանում է իշխանությունների կողմից նոր քաղաքական բռնություններ եւ քաղբանտարկյալների թվի աճ վերջին երկու ամիսներին»,- ասվում է փաստաթղթում:

 

Նամակի հեղինակները խնդրում են երկարացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողի մանդատը,  փոխել Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին, նաեւ 2013-ի հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, որպես դիտորդ, չուղարկել այն պատգամավորների, ովքեր դեմ էին քվեարկել քաղբանտարկյալների մասին բանաձեւին:

 

Նամակի պատճենն ուղարկվել է նաեւ Քրստոֆեր Շտրասերին, ԵԽ նախագահ Թորբյորն Յագլանդին, ԵԽ նախարարների հանձնաժողովի ղեկավար Հիլբերտ Սունիեին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին, ԵԽԽՎ անդամների: