կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 18:20
Առանց Կատեգորիա

Հովհաննիսյան-Սարգսյան բանակցությունները սկսվել են

Հովհաննիսյան-Սարգսյան բանակցությունները սկսվել են

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել էր վերահսկողական բնույթի` մոտ մեկ տասնյակից ավելի պաշտոններում նշանակումներ կատարելու փաստացի իրավունքն իրեն տրամադրել` դա ներկայացնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համատեքստում: Պարզ էր, որ այդ պահանջը ներկայացվել էր հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանին ընտրակեղծիքներ իրականացնելու վարչական ռեսուրսից զրկելու նպատակով: Սակայն, փաստացի վերստին մերժելով արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու այս առաջարկը, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց բանակցել ակնկալվող պորտֆելների շուրջ: Նա ակնարկեց, որ սկզբունքորեն դեմ չէ այդ տարբերակին, եթե օրակարգից հանվեն արտահերթ ընտրությունների պահանջները: Դրանից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Պետական կառույցներում ընդդիմությունը պետք է կարողանա ընդգրկված լինել, բայց դա կոալիցիա չէ։ Մեր մոտեցումն այն է, որ կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին»։

 

Ուշադրություն դարձնենք` խոսքը գնում է պետական կառավարման համակարգին` որպես ընդդիմություն մաս կազմելու, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների կամ իշխանությունն ամբողջությամբ վերցնելու մասին: Դա առաջին ազդակն էր առ այն, որ Հովհաննիսյանը պատրաստ է վերանայել իր սկզբունքային դիքորորշումը արտահերթ ընտրությունների անցկացման հարցում, որի մասին հաջորդ իսկ օրը ավելի որոշակի խոսեց անձամբՐաֆֆի Հովհաննիսյանը. «Կա'մ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կա'մ գործող դե ֆակտո իշխանությունը ժողովրդի հետ կգնա իշխանության կիսման, որն արդեն ես ներկայացրել եմ»,- ասաց նա:

 

Ուշադրություն դարձնենք` Հովհաննիսյանը կամ-կամի հարց է առաջ քաշում, մինչդեռ իր նախնական առաջարկներում, ինչպես նաև նախագահին ուղղված պատասխան նամակում խոսում էր առաջարկությունների ամբողջականության, այսինքն` ակնկալվող պաշտոնները նոր ընտրությունների համատեքստում դիտարկելու մասին: Սա այլ կերպ, քան զիջում, ավելի ճիշտ` առաջնահերթությունների վերանայում դժվար է որակել: Պարզ է արդեն, որ խոսքը սկսում է գնալ ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ իշխանությունը կիսելու պայմանների մասին:

 

Միակ սկզբունքային կետը, որտեղ Հովհաննիսյանն առայժմ զիջման չի գնացել, հացադուլից չհրաժարվելն է: Սերժ Սարգսյանին ուղղված նամակում նա առավել քան պարզ հասկացնում է, որ դրանից չի հրաժարվելու անգամ բանակցությունները սկսելու պարագայում. «Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը...»։ Եվ դա հասկանալի է` նման զիջումների գնալու պարագայում, որքան էլ ցինիկ թվա, հացադուլը դառնում է այն հիմնական ճնշման միջոցը, որով Հովհաննիսյանը կարող է Սերժ Սարգսյանին իրական զիջումների պարտադրել:

 

Բոլոր դեպքերում` Րաֆֆի Հովհաննիսյանը մասամբ համաձայնել է խաղն առաջ տանել Սերժ Սարգսյանի սահմանած պայմաններով: Ինչպես ավելի ուշ բացվեցին դեմառդեմ հանդիպման փակագծերը, Հովհաննիսյանին, որպես երրորդ տարբերակ, նախագահն առաջարկել էր. «Այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ ներգրավել իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»: Հարցին` արդյո՞ք խոսքը կոալիցիայի մասին է, նախագահը պատասխանել էր` ոչ: «Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս, և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը»,- ասել էր նախագահը:

 

Փաստացի հիմա Հովհաննիսյանը շարժվում է հենց այս սցենարով` խնդիր ունենալով, սակայն, որևէ կասկած չառաջացնել իր մտադրությունների ազնվության և, այսպես ասած, «ծախված չլինելու» առումով: Եվ դրա համար նա օգտագործում է երկու հիմնական գործոն: Առաջինը` բացառապես վերահսկողական նշանակության պորտֆելներ պահանջելն է, որտեղ, կարծես, գոնե այս պահի դրությամբ, Հովհաննիսյանը զիջման գնալ չի պատրաստվում: Բաց ասուլիսի ընթացքում նրա արած այն պնդումը, թե նախագահը կարող է ներկայացված առաջարկություններից ինչ-որ բան հանել, բայց պայմանով, որ փոխարենը նոր բան առաջարկի, խոսում է հենց դրա մասին:

 

Երկրորդը պրոցեսը կուլիսներ տեղափոխելու` իշխանության թակարդը չընկնելու հարցում ցուցաբերվող զգուշավորությունն է: Հովհաննիսյանը հրաշալի հասկանում է, որ այս գործընթացը գործարքի չվերածելու կամ առնվազն դրա կասկածները չհարուցելու միակ գրավականը բաց, հրապարակային, Ազատության հրապարակի հարթակից իշխանության հետ հաղորդակցվելն է: Այս ամենը առավել քան համոզիչ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցողը զուտ հեռակա նամակագրություն չէ, ինչպես փորձ է արվում մատուցել: Սա կոնկրետ քաղաքական պրոցես է: Ըստ էության` նրանց միջև բանակցություններն արդեն մեկնարկել են, ճիշտ է` ոչ ավանդական ձևաչափով և մեխանիզմներով: Բանակցություններն առայժմ ընթանում են օրակարգի և դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունների ճշգրտման շուրջ: Բայց, անկախ դրանից, սա շատ ավելի առողջ ու քաղաքական երևույթ է, քան այն, ինչի տեղի էր ունենում դրանից առաջ, ընդ որում` երկուստեք:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ