Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան բանակցությունների երկխոսությունը, որը տեւեց մի քանի րոպե` լրագրողների ներկայությամբ:
Սերժ Սարգսյան- Շնորհակալ եմ, որ արձագանքեցիք երկխոսելու իմ բազմաթիվ կոչերին, թեև անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այնուհանդերձ` ուրախ եմ:
Նիկոլ Փաշինյան- Ես կարծում եմ` թյուրըմբռնում կա, որովհետև ես շատ հստակ արձանագրել եմ, խոսքը վերաբերում է ոչ ձեր առաջարկած երկխոսությանը, այլ` խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ` քննարկելու ձեր հրաժարականի պայմանները և իշխանության անցնցում փոխանցման պայմանները:
Սերժ Սարգսյան- Ուրեմն դրանք բանակցություններ չեն, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ` պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից, և եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է: Ընտրեք:
Նիկոլ Փաշինյան- Ընդհանրապես որևէ մեկը մեզ հետ չի համարձակվի ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների լեզվով: Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում ստեղծված վիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեիք 15-20 օր առաջ: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունը անցել է ժողովրդի կողմը:
Սերժ Սարգսյան- Ժողովրդի անունից իրավունք չունի խոսել 7-8 տոկոս տարած խմբակցությունը , և ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք իշխանության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն: Խնդրում եմ, պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետևություններ արեք: