կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-23 10:16
Քաղաքական

Կանադայի դեսպանը` ՀՀ-ում բիզնես-միջավայրի մասին

Կանադայի դեսպանը` ՀՀ-ում բիզնես-միջավայրի մասին

«Առավոտը» զրուցել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քլեբուրն Սլոայի հետ՝ ԼՂ-ի, Սաֆարովի արտահանձնման և ՀՀ-ում բիզնես-միջավայրի մասին:

 

- Պարոն դեսպան, նկատի առնելով այն հանգամանքը, որ Կանադան աոաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը, հավանական տարբերակ համարո՞ւմ եք, որ առաջիկայում Կանադան վերանայի իր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում և այստեղ էլ առավել կոշտ դիրքերից հանդես գա:

 

- Տվյալ պահին ես տեսնում եմ, որ ԼՂ հարցի կարգավորման համար Կանադան բավականին ամուր աջակցում է այն գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կանադան կշարունակի աջակցել Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին: Կանադան կաջակցի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի երկարատև համաձայնագիր: Ես չեմ համարում, որ Կանադան որևէ նախաձեռնություն կձեռնարկի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներից և, առհասարակ, ԵԱՀԿ-ի մանդատից դուրս:

 

- Այն, ինչը տեղի ունեցավ օգոստոսին՝ ԵՄ անդամ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված, չե՞ք կարծում, որ էականորեն փոխեց խնդրի էությունը: Ճիշտ չէ՞, որ այդ իրողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս վերանայի իր մոտեցումները ԼՂ խնդրի հանգուցալուծման վերաբերյալ: Ի դեպ, այդ խնդիրը բարձրացրեց նաև ՀՀ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հայ-կանադական քննարկումների 20-ամյակին նվիրված քննարկման ժամանակ:

 

- Բնականաբար, իմ պարտականությունների մեջ չի մտնում ասել՝ Եվրամիությունը պետք է որևէ քայլեր ձեռնարկի այդ խնդրի հետ կապված, թե ոչ: Բայց ինչպես արդեն նշեցի, Կանադան աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են վստահության կառուցմանը, և չի աջակցելու քայլերին, որոնք ետ են պահելու այդ ուղղությամբ կատարվող գործերից:

 

Սաֆարովի գործարքի վերաբերյալ Կանադայի՝ Ադրբեջանի համար պատասխանատու դեսպանատան կողմից ընդունված հայտարարությունը պարզ արտահայտում է այն դիրքորոշումը, որ Ադրբեջանի այդ քայլը չի նպաստել վստահության կառուցման գործընթացին: Հայտարարության մեջ նշված է. «Մենք քաջալերում ենք բոլոր կողմերին՝ ձեռնարկել միջոցներ, բարձրացնելու համար վստահությունը և կառուցողական մոտեցումներ ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կանադան աջակցում է խաղաղության ներկա գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն առաջ մղել տարածաշրջանային համագործակցությունը»:

 

- Պարոն դեսպան, այդ օրերին բավականին կոշտ հայտարարություններ հնչեցին, սակայն փաստը մնում է արտահանձնման իրողությունը և այն, որ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեցին: Իսկ դա հասարակական շրջանակներում արդեն չի նպաստում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

 

- Ես կարող եմ ասել, որ Կանադան կշարունակի աջակցել այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են փոխվստահության ձևավորմանը, և կդիմադրի այն ամենին, ինչը դրան դեմ է: Բայց ես համոզված եմ, որ այդ գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

 

- Հայ-կանադական հարաբերությունների 20-ամյակին նվիրված քննարկման ժամանակ Դուք տարակուսանք հայտնեցիք, որ միջազգային տնտեսական չափանիշներով Հայաստանը 54-երորդ տեղից բարձրացել է 32-րդ տեղը՝ բիզնես ծավալելու դյուրինության առումով, բայց և հավելեցիք. «Ինչո՞ւ չեն ավելանում ներդրումային հոսքերը, եթե բիզնես ծավալևը այդքան դյուրին է համարվում անաչառ գնահատողի տեսանկյունից»: Ի՞նչ մտահոգություններ ունեք:

 

- Ներդրում անելը բավականին երկարատև գործընթաց է: Համաշխարհային բանկը սահմանել է այն չափանիշները, որոնց անհրաժեշտ է հետևել՝ ներդրումային դաշտ, մթնոլորտ ապահովելու համար: Հայաստանը պետք է հաղորդակցվի ավելի լայն աշխարհի հետ, հետևի աշխարհում ընթացող և արդիական փոփոխություններին: Հենց այդ միտումն է նպաստել, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 54-երորդ հորիզոնականից բարձրանալով 32-րդ հորիզոնական: Բայց շատ կարևոր է միջազգային գործարար շրջանակների հետ առավել լայն հաղորդակցությունը:

 

- Այնուհանդերձ, այդ նույն քննարկման ժամանակ Դուք նկատառում հայտնեցիք, որ Կանադայի կառավարությունը շարունակում է կոչ անել Հայաստանի կառավարությանը՝ առավել բարեհաջող բիզնես-միջավայր ստեղծելու: Ի՞նչ կոնկրետ առաջարկներ ունեք, որո՞նք են, ըստ Ձեզ, այն հիմնական և առաջնային ուղղությունները, որոնք Հայաստանը պետք է բարելավեն:

 

- Ներդրումային միջավայրը պահանջում է շատ տարբեր բաղադրիչներ: Կարևորներից մեկը իրավական համակարգն է: Բանն այն է, որ արտասահմանյան ներդրողները համոզված չեն նրանում, որ Հայաստանում գոյություն ունի ուժեղ իրավական համակարգ: Հայաստանում բիզնես-միջավայրի բարելավման ամենակարևոր բաղադրիչներից են հենց իրավական համակարգի բարեփոխումները, մաքսային և հարկային բարեփոխումները: Եթե հետևում ենք միջազգային կազմակերպությունների հարցումներին՝ Հայաստանը բավականին քայլեր կատարում է, բայց դրանք լիովին և լիարժեք պետք է իրականացվեն:

 

- Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հակադրվելով Ձեզ՝ նկատեց, որ մեր երկրում ներդրումների համար իրավական բավականաչափ եվրոպական միջավայր կա, նաև վկայակոչեց ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ խոշոր ներդրումների դեպքում Հայաստանը պատրաստ է յուրաքանչյուր դեպքի համար առանձին օրենքով սահմանել որոշակի առավելություններ և երաշխիքներ: Այդ առաջարկը պատրաստվո՞ւմ եք ներկայացնել Կանադայի կառավարությանը և գործարար միջավայրին:

 

- Դա բավականաչափ հետաքրքիր միտք է, բայց կանադական ներդրողներին առավել հրապուրում և հետաքրքրում է թափանցիկ կերպով աշխատող ինստիտուցիոնալ համակարգը: Նրանք ուզում են տեսնել ամուր գործող ինստիտուցիոնալ կառույցներ, ամուր գործող մաքսային և հարկային համակարգ՝ նախագահի հրամանների կամ օրենքների վրա հիմնված հանձնարարականների փոխարեն: Եթե նախագահի նպատակն է օրենսդրորեն ապահովել հրապարակայնություն, առաջադեմ փորձի կիրառում և միջազգային ստանդարների պահպանում, սա դրական կդիտվի միջազգային ներդրողների կողմից: