Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիների ընթացքում մենք փորձել ենք բարձրացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, որը ստվերի տոկոսն է, քանի որ տարիներ շարունակ Հայաստանն այս ցուցանիշի առումով հետ էր հարեւաններից. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ կառավարությունը յուրաքանչյուր տարի 0,3-0,4 տոկոս նվազեցնում էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մակարդակը` կիրառելով տարբեր գործիքներ: Արդյունքում` այս տարվա ավարտին կունենանք 23,5 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշ:
Հաջորդ տարի նոր գործիքներ` այս ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ, չեն կիրառվելու, այլ մնալու են միայն այն գործիքները, որոնք մինչ օրս կիրառվել են հարկային վարչարարության առումով:
«Յուրաքանչյուր տարի մենք փորձում էինք ինչ-որ գործիքի միջոցով կարգավորել այս հարցը, բայց այս տարի չենք անելու, ինչը կարեւոր է գործարար միջավայրի համար: Մեկ-երկու տարի այդ աճը եղել է շատ ավելին, քան նախատեսված է եղել մեր գործընկերների կողմից, ուրեմն ավելի կարեւոր է, որ եկող տարի այդ աճը չլինի»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ գործազուրկներին տրվող նպաստները կտրելու հարցին ու նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ նպատակներով էին այդ գումարները տրվում եւ արդյո՞ք հասնում էին իրենց նպատակին:
«Յուրաքանչյուր ծրագիր պետք է գնահատել արդյունավետության տեսանկյունից: Այդ նպաստները տրվում էին, որպեսզի այդ մարդիկ կարողանան նպաստ ստանալու ընթացքում գտնել աշխատանք: Վերլուծությունները ցույց էին տալիս, որ նպաստ ստացողներից ընդամենը վեց տոկոսն էր, որ գտնում էր աշխատանք»,- բացատրեց Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` այս հանգամանքը հաշվի առնելով` ավելի նպատակահարմար է ոչ թե անարդյունավետ ծրագիրը շարունակել, այլ ստեղծել աշխատատեղեր, որ գործազուրկքները կարողանան աշխատել: Իսկ յուրաքանչյուր աշխատատեղի ստեղծում, ինչպես նշեց Գագիկ Մինասյանը, գումարների ներդրում է ենթադրում: Եվ ավելի լավ է աշխատատեղեր ստեղծվեն, ու մարդիկ ստանան ոչ թե 18 հազար դրամ նպաստ, այլ նվազագույն աշխատավարձը գերազանցող աշխատավարձ: