Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/, Յան Քելլիին /ԱՄՆ/ եւ նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը ողջունել է ԱՄՆ համանախագահ Յան Քելլիին, մաղթել նրան հաջողություններ աշխատանքում՝ միաժամանակ բարձր գնահատելով նախկին համանախագահ Ռոբերտ Բրադտկեի ներդրումը խաղաղ կարգավորման գործընթացում:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը, ինչը մեծ վտանգ է հանդիսանում ինչպես խաղաղ գործընթացի, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման համար:
Երկրի ղեկավարն ափսոսանքով է արձանագրել, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտելու առաջարկը Ադրբեջանի կողմից փաստացիորեն անտեսվել է, եւ Բաքուն շարունակում է ամենօրյա խախտումները սահմանի ողջ երկայնքով:
Նախագահը հերթական անգամ վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Արցախը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: