կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-03-19 11:22
Առանց Կատեգորիա

Դոմփ…

Դոմփ…

Հայաստանում կոմունիստների իշխանությունը դեռ չի ավարտվել: Փաստորեն: ՀՀԿ-ն ՀԿԿ-ի, իսկ ավելի ճիշտ՝ ՍՄԿԿ-ի հետնորդն է: Եվ սա բարբաջանք չէ, այլ այս մասին ամենաթափանցիկ ակնարկներ է անում ոչ այլ ոք, քան ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նժդեհը՝ Գարեգին Նժդեհը, փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է: Համենայն դեպս, այդպես է դուրս գալիս, որովհետև անառիկ Սյունիքում ընդդիմացել է Հայաստանի սովետականացմանը:

 

Մի հատ դեղ տվեք՝ խմենք… Վայ, Ռուբեն Հախվերդյա'ն, դու այս ի՞նչ արեցիր: Դու նախ՝ պետք է իմանայիր, որ Սերժ Սարգսյանը ոչ թե Կևորկովի, այլ Պողոսյանի (Պողոսովի) օգնականն է եղել և ապա՝ պիտի լուրջ վարժանքներ անեիր քաղաքականության մեջ, որովհետև քաղաքականությունը լավ երգել չէ, այլ առավել խելացի մարդու գործ: Ու տե'ս, թե քաղաքականության մեջ վարժ ու խելացի մարդը քեզ ինչպես է հակադարձել. «Նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու եւ աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոռ լինել եւ առաջին հերթին նախորդ սերունդների նկատմամբ: Որեւէ մեկը այսօր ճշգրտորեն չի կարող ասել, որ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ինչ կլիներ մեր ճակատագիրը, եթե որեւէ մեկը գիտի, թող ասի» (http://www.aravot.am/2013/03/18/216251/):

 

Եթե Հայաստանը չխորհրդայնանար… Եթե Հայաստանը չխորհրդայնանար, ո'չ Կևորկով կլիներ, ո'չ Պողոսով և ո'չ էլ Պողոսովի օգնական, կոմունիստ ու կոմսոմոլ Սերժ Սարգսյան: Պատկերացրեք՝ եթե Հայաստանը չխորհրդայնանար, Հայաստանում նաև խորհրդային ԿԳԲ չէր լինի, այդ խորհրդային ԿԳԲ-ն էլ Նժդեհին գետնի տակից չէր հանի ու նրա գլուխը չէր ուտի: Եվ, առհասարակ, շատ ավելի դժվար է ասել, թե ինչպիսի Հայաստան կունենայինք, եթե դեպի անկախ Հայաստան սողացող կոմունիզմի գարշահոտությունից սարսափած Արևմուտքը համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիային չհրահրեր ներխուժել իր երեկվա դաշնակից Հայաստան ու խանգարել բոլշևիզմի առաջընթացին: Վերջապես, այո, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի Հայաստան կունենայինք, եթե Գարեգին Նժդեհը, հուսահատ, զենքը վայր չդներ թուրք-բոլշևիկյան երկկողմանի ճնշումների առաջ (խեղճ Գարեգին Նժդեհ, որ դեռ հույս ուներ, թե կոմունիստ ռուսներն իրեն կօգտագործեն թուրքերի դեմ):

 

Սերժ Սարգսյանը Ռուբեն Հախվերդյանին հասկացնում է՝ դու որքան վարժ ես երգի ասպարեզում, նույնքան անվարժ ես քաղաքականության մեջ: Շատ տեղին նկատողություն է: Նման նկատողության չարժանանալու համար մենք չենք փորձի ավելին ասել այստեղ այն մասին, թե էլի ինչեր կարող էին լինել կամ չլինել, եթե Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականին չբոլշևիկացվեր: Կարծում ենք՝ կգտնվեն պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, ովքեր կկարողանան մեր նախագահին առավել հանրամատչելի բացատրել, թե, իրոք, ինչ տեղի կունենար, երթ փառապանծ 11-րդ Կարմիր բանակը չներխուժեր Հայաստան, Արցախը չտար Ադրբեջանին ու Կևորկովներին այնտեղ չբերեր իշխանության:

 

Ասենք նաև, որ Սերժ Սարգսյանի կողմից Արամ Խաչատրյանի անվան հիշատակումը, որպես խորհրդայնացված Հայաստանի նշանակալի ձեռքբերում, այնքան էլ ճիշտ չէ: Բանն այն է, որ մենք շատ ավելի մեծ թվով հանճարներ ենք ունեցել, որոնց գլուխը կերել են նույն այդ բոլշևիկները՝ սրբելով անգամ նրանց գերեզմանների հետքերը:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ