Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնապահպանության նախարարությունը, որը ղեկավարում է Արամ Հարությունյանը, պարզվում է, ամեն ամիս գոնե մի խախտում անում է: Հիշեցնենք 2012թ. վերջին ամենաարտառոց, զավեշտալի, եւ դժգոհություն առաջացրած մրցույթը, որի արդյունքում ՀՀ բնապահպանաության նախարարությունը, խախտելով կանոնադրությունը, անմիջապես հայտարարեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր տեղի համար պայքարող միակ թեկնածուն` Գաբրիել Պողոսյանը (Նոնո), պատասխանել է հարցերին եւ ապահովել 85 տոկոսանոց արդյունք:
Ամենազավեշտալին այն էր, որ Նոնոն հպարտորեն հայտարարեց, որ շատ գոհ է իր պատասխաններից, որից հետո, ոչ ավելի, ոչ պակաս, նշեց, որ ինքն ավարտել է «Ռոստովի պետական համալսարան-ինստիտուտը», իսկ ստացած դիպլոմում գրված մասնագիտությամբ տնտեսագետ է, ինչն, ի դեպ, շատ էր ոգեւորել բնապահպանության նախարարության պաշտոնյաներից մի քանիսին:
Իհարկե, բնապահպան ակտիվիստները, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները անմիջապես իրենց դժգոհությունը եւ զայրույթը հայտնեցին Նոնոյի նշանակման կապակցությամբ եւ անմիջապես հայտարարեցին, որ կասեցնում են իրենց համագործակցությունը վերոհիշյալ արգելոցի հետ: Դե, նախարարությունն էլ, «աքլորի» պահվածք ընդունելով, նախ տարածեց հաղորդագրություն, որով փորձեց պախարակել միջազգային կազմակերպություններին, այնուհետեւ« գլխի ընկնելով, թե ինչ սխալ է թույլ տալիս, Նոնոյին համոզեց ազատման դիմում գրել եւ հրաժարվել պաշտոնից:
Ի՞նչ եղավ հետո: Մրցույթից մի քանի օր անց` դեկտեմբերի 11-ին, ԲՆ մամուլի բաժինը տեղկատվություն տարածեց, թե նախարար Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժ/պ է նշանակվել Հրաչյա Հովակիմյանը` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: «Նշանակումը կատարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով եւ Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Այսպիսով` հենց այս հրամանը առիթ դարձավ եւ հիմք ստեղծեց, որ Հ. Հովակիմյանը 1992-1994 թվականներից (երբ նշանակվեց նույն արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն) երազած իր «բույնը» հյուսի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:
Ի դեպ, 1992-ին նույն արգելոցի տնօրեն էր նշանակվել մասնագիտությամբ քանդակագործ Վաչե Պետրոսյանը, ով նշանակվելուց առաջ հայատարարել էր, որ ինքը շատ է սիրում բնությունը, իսկ «փոքր ժամանակ բանկայի մեջ ձուկ է պահել»:
Հ. Հովակիմյանը արգելոցի տնօրենի պաշտոնը ժամանակավորապես ստանձնելու 3 ամիսների ընթացքում հասցրեց աշխատանքից ազատել արգելոցի մի քանի աշխատողների, իսկ վերջիներս ստիպված բողոք-նամակ գրեցին թե' բնապահպանության նախարարին, թե' ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հովակիմյանը նաեւ հայտատարեց, թե արգելոցում ոչ մի որսագողություն չի լինի, ի դեպ, ինքը որսմիության անդամ է ու զենք-զինամթերքի մեծ սիրահար է: Մինչդեռ, երբ արգելոցի տնօրեն էր քանդակագործ Հ. Պետրոսյանը, իսկ Հովակիմյանը պահպանության գծով նրա տեղակալն էր, միայն 9 ամիսների ընթացքում արգելոցի տարածքում կտրվել էր ավելի քան 700 ծառ: Այդ հանցագործության հայտնաբերումից հետո համապատասխան մարմիները գործ հարուցեցին, աշխատանքից ազատվեց արգելոցի տնօրենը, իսկ Հովակիմյանն արգելոցում եւս 10 ամիս աշխատելուց հետո Արտաշատ-Երեւան ուղիղ չվերթով հայտնվեց «Հայանտառ»-ում եւ 1994-2004 թթ. զբաղեցրեց մի շարք պաշտոններ: Ի դեպ, վերջին տարիներին նա եղել է «Հայանտառ»-ի տնօրենը: Ընդ որում` Հովակիմյանը հարցազրույցներից մեկումհայտարարում է, որ, իր լավ աշխատանքը նկատելով, այն ժամանակվա ՀՀ բնապահպանության նախարարն է իրեն նշանակել այդ պաշտոնին: 2004թ. նա ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետն էր, իսկ 2006-2007թթ.` ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, իսկ մինչ օրս զբաղվելիս է եղել մասնավոր գործունեությամբ:
Պարզվում է, որ Հ. Հովակիմյանը վերջին երեք ամիսներին այնքան է զբաղված եղել, որ անգամ չի հասցրել նախապատրաստվել գալիք մրցույթին: Հարցազրույցներից մեկում նա հայտնել է. «Այնքան զբաղված եմ, որ չեմ հասցնում պարապել: Հնարավոր է` գալիք մրցույթին չհասցնեմ էլ բոլոր տոմսերը սովորել, իսկ մեկ այլ թեկնածու անգիր անի եւ առավելագույն միավորներով դառնա տնօրեն: Սակայն պետք է հաշվի առնեն նաեւ աշխատանքային փորձը. Խոսրովի նման 34 անտառտնտեսությունների տնօրեն եմ եղել, եւ ասեմ, շատ խիստ եմ եղել՝ պահանելով կարգ ու կանոնը: Միեւնույն ժամանակ, իմ աշխատողներին միշտ հարգանքով եմ վերաբերվել. չի եղել ոչ մի աշխատող, որի ծննդյան օրը չհիշեմ»:
Ինչեւէ, երբ արդեն 2013 թվականին ԲՆ-ն հայտարարեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի մասին, մասնակցելու հայտ ներկայացրեց 11 թեկնածու: Բոլորը սպասում էին թեժ պայքարի. թեկնածուներն էին` «Բուրեինյան» պետական արգելոցի (ՌԴ) երկարամյա տնօրեն Ալբերտ Դումիկյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին եւ ներկայիս ժ/պ տնօրենները, ՀԿ ներկայացուցիչ Լուսիկ Կարապետյանը, ում սկեսրայրը, ըստ որոշ տեղեկությունների, հսկում է Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքը եւ այնտեղ այցելող զբոսաշրջիկներից գումարներ գանձում, եւ այլք:
Սակայն մինչ մրցույթը (մարտի 15-ը)` մարտի 13-ին, թեկնածուներից Վահան Դավթյանը (աշխատում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում` որպես քիմիայի բաժնի պետ), իր դիմումի համաձայն, ինքնաբացարկ հայտնեց եւ անհապաղ ընդգրկվեց վերոհիշյալ մրցույթի համար կազմավորված մրցույթային հանձնաժողովում` որպես «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ:
Մրցույթին տարբեր պատճառնեչով չմասնակցեցին Ալբերտ Դումիկյանը Արայիկ Կարապետյանը, Վարդան Մամիկոնյանը:
Պարզից էլ պարզ էր, որ հիմնական մրցակցությունը լինելու է Վարանցով Բարսեղյանի եւ Հրաչյա Հովակիմյանի միջեւ:
Ի դեպ, նախարարի վերջին նորամուծությամբ` մրցույթի ընթացքին չթույլատրվեց հետեւել ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ ակտիվիստներին, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախարարը պատճառաբանել էր, որ նախ` տարածքը փոքր է, հետո` կխանգարեն թեկնածուներին քննություն հանձնել, իսկ մրցույթին կարող են հետեւել կառավարության 3-րդ մասնաշենքի հարեւանության գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանից` համացանցային ուղիղ հեռարձակմամբ: Սակայն, ինչպես ուղիղ հեռարձակումն էր ցույց տալիս, մրցույթային հանձնաժողովի որոշ անդամներ եւ նախարարն էին իրենց բարձրաձայն խոսակցություններով խանգարում թեկնածուներին:
«EcoArmGlo- TV»-ն համացանցում արդեն տարածել է տեսագրություն, որից պարզ երեւում է, որ, օրինակ, Հ. Հովակիմյանն արտագրում է, ինչ-որ թղթից արագ-արագ կարդում պատասխանները եւ հնարավոր 100-ից վաստակում 98,1 միավոր, իսկ Վ. Բարսեղյանը ստանում է 75 միավոր:
Մրցույթային հանձնաժողովի անդամ Վահան Դավթանը Facebook-ի «EcoArmGlo» բնապահպանական խմբում այդ կապակցությամբ գրել է. «Արտագրելու մասին ոչինչ չեմ կարող ասել: Բայց իմ համար տարօրինակ էր, բառ առ բառ ճիշտ պատասխան տալը: Այսինքն` չկար տրամաբանություն, կար անգիր արած վիճակ, կամ…»:
Բացի այդ` մինչ կհասներ Հ. Հովակիմյանի հերթը` հինգերորդն էր, նա նախարարության վարչություններից մեկում ուշի ուշով հետեւում էր համացանցով եթեր հեռարձակվող քննությունների ընթացքին: Ի՞նչ եք կարծում դա խախտում չէ, երբ թեկնածուն լսում է, թե մյուս թեկանածուներն ինչպես են պատասխանում հարցերին, չէ՞ որ կարող էր այնպես լիներ, որ հարցերը կարող են կրկնվել:
Խոսակցություններ են շրջանառվում, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթ-ներկայացման սցենարը գրվել է հեռախոսազանգերի միջոցով` բնապահպանության նախարարությունում: Այդ ամենին օգնել է մրցույթի քննասենյակում տեղադրված համակարգիչը, որն այդ օրը «ղեկավարում էր» ՀՀ ԲՆ անձնակազմի կառավարման բաժին պետ Մերի Բաբայանը:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Մանրամասն՝ տեսանյութում