Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչու ԱԺ նիստին չի մասնակցում Սեյրան Օհանյանը, որտեղ քննարկվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու հարցը:
«Թե ինչով է պայմանավորված այս չստացված շրջիկ թատրոնին մեր մասնակցությունը, ես կարծում եմ՝ պարոն Օհանյանը երեկվա իր ուղերձում շատ հստակ դրան անդրադարձ է կատարել, ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը: Այսօրվա բարդագույն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը՝ չմասնակցել այս բեմականացմանը եւ թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղելու համար: Մենք դա թույլ տալ չենք կարող: Կարող եք արձանագրել, որ մեր բացակայության պայմաններում այն բեկամանացված շոուն, որ փորձում էին ստանալ իշխանությունները, այդքան էլ հաջող չի ստացվում»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ իրեն զարմացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վկաների ցուցմունքներ հրապարակելը, տարբեր անձանց քրեադատավարական կարգավիճակներ հրապարակելը․
«Ինքը մեկ ասում է՝ իրավունք չունի այլոց մասով մանրամասներ ներկայացնելու, քանի որ Սեյրան Օհանյանի գործով է եկել, բայց այլոց քրեադատավարական կարգավիճակներ է հրապարակում: Ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի: Ես հասկանում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են հասարակության համար հանրամատչելի մատուցել, թե ինչպիսի «մեծագույն հանցանքներ» է գործել Սեյրան Օհանյանը: Բայց մի փաստ եմ ուզում արձանագրել՝ նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություն է գտնվում, այստեղ փորձում էին ներկայացնել, որ գործող զորամաս է եղել Նախիջևանի սահմանին, որ օտարվել է, փողեր են աշխատել, բանկում գրավադրել են և այլն: Եթե չեմ սխալվում 5 պատգամավոր իր հարցադրումներում շեշտում էր, որ, փաստորեն, Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել: Այո, և՛ ինքը, և՛ Արմեն Չարչյանը իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետի կիրռումից և այս ներկայացումն այսօր չէր լինի, չէր լինի իրավական ու քաղաքական քաշքշոցը, որ այսօր իրականացնում են իշխանությունները»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ վաճառվե՞լ է զորամասի հողամասերը, թե՝ ոչ, պատգամավորը ասաց. «Ես չեմ խորանալու գործի դետալների մեջ: Խոսքը գործող զորամասի մասին չի եղել: Այլ մանրամասներ կարող եք ճշտել պարոն Օահանյանից և իր փաստաբաններից։ Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ շատ բան է վաճառվել, դրանից հետո էլ է վաճառվել, դրանից առաջ էլ է վաճառվել, հիմա էլ է վաճառվել: Խոսքը հանցանքի մասին է, իսկ Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրում առկա կարևոր խնդիրներից, մասնավորապես, խլացնել Վարդենիսում զոհված 15 տղաների ձայնը:
Ագնեսա Խամոյանը նաև նշեց, որ այսօր ժամը 14։30-ին բանակում իրական խնդիրների վերաբերյալ ԱԺ նիստում տեղի է ունենալու փակ քննարկում պաշտպանության նախարարի մասնակցությամբ․ «Հանրության շրջանում հայտնի, այսպես կոչված, հրթիռների մասին է խոսքը»,-ասաց նա։