Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 3-ին Փոքր թատրոնի բեմում «ՀայՖեստի» շրջանակներում տեղի կունենա հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խմբի «Մի լքիր ինձ» ներկայացման պրեմիերան: Ներառական պարային խումբը ձևավորվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում և գործում է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին կից: «Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում է Երևանում բրիտանական դեսպանատունը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ ավելի քան մեկ տարի է, ինչ անցկացվում են պարապունքներն ու փորձերը: Ծրագիրը մեկնարկել է 2013-ի նոյեմբերից, երբ չորս հայ պարուսույց մասնակցել են վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբում, որից հետո Հայաստանում անցկացված հինգ դասընթացների արդյունքում ընտրվել են առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խմբի անդամները:
«Սա ոչ թե ծրագիր է, այլ գաղափար, քանի որ մենք ցանկանում ենք կոտրել կարծրատիպերը արվեստի և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ: Եթե մարդ երազանք ունի` հաշմանդամությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ` այն իրագործելու համար»,- ասաց Սարիբեկյանը:
Ներկայացման ժամանակ հանրահայտ «Ne Me Quitte Pas» երգի տարբեր մեկնաբանությունների ներքո կբեմադրվեն փոքրիկ պատմություններ: Ներկայացման մեջ ընդգրկված ութ պարողներից չորսը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, իսկ մյուս չորսը՝ պրոֆեսիոնալ պարողներ:
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչն էլ նշեց, որ հաշմանդամություն ունենալը չպետք է խանգարի տաղանդի դրսևորմանը. «Ծրագիրն, իրոք, կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձինք` անկախ իրենց հնարավորություններից, չպետք է սահմանափակումների առջև կանգնեն»:
Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Մի լքիր ինձ» ներառական պարային ներկայացման մտահղացման և բեմադրության հեղինակ Վահան Բադալյանը հպարտ է, որ Հայաստանում իրենք առաջինն են, որ ներառական պարային ներկայացմամբ են հանդես գալու:
«Աշխատանքային պրոցեսը շատ հետաքրքիր էր, հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է արվեստն ազդում հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհայացքի վրա, ինչպես են նրանք յուրաքանչյուր պարապմունքից հետո կյանքը տեսնում ուրիշ գույներով»,-ասաց Բադալյանը` հավելելով, որ ներկայացման ժամանակ պարին զուգահեռ հնչում են փոքր հատվածներ դերասանների հետ արված հարցազրույցներից:
Հայաստան է ժամանել նաև «Կանդուկո» ներառական պարային խմբի պարուսույց Վիկտորյա Մալինը, ով ներկայացման դերասանների հետ անցկացրել է վարպետության դասընթացներ և աշխատել պարային բեմադրության վրա: Մալինը նշեց, որ մասնակիցները բավականին տաղանդավոր էին և յուրաքանչյուր պարապմունքից հետո էլ ավելի էին կատարելագործում իրենց շարժումները. «Ներկայացման մեջ ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձանցից երեքն առաջին անգամ էին պարով զբաղվում, և արվեստի հետ շփումը շատ բան փոխեց նրանց մտածելակերպում»:
Ներկայացումը կցուցադրվի նաև հոկտեմբերի 4-ին ու 5-ին Փոքր թատրոնում:
Ի դեպ, ներկայացումը հետագայում կընդգրկվի Փոքր թատրոնի խաղացանկում, իսկ որոշ ժամանակ անց փորձ կարվի հենց այս ներկայացմամբ մասնակցել Մեծ Բրիտանիայի փառատոներից մեկին: