Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան կրթություն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը «քաղաքական պայքարի» մեջ Հոլիվուդ է մտցրել: Սկզբից հերոսը խաղում է խաղի կաններով, որը թելադրում է թշնամին: Հոլիվուդյան «Բռի մեջ» եւ «Փրկագին» ֆիլմերում սյուժեն ծավալվում է հենց այդ սցենարով: Սկզբից բացասական հերոսն ինքն է իրադարձությունների տերը, հետո դրական հերոսն այն վերցնում է իր ձեռքը: Մեր դեպքում թշնամին արդեն հղել է բոլոր շնորհավորանքները, դրանցում ներգրավել, այսպես կոչված, էլիտային՝ Շառլ Ազնավուր, Բարաք Օբամա եւ այլն:
Րաֆֆին հրավիրում եւ ցրում է միտինգներ` ըստ խաղի կանոնների: Խաղի կանոններն ասում են՝ 100-ից ավելի մարդկանց խումբն իրավունք չունի 4 ժամից ավելի հանրահավաք անելու: Եթե դրանք քաղաքապետարանը չի արտոնել, ուրեմն տեղի չեն ունենա: Ոչ ոք չի հասկանում՝ ինչո՞ւ է մարդը ժողովրդին տանում Եռաբլուր, բայց իշխանությունն արդեն գիտի՝ Ազատության հրապարակն այլեւս սպառնալիք չէ: Մարդկանց տանում են Եռաբլուր երթի էֆեկտով: Այսինքն` գլխավորը, որ Ազատության հրապարակում կուտակումներ չլինեն, ոչինչ տեղի չունենա: Իշխանությունը գիտի՝ Րաֆֆու բառապաշարի եւ ժողովրդի ընկալման միջեւ ընդհանուր ոչինչ չկա: Նրանք միմյանց կապող լիցքեր չունեն: Հացադուլը հենց այս լիցքերի բացակայության արդյունք է, որովհետեւ դու ամբողջությամբ գիտակցում ես քո մեկուսացվածությունը: Ու քանի որ մտադիր չես առավել վճռական լինել, կարող ես միայն ինքդ քեզ վերցնել «բռիդ մեջ»: Ժողովրդի հետ ընդհանուր լիցքերից դու մարտի 1-ի հոտ ես առնում, իսկ դա քեզ թույլ չես կարող տալ: Ավելի ճիշտ, այդպես կարող ես համոզել ժողովրդին, որ համախմբվածությունից արյան հոտ է գալիս:
Հոլիվուդյան ավանդույթներով` Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագրավորված ընդդիմություն է, այսինքն` նրա բոլոր քայլերն ինչ-որ մեկի գլխում կան: Այսինքն` նա խաղի մեջ է անելու հենց այն քայլերը, որոնք պիտի անի: Րաֆֆին համակարգչային խաղ է: Ըստ այդ խաղի` Րաֆֆին ամեն ինչ պիտի անի, որպեսզի ժողովուրդը չհասնի 2008-ի մարտի 1-ի «կանդիցիային»: «Հոլիվուդը» նոր զոհեր չի ծրագրել: Այսինքն` այս կինոն զոհեր չունի: Նույնիսկ «Նոր կտակարանը», որ Րաֆֆին բեմադրել է Ազատության հրապարակում (ինքնակամ եւ միակ զոհի էֆեկտը), դարձյալ խաղարկվում է հոլիվուդյան կանոններով, սակայն այն ամբողջությամբ հարմարեցված է «happy end» տրամաբանությանը: Փաստ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեռնի, որովհետեւ այն կոչնչացնի Պահքի իմաստը: Հետեւաբար` նախ պետք է փրկել «happy end»-ը: Այդ «happy end»-ն, ի դեպ, նախատեսում է նաեւ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, որովհետեւ, ըստ սյուժեի, նա Պիղատոսն է, մաքսավորը, քահանայապետը, նրա լեգիտիմությունը զոհի, Ղազարոսի կամ իր եղբոր պարտքերը չներողի առկայությամբ կասկածի ենթակա չէ: Նրանք իրենց կյանքով եւ իրենց կոչումներով ապրողներն են, Պիղատոսն ու քահանայապետը, Ղազարոսն ու եղբայրները ոչնչով միմյանց չեն բացառում: Փաստն այն է, որ այս սյուժեում ժողովուրդը չկա, որովհետեւ նրան ուղղված սպառնալիքները սյուժեում բացառված են, այսինքն` սյուժեն չի ասում, թե ինչ վտանգի առջեւ է կանգնած ժողովուրդը, որ այդ մարդը հացադուլի է դիմել:
Հոլիվուդում միշտ հաղթում է գլխավոր հերոսը: «Այնտեղ» գիտեն՝ այս ժողովուրդն ինքնուրույն ոչինչ չի անի, այլ խոսքով` պետք չէ կիրգիզական վերջին հեղափոխության սցենարը խաղարկել, որի ետեւում ռուսներն էին: Դրա համար անհրաժեշտ է, որ առաջնորդը լինի ոչ թե մարդ, այլ՝ ծրագիր («Մատրիցա» ֆիլմի թույլ էֆեկտներ): Windows-ի հայրենիքում գիտեն, թե ինչպես մարդուն դարձնեն ծրագիր: Հայաստանում այդ ծրագիրը (կամ համակարգչային խաղը) խաղարկվել է հոկտեմբերի 27-ին, երբ իշխանություն չունեցող մի քանի հոգի մտան Ազգային ժողով: Այս անգամ զոհերը չեն լինելու: Հոլիվուդը նաեւ սխալմամբ մահվան դատապարտվածի սյուժեներ ունի, որոնցում, ի վերջո, արդարությունը հաղթանակում է:
Ծրագիրը (կամ համակարգչային խաղը) կենցաղ չունի: Նրա աշխարհն առօրեական չէ, նրա միջի մարդը սեր կամ ատելություն, բարություն կամ չարություն չունի, թեպետ այդ բառերից յուրաքանչյուրը նրա մեջ կա: Դա ծրագիր է, որն ի սկզբանէ կառավարելի է: Այդ ծրագիրը (կամ համակարգչային խաղը) իր մեջ ունի թատրոն, գործող անձինք, գործողությունների ուղղություններ, այդ ծրագրում ապրողներ կամ մեռնողներ չկան, կան դերեր: Սա «Հոլիվուդի» մեծահոգությունն է այս պայքարի նկատմամբ, որտեղ մեռնողներ չկան:
Ի՞նչ շարունակություն կա այս սյուժեում: Ենթադրում եմ, որ, ի վերջո, Սերժ Սարգսյանը կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս, խաղի կանոնների համաձայն, դուրս կգա հացադուլից, թեպետ այդպես էլ չի շնորհավորի «ընտրյալ նախագահին»: Այս սյուժեում լարվածությունն ապահովելու են Րաֆֆի Հովհաննիսյանին հերթով այցելող իշխանությունները, «կոնֆլիկտի» գագաթնակետը Սերժ Սարգսյանի այցելությունն է. բախվում են երկու ուժեր, եւ, ի վերջո, «ողջամիտ փոխզիջումների» համաձայնության հասնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս հացադուլից: Հացադուլը բարով-խերով հաղթահարելու փշրանքներից, ի դեպ, օգտվում է նաեւ կաթողիկոսը: Չէ՞ որ նա էլ էր, ըստ հընթացս խմբագրված սյուժեի, դեր ունեցել հացադուլից դուրս գալու` «Հոլիվուդ» գործողության մեջ: Հարցը այն է՝ կտեսնե՞նք ձեր, այսինքն` ժողովրդի ծափերը, թե՞ ոչ:
Սեյրան Հանոյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: