կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-16 10:09
Քաղաքական

Վատի ու վատագույնի միջեւ. ՛՛Հրապարակ՛՛

Վատի ու վատագույնի միջեւ. ՛՛Հրապարակ՛՛

«Այս օրերին, երբ ՀՀ նախագահը գնում է «Տիզբոն»՝ ռուսական իշխանություններին իր հարգանքի հավաստիքը ներկայացնելու եւ մաքսային ու եվրասիական միություններին անդամագրման պարտավորությունը ստանձնելու, հնարավոր չէ հակառուսական տրամադրություններին տուրք չտալ եւ դեպի Արեւմուտք չթեքվել: Սակայն երեկ Եվրոպայի ժողովրդական կուսակցություն հեղինակավոր կառույցի ղեկավարի հարցազրույցը կարդալով ու նրա գնահատականներին ծանոթանալով՝ ես սկսեցի մտածել, որ Պուտինը չարյաց փոքրագույնն է:

 

Ընդդիմության առաջնորդին ուղղված նրա գնահատականները, ժողովրդի 500 հազար քվեները ստացած թեկնածուին ուղղված սարկազմը, այդ համոզվածությունն ընտրությունների արդարության եւ ՀՀ նախագահի՝ «ձայների մեծամասնություն ստանալու» վերաբերյալ առնվազն տարակուսանքի տեղիք տվեցին: Անկեղծ ասած, եթե չիմանայի, որ հարցազրույց տվողը Վիլֆրիդ Մարտենսն է, կմտածեի, որ Էդուարդ Շարմազանովն է հերթական անգամ իշխանությունների հակառակորդին պատին ծեփել: Անհասկանալի է այս քարտ-բլանշը, որը Եվրոպան տալիս է Սերժ Սարգսյանին: Անհասկանալի է այս վստահությունն իշխանության եւ անվստահությունը ժողովրդի նկատմամբ: Այս անբարեկրթությունը, կոպիտ, «տապոռային» վերաբերմունքը:

 

Ինձ ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձին համարժեք գնահատական են հնչեցրել: Ես կարծում եմ՝ ոչ, Րաֆֆին ընդդիմադիր գործիչ է՝ էքստրեմալ վիճակում հայտնված եւ իր բազմաշերտ էլեկտորատի առաջ պատասխանատու, նրանց քվեները չկորցնելու մտահոգությամբ առաջնորդվող: Նա կարող է լինել փոքր-ինչ անտակտ, փոքր-ինչ նեղացած ու անբարեկիրթ: Եվրոպական կառույցի ղեկավարն այդ իրավունքը չունի: Նրա պահվածքը ոչ թե Րաֆֆու դեմ է, այլ մի ողջ ժողովրդի, որի զգացմունքները վիրավորելու իրավունք ոչ ոք չունի»,- գրում է «Հրապարակ»-ի խմբագիրը: