Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Գիդո Վեստերվելեի հանդիպումը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը և սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ:
Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշել է, որ անկախությունից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել և ընդլայնվել։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան: Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին: «Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, և այդ ձևաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասել է նախարար Նալբանդյանը:
Նախարարները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ակտիվ են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը:
Զրուցակիցները արծարծել են նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ են կատարել կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, պայմանավորվել` շարունակել պարբերական հանդիպումները՝ թե' փոխադարձ այցելությունների, թե' բազմակողմ համաժողովների շրջանակներում:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին։
Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և ողջունեց Բունդեսթագի պատգամավորների կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի արդյունավետ այցելությունը Հայաստան։
Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Աթենք: