կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 21:54
Աշխարհ

ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով տարածվել էր հետևյալ հայտարարությունը.

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի և ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ կողմերը համաձայնել են հետևյալ քայլերին.

1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:

2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։

3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»: