կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 18:00
Առանց Կատեգորիա

Ո՞րն է ընդդիմության էլեկտորատը

Ո՞րն է ընդդիմության էլեկտորատը

Հետընտրական այս օրերին Հանրապետական կուսակցության անդամները եւ Սերժ Սարգսյանի կողմնակից գործիչները օկուպացրել են եթերը, եւ ժողովրդին բաժանում են իշխանականի ու ընդդիմադիրի, իսկ ավելի ճիշտ՝ հարուստ ու աղքատ ընտրազանգվածների:

 

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 37 տոկոսի մասին` ասում են, որ նրանք ժողովրդի՝ սոցիալապես անապահով մասն են, ովքեր «դեռեւս» հույս չեն կապում Սերժ Սարգսյանի հետ: Իհարկե, այդ 37 տոկոսը համընկնում է աղքատների պաշտոնական թվին, սակայն, միայն այս ուղղությամբ տանելով թեման, նրանք փորձում են իշխանությանը ազատել երկրում առկա բազմաթիվ այլ խնդիրների նկատմամբ պատասխանատվությունից:

 

Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել է ընդդիմադիր էլեկտորատը, իսկ այնտեղ միայն աղքատները չեն, նրանք գուցե հիմնական մասն էլ չեն կազմում: Իհարկե, շատ են մարդիկ, որոնց սոցիալական դրությունը տարեցտարի նկատելիորեն վատանում է, սակայն շատ են նաեւ մարդիկ, ովքեր պարզապես հոգնել են կառավարման այս որակից, արդարադատության համակարգից (արդարադատության նախարարն ինքը երրորդ տարին անընդմեջ խոստովանում է, որ դեռեւս կա 85 տոկոս անվստահություն դատարանների նկատմամբ` չնայած մշտապես հայտարարվում է բարեփոխումների մասին), գործարարներ, որոնք հոգնել են մաքսային ու հարկային քաղաքականությունից: Րաֆֆի Հովհաննիսյանին են ընտրել մարդու իրավունքների զանազան խախտումներից, այլեւս անվտանգության խնդիր օլիգարխներից, մենաշնորհներից, տեղական բդեշխ դարձած մարզպետերից, քաղաքապետերից ու գյուղապետերից, հղփացած կուսակցականներից հոգնած մարդիկ, իսկ նրանք միայն աղքատները չեն:

 

Ընդդիմության հանրահավաքներում այսօր չկա ջարդել-փշրելու եկած մասսան, նա այն ժամանակ է գալիս, երբ տեսնում է դեպի արյուն գնալու պատրաստակամություն: Հանրահավաքներում սոցիալապես խոցելի մարդիկ քիչ չեն, բայց բազմաթիվ են արվեստագետները, գործարարները, հասարակությանը հայտնի դեմքերը, որոնց գոնե մենք, որպես աղքատի, չենք ճանաչում: Եվ վերջապես` Վարդան Պետրոսյանը կամ Ռուբեն Հախվերդյանը աղքատ մարդկանց թվում չեն: Ամենուր բախվելով անարդարությունների հետ` միակ բանը, որ մնում է այդ մարդկանց անել, փողոցում պայքարելն է եւ միանալ պայքարող ուժին:

 

Հանրապետականների մտածողությամբ կնշանակի` Սերժ Սարգսյանին ձայն են տվել ՀՀԿ եւ ՕԵԿ անդամները եւ նրանց ընտանիքների անդամները, այսինքն` ձայն են տվել` ելնելով կուսակցական պատասխանատվությունից, նաեւ վարչական ռեսուրսը, որը եւս մեծ մասամբ նույն կուսակցական սկզբունքով է կազմված: Այլապես ստացվում է, որ մեր երկրում աղքատների նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, հարուստներինը՝ Սերժ Սարգսյանը: Իհարկե, ոչ, այնպես չէ, որ Հայաստանը բաժանված է հարուստ ու աղքատ ընտրատարածքների: Կան բազմաթիվ գյուղեր, որոնցում մասնակցության 80-100 տոկոս է ապահովվել, Սերժ Սարգսյանի օգտին՝ 90-100 տոկոս ձայն:

 

Նույն հանրապետականների տրամաբայնությամբ` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, Արագածոտնի Ավշեն,Կանիաշին, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Ջամշլու, Սադունց, Սիփան, Դիան, Թլիկ, Հակո, Սորիկ, Օթեւան, Գեղարքունիքի Ավազան, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Քաշունի, Վանեք, Վահրավար եւ 400 այլ համայնքներում, որոնք մասսայաբար քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, աղքատ մարդ չկա՞: Իսկ մենք գիտենք, որ մանավանդ Գեղարքունիքի եւ Արագածոտնի այդ շրջաններում հարուստ է համարվում այն մարդը, ով տանը ընդամենը ունի արտասահմանյան արտադրության հեռուստացույց:

 

Եթե այսքանից հետո անգամ պնդելու եք, թե միայն աղքատ խավն է ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրեմն դարձյալ ազնիվ չեք թվերի մեջ. եթե պաշտոնական թվերով աղքատների թիվը 36 տոկոս է, ոչ պաշտոնական թիվը, ըստ վերլուծաբանների գնահատականի, գերազանցում է 70 տոկոսը: Ստացվում է, որ ընտրության արդյունքները կեղծված են, եւ դա ակամա խոստովանում են իշխանահաճո սազանդարները:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ