կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 14:55
Առանց Կատեգորիա

Էլեկտորատը նախիր չէ

Էլեկտորատը նախիր չէ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` դեկտեմբերի 12-ի «պատմական» որոշումից հետո ակնկալվում էր, որ այս կուսակցության հատկապես խիստ ակտիվ գործիչները մի որոշ ժամանակ լուռ կմնան` հանրության ուշադրությունն իրենց վրայից և մանավանդ` իրենց որոշումից շեղելու համար, մի բան, որ հաստատ իրենց օգտին էր լինելու, մանավանդ` եթե նկատի ունենանք շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ԲՀԿ-ն իբրև կուսակցություն լուծարվելու է և հանրային կյանքում որևէ այլ դերակատարություն եթե ստանձնելու էլ է, ապա սոսկ հասարակական կազմակերպության կարգավիճակով:

 

Խնդիրն ամենևին այն չէ, թե այդ լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը. խնդիրն այս կուսակցության` հանրության կողմից հենց այյդպես` իբրև հասարակական կազմակերպություն ընկալման ձևավորումն ու խորացումն է, որն, ի դեպ, ավելի դժվար է փոխելը, քան իրավաբանական կարգավիճակը:

 

Այսքանից հետո, ահա, երբ այս կուսակցության ֆունկցիոներները շարունակում են հանդես գալ նախկին ոճով, նախկին հոխորտալից տոնով ու կտրական գնահատականներով, ուղղակի ապշում ես. մի՞թե սրանք դեռ այնքան «տաք» են, որ չեն ըմբռնել, թե ինչ է կատարվել իրենց կուսակցության հետ, մի՞թե չեն հասկացել, որ շարունակել հանրությանը ներկայանալ իբրև այլընտրանք ու հոխորտալ որպես այդպիսին` նշանակում է բացարձակապես բանի տեղ չդնել նույն հանրությանը, վերջինիս համարել իր այնպիսի սեփականությունը, ինչպիսին է, ասենք, Երևանի կոնյակի գործարանն իր սեփականատիրոջ համար:

 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե կուսակցությունում որոշում կա՞` ինչպես է առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկելու ընտրողների իրենց զանգվածը, այսօր ասել է, որ երբ հայտնի դառնան գալիք նախագահական ընտրություններում նախագահի բոլոր թեկնածուները, այդ ժամանակ էլ իմաստ կունենա խոսել ԲՀԿ-ի էլեկտորատին ուղղորդելու մասին:

 

Տիկին Զոհրաբյանի պատասխանն, անշուշտ, խորիմաստ է. նա ուզում է պահպանել իր կուսակցության այլընտրանքայնության իմիջը` հասկացնելով, որ նախագահի թեկնածուներից մեկի` Սերժ Սարգսյանի հայտնի լինելու պարագայում եթե իրենք չեն խոսում նրան սատարելու մասին, այլ սպասում են թեկնածուների ցանկի որոշակիանալուն, ուրեմն ԲՀԿ-ն հաստատ իշխանությունների հետ չի գնում նախագահական ընտրությունների: Սակայն, խորիմաստ լինելու հետ մեկտեղ, Զոհրաբյանի պատասխանը տարօրինակ է, որովհետև գրեթե ուղղակի հակասության մեջ է մտնում իր կուսակցության վերջին որոշման այն կետի հետ, ըստ որի` ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում չի սատարելու որևէ մեկին: Ի՞նչ է նշանակում` չի սատարելու, բայց ուղղորդելու է: Վերջին հաշվով` էլ ինչո՞վ էր իրողություն դառնալու սատարումը, մի՞թե ոչ հենց ուղղորդմամբ:

 

Անտարակույս, միայն տկարամիտները կարող են չհասկանալ, որ «չսատարելու» կետով ԲՀԿ-ն փորձել էր փրկել իր «այլընտրանքային» դեմքը, սակայն դա անհնար է հենց միայն այն պատճառով, որ չառաջադրելով սեփական թեկնածուի` ԲՀԿ-ն ամենամեծ սատարումն է բերել իշխող կուսակցությանն ու նրա առաջնորդին: Վկան` այն բոլոր «հարգալից» գնահատականները, որ ԲՀԿ-ի վերջին որոշման կապակցությամբ արտահայտել է ՀՀԿ վերնախավը, մասնավորապես Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը: «Հարգանքների» հեղեղը շարունակվում է: Վերջիններս «հարգում» են ԲՀԿ-ի որոշումը` մեծահոգաբար թողնելով, որ ԲՀԿ-ն որոշի հարգանքի անխառն մաքրությունը:

 

Իսկ արդյո՞ք հարգում է ԲՀԿ-ն իր հարյուրհազարավոր կուսակիցներին, որոնք հատկապես վերջին ամիսներին տոգորվել էին նախագահական ընտրություններում բարձր հնարավորություններով սեփական թեկնածու ունենալու մտայնությամբ, այդ մտայնությունը վերածել հստակ գաղափարի, ապա նաև` սրտատրոփ սպասման, որի վրա, սակայն, ԲՀԿ-ն սառը ջուր է լցնում: Ինչպես ակնհայտ է դառնում Ն. Զոհրաբյանի վերոբերյալ արձագանքից, ԲՀԿ-ն իր էլեկտորատին այնքան էլ չի հարգում: Ավելին` ԲՀԿ-ն դեռ վստահ է, որ իր ազդեցությունն այդ էլեկտորատի վրա այնքան մեծ է, որ ցանկացած պահի ինքը կարող է նաև «ուղղորդել» նրան:

 

Բայց ԲՀԿ-ի էլեկտորատը, որքան էլ խայտաբղետ ու տարամակարդակ, այնուամենայնիվ հո նախի՞ր չէ, որ ցանկացած ժամանակ հնարավոր լինի «ուղղորդել», մանավանդ եթե «ուղղորդողներն» արդեն կորցրել են «նախիրը» ղեկավարելու ոչ միայն քաղաքական լծակները, այլև բարոյական իրավունքը:

 

Էլ չասած այն մասին, որ «նախրի» մեջ էլ արդեն բացակայում է հորթային նախկին հրճվանքն ու սպասումը:

 

Լևոն Սարգսյան