Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն մի քանի անգամ հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ներկայացնելով ընդդիմության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթ եւ, ըստ էության, պահանջելով ԱԺ արտահերթ նիստ:
Օրերս, սակայն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջն իր նախաձեռնությունը չէ եւ չի արտահայտում իր տեսակետը: Հովհաննիսյանի այս հայտարարությունը մի շարք մեկնաբանություններիկ տեղիք տվեց:
Պարզվում է` այս հայտարարությունից հետո «Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչներն այլեւս չեն հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` չնայած ուրբաթ օրը ԱԺ ավանդական ճեպազրույցում նշում էին, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կրկին հանդիպում կլինի եւ պարզ կդառնա` հրավիրվելո՞ւ է ԱԺ արտահերթ նիստ, թե՞ ոչ:
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն իրավիճակ է փոխել բանակցային գործընթացում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մենք այդ կուսակցության հետ ենք բանակցում: Եթե այդ կուսակցության լիդերը հայտարարում է, որ բանակցությունների հետ կապ չունի, կարծում եմ, որ ֆորմատների փոփոխության անհրաժեշտություն կլինի: Վերջին հաշվով` սա կուսակցության քաղաքական մոտեցումների հարցն է, եւ եթե կուսակցության լիդերը տրամաբանորեն գոնե մասնակից չի դառնում, դա հիմք կհանդիսանա, որ կա'մ բանակցության ֆորմատը փոխվի, կա'մ դրանք դադարեցվեն, կա'մ էլ շարունակվեն: Մենք «Ժառանգությունից» հավասարակշռված պատասխանների ենք սպասում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ խնդրի կապակցությամբ խոսակցություն չեն ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, եւ հավելեց, որ նրանք տրամաբանորեն պետք է առաջարկեն, թե ինչ են ուզում, ինչ սկզբունքներով, որ բանակցությունները շարունակվեն: «Մենք գնացել ենք երկխոսության եւ պատրաստ ենք շարունակել, մնում է, որ իրենք ներկայացնեն, թե, վերջին հաշվով, ինչը ինչպես եւ ինչի համար: Եթե մենք պետք է երկխոսության գնանք, համաձայնության գանք, եւ «Ժառանգության» լիդերն ասի, որ` ես դրա հետ գործ չունեմ, դա քաղաքական դաշտի յուրահատկություններից մեկը չի կարող համարվել: Երկխոսությունը ենթադրում է, որ կուսակցության վարչությունը, կուսակցության լիդերը միանվագ հայտարարեն, որ բանակցությունների արդյունքում ինչ ձեւավորվեց` իրենք տեր են: Այլապես բանակցություն չի կարող լինել: Համաձայնություն ձեռք բերվի, որ ասեն` տեր չե՞նք, այսինքն` անիմաստ գործընթացների անհրաժեշտություն չկա»,- նշեց Սահակյանը: