կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 18:13
Քաղաքական

Ադրբեջանցիները փորձել են խանգարել ՀՅԴ Հայ Դատի կազմակերպած միջոցառումը

Ադրբեջանցիները փորձել են խանգարել ՀՅԴ Հայ Դատի կազմակերպած միջոցառումը

Արտառոց դեպք է տեղի ունեցել ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի սպանդի 25-ամյակին նվիրված` ՀՅԴ Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ: yerkir.am-ը այս դեպքի առթիվ զրուցեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: նա մեզ հայտնեց, որ ադրբեջանցիների մի զույգ` տղա եւ աղջիկ, ովքեր բնակվում են Ֆրանսիայում, ինչ-ինչ ճանապարհներով մուտք են գործել այն դահլիճ, որտեղ անցկացվել է միջոցառումը, եւ փորձել սադրել միջոցառման մասնակիցներին:

 

Մասնավորապես` երբ միջոցառման հաղորդավարուհին ներկաներից խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը, ադրբեջանցիները ոտքի չեն կանգնել ու հայտարարել են, որ կհարգեն միայն Խոջալուի զոհերի գհիշատակը: Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատու Հրաչյա Վարժապետյանը մոտեցել է նրանց ու ասել, որ եթե պետք է խանգարեն, ապա թող դուրս գան դահլիճից, ինչին ի պատասխան տղան Հրաչյա Վարժապետյանին խփելու փորձ է արել, մասնակիցներից մի քանի հոգի պատասխանել են նրան, ինչից հետո քաշքշուկին միջամտել է ոստիկանությունը:

 

Դրանից արդեն 5 րոպե անց Ադրբեջանի դեսպանն է այցելել Ֆրանսիայի խորհրդարան, եւ այնտեղ են եղել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

«Ադրբեջանի դեսպանի եւ լրագրողների շատ շուտ` բառիս բուն իմաստով 5 րոպե անց տեղ հասնելը վկայում է այն մասին, որ սա նախապես ծրագրված քայլ է եղել: Այժմ Փարիզի գրասենյակը դատ է բացել այդ երկու ադրբեջանցիների դեմ, իսկ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են դատ հարուցել Հայ Դատի հանձնախմբի դեմ: Եվ ինչքանով որ տեղյակ եմ` Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունն էլ դիմել է Ֆրանսիայի արտգործնախարարություն, բայց բողոքել է նաեւ ադրբեջանական դեսպանատունը»,- yerkir.am-ին տեղեկացրեց Կիրո Մանոյանը:

 

Նա ասաց նաեւ, թե ոստիկանությունը, կարծես, հաստատված է համարել փաստը, որ այս միջադեպը նախապես պլանավորված սադրանք է եղել Ադրբեջանի դեսպանության կողմից, թեեւ այս դեպքում Ադրբեջանի դեսպանությունը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, եւ հենց դրա համար էլ դատական հայցը ներկայացվել է խառնակիչ անհատների դեմ, ովքեր ֆրանսիա-ադրբեջանական կազմակերպություններ են ներկայացնում: Մանոյանը հաղորդեց, որ դեռեւս պարզ չէ նաեւ, թե ինչպես են ադրբեջանցիները հաջողացրել մուտք գործել խորհրդարանի շենք, քանի որ նրանց անունները չի եղել հյուրերի ցուցակում եւ նրանք, նույնիսկ հրավիրված էլ չեն եղել` մասնակցելու միջոցառմանը:

 

«Թե ինչ հետագա քայլեր կլինեն, իրադարձություններին հետեւենք ու կտեսնենք, բայց կարեւորն այն է, որ Սումգայիթի սպանդի 25-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է: Նաեւ վաղը ցույց կա Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Անկախ այս միջադեպից` այդ ցույցը նախատեսված էր»,- ասաց Կիրո Մանոյանը:

 

Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ միայն մի քանի ադրբեջանամետ խորհրդարանականներ հայկական կողմին են փորձել մեղադրել միջադեպի համար, սակայն բոլորն էլ դեմ են, որ նման բաներ լինեն, այն էլ խորհրդարանի շենքում: