Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղթանակի ի՞նչ հնարավորություններ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մինչ այդ փորձենք հասկանալ, թե ովքե՞ր են առաջնորդել ընդդիմադիր շարժումը Հայաստանում եւ հաղթանակի ի՞նչ հնարավորություններ ունեին նրանք: 1996-ին ժողովրդին առաջնորդում էր Վազգեն Մանուկյանը: Նրան համակրում էին, խոսում էր գրագետ, Հայաստանը նրա համար սոսկ տարածքային միավոր չէր, նա ընկալում էր պետությունն իբրեւ օրգանիզմ: Միասնական թեկնածու էր, պատկերացնում էր երկրի խնդիրները: Ներդրում ուներ Արցախյան պատերազմում, հենց նրա օրոք էին գրավվել Ադրբեջանի հարավային շրջանները:
1998-ին Կարեն Դեմիրճյանի հանդեպ ոչ մի կասկած չկար: Նա հույս էր: Պատկառանք էր ներշնչում, իշխանությունը վախենում էր նրանից: 2003-ին Ստեփան Դեմիրճյանը միասնական թեկնածու չէր, սակայն հավասարակշիռ էր ու համակրելի: Պարզ չէր, թե ում հետ է գալիս իշխանության, առաջնորդի նման չէր, սակայն Կարեն Դեմիրճյանի որդին լինելն օգնում էր մտածել, որ երկիրը փորձանքի չի բերի: Թույլ փաստարկ է, բայց՝ ժողովրդական մենթալիտետի ճիչն էր: Նրան կասկածողներ չկային: Կրավորական էր ու հենց այդ պատճառով՝ պատասխանատու: Ամենակարեւորը, սակայն, գիտեր, որ ժողովուրդը պայքար էր ուզում ու առաջնորդում էր իշխանափոխության պայքարը: Տեխնիկական առումով այդ պայքարի ճանապարհին քիչ սխալներ գործեց, բայց դրանցից մեկը եղավ վճռորոշ:
2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր առաջնորդում իշխանափոխությունը: Առաջնորդ էր, փիլիսոփա, հույս եւ ամեն ինչ ընդդիմադիր հատվածի համար: Նրա գրեթե ցանկացած արտահայտություն քաղաքական քննարկման թեմա էր: Նա ուներ մեր բոլոր ընդդիմությունների լավագույն գծերը: Եվ հենց այդ պատճառով իշխանությունն ամենաագրեսիվը նրա հանդեպ էր տրամադրված: Նրա կյանքն սկսեցին թունավորել պաշտոնական ընտրարշավից շատ առաջ: Նրա միակ խնդիրն այն էր, թե ում հետ էր գալիս: Փաստն այն է, որ չեկավ: Միայնակ պատմություն գրելու ներուժ ուներ եւ այսօր էլ ունի: Անձամբ ստեղծեց ու ասպարեզ բերեց քաղաքական միտք: Նրա դատողությունների թիկունքում համաշխարհային քաղաքական եւ հասարակական միտքն էր:
Այսօր ասպարեզում Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ըստ իս՝ նա, ընդհակառակը, մեր բոլոր ընդդիմությունների, ներառյալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, բոլոր անորոշությունների մարմնացումն է: Նա հույս չէ, մտքեր չունի, միայն՝ բառեր: Նրա ոչ մի բառը կշիռ չունի: Դրանցով, օրինակ, պատուհան չես ջարդի՝ ոչ անկարգություն հրահրելու, այլ բառի ծանրությունը գնահատելու իմաստով: Մարդ չգիտի, թե ինքը ով է նրա կողքին: Չգիտի, Սերժ Սարգսյանից խորհրդարանական նոր ընտրություններ պահանջող մարդը վաղը նույն անիմաստությամբ չի բերի՞ ու քո կողքը կանգնեցնի օլիգարխ չինովնիկներին՝ որպես երկրի համահույս: Ըստ իս՝ պայքարի որոշակի փուլից Րաֆֆին պետք է դուրս գա: Նա լեգիտիմ է որպես նախագահի հաղթած թեկնածու, բայց մեծ է հավանականությունը, որ շարժումն առաջնորդելու իմաստով լինելու է ամենաոչադեկվատը: Հնարավորինս շատ ընդդիմադիր գործիչներ պետք է միանան, որպեսզի կլանեն նրան: Ոչ ոք չի կասկածում, որ Րաֆֆու շարժումը պետք է հաղթի, բայց քիչ են համոզվածները, որ կհաղթի: Ու ոչ ոք, ըստ էության, չի ուզում, որ հաղթի հենց Րաֆֆի Հովհաննիսյանը. ըստ այդմ է Նիկոլ Փաշինյանը բոլոր ընդդիմադիրներին կոչ անում, որ ոչ թե եկեք Րաֆֆուն միացեք, այլ եկեք Ազատության հրապարակ: Ինքը՝ Րաֆֆին էլ է ճիշտ ձեւակերպում՝ սա իմ պայքարը չէ, այլ ժողովրդի:
Հետեւաբար, բովանդակային առումով շարժումը կհաջողվի ոչ թե այն դեպքում, եթե համախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, այլ եթե նրան մենակ չթողնի:
Սեյրան Հանոյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: