կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-23 13:29
Առանց Կատեգորիա

Վտանգավոր Հայաստան

Վտանգավոր Հայաստան

Ապրում եմ Երեւանում` 4 հարկանի բնակելի շենքերից մեկում: Այնտեղ ապրում եմ արդեն երկու տարի: Մեր մուտքում կա 12 բնակարան: Առավոտյան վաղ տանից դուրս գալով եւ երեկոյան ուշ տուն մտնելով (փաստացի այն ժամանակ եմ տուն գնում, երբ շենքը քնած է, եւ դուրս գալիս` երբ դարձյալ քնած է)` չեմ կարողանում հասկանալ, թե ինչպիսի մարդկանցից է կազմված մեր շենքը:

 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ցավալիորեն պարզեցի, որ առավելագույն ջանքեր գործադրելու դեպքում իսկ չեմ կարող ծանոթանալ նրանց հետ. մեր մուտքում բնակիչ գրեթե չկա: Ու գիտե՞ք` ինչպես պարզեցի. գովազդային բուկլետ էին բաժանել «բնակիչներին»՝ հարմարեցնելով դռան բռնակին: Եվ արդեն մեկ շաբաթ է` նկատում եմ, որ 12 բնակարանից 8-ում բուկլետները մնացել են կողպեքին: Հասկանո՞ւմ եք, մարդ չկա, որ բուկլետը վերցնի: Փակել են դռներն ու հեռացել:

 

Ապրում եմ վերջին հարկում ու ամեն անգամ իջնել-բարձրանալիս յուրաքանչյուր դռան առջեւ տրամադրության անկում եմ ունենում: Այսօր առավոտյան հավաքեցի ու աղբարկղը նետեցի բոլոր բուկլետները: Ես այդ շենքից վերջին հեռացողն եմ ու, հավանաբար, իսկապես հեռանամ...

 

Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը, ենթադրում եմ` շենքի համատիրությունից, քանի որ իմ հեռախոսահամարը ուրիշները չունեն, զանգահարել ու, ներկայանալով որպես Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, հարցնում էին, թե ում եմ նախընտրում: Իհարկե, ասացի, որ հաստատ՝ ոչ իրեն: Բայց մի տեսակ վստահություն ունեմ, որ այդ փակ դռների տերերը «քվեարկել» են նրա օգտին: Ուզում եմ հավատալ «Ապահով Հայաստան» կարգախոսին, բայց չեմ կարող, հավատացեք, չեմ կարող` թեկուզ այս հանգամանքից ելնելով. եթե 12 բնակարան ունեցող մուտքից 8-ը բնակիչ չունի, դա արդեն վտանգավոր Հայաստան է:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ