Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ սկսվեց Արցախյան շարժումը հայ երիտասարդները գրիչը փոխարինեցին զենքով. մեկնեցին հայրենիքը պաշտպանելու: Արցախ պաշտպանելով` պաշտպանեցին նաև Հայաստանը. այսօր Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված ասուլիսում ասաց Դուշման Վարդանի մայրը` Զարուհի Շամյանը:
Նրա խոսքերով` երբ թշնամին պատերազմ սկսեց, հաշվի չէր առել, որ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի և կպաշտպանի իր հողը: «Մեր որդիներն իրենց արյամբ աշխարհի ժողովուրդներին ապացուցեցին, որ մենք հայ ենք, կանք ու կմնանք»,- նշեց Զարուհի մայրիկը:
Նա համարում է, որ այսօր Հայաստանից գնում են ոչ թե սոված մարդիկ, այլ ապահով ապրողները: «Կյանքը ապացուցել է, որ հայոց տառապյալ հողը կիսաքաղց հայերն են պաշտպանել, պաշտպանում են և կպաշտպանեն»,- հայտարարեց հերոսի մայրը:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանն էլ նշեց, որ Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից է, քանի որ ունեցանք ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Այն սկիզբ է առել տասնամյակներ առաջ` դեռևս 1965թ.-ից, երբ արցախցի գործիչները, մտավորականները բազմիցս դիմել են խորհրդային իշխանությանը և պահանջել, որ Արցախը միանա Հայաստանին: Սակայն այդ դիմումները մնում էին անպատասխան: Դա չկասեցրեց Արցախյան շարժման հեռանկարները»,- ասաց պատմաբանը:
Իսկ քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը համոզված է, որ զոհված հայորդիները շատ բան են արել Արցախի համար, արել են առավելագույնը` նվիրաբերել են իրենց կյանքը: «Նրանք տվեցին այն, ինչ ունեին, և շնորհակալությունը մինիմալ բանն է, որ կարող ենք ասել նրանց»,- նշեց նա:
Քաղաքագետը նաև փաստեց, որ Արցախի ինքնորոշումը այլևս կայացած փաստ է: