կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 15:18
Հասարակություն

«Յովնան Դաւթեան» Ուսանողական միութեան կոչը՝ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը

«Յովնան Դաւթեան» Ուսանողական միութեան կոչը՝ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը

Արցախի 44-օրեայ պատերազմի արդիւնքում, հայրենիքը ծանր օրեր է ապրում: Նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրի ստորագրումից յետոյ, Ադրբեջանը բազմիցս խախտել է այն եւ գրաւելով որոշ տարածքներ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւններում, փորձել է ստիպել հայ ժողովրդին ընդունել իր կողմից առաջ քաշւած նախապայմանները:

Վերջին մէկ ամսւայ ընթացքում աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխութիւնները չարաշահելով, Ադրբեջանը նպատակ ունի կոտրել հայ ժողովրդի դիմադրութիւնը՝ գործադրելով նոր հոգեբանական ճնշումներ եւ անմարդկային գործողութիւններ արցախահայութեան դէմ։

Թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականութեան նպատակն է մի անգամ ընդմիշտ տարածաշրջանի քարտէզից ջնջել Արցախն ու կործանել Հայկական պետականութիւնը: Հայկական պետութեան կործանման վտանգը էական է ու Արցախի կորուստը կասեցնելը համազգային հրամայական:

Հայաստանի ներկայիս իշխանութիւնը փորձում է թշնամու նկատմամբ զիջողական քաղաքականութիւն վարելով եւ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու կեղծ կարգախօսով շեղել հանրային կարծիքը, իրական վտանգներից։ Գաղտնի պահելով բանակցային գործընթացը եւ ընդունելով թշնամու բոլոր նախապայմանները՝ իշխանութիւնը փորձում է երկարաձգել իր իշխանութեան կեանքը` հայ ժողովրդի սերունդների իրաւունքների հաշւին։

Ստեղծւած ծանր իրավիճակից միակ ելքը ոտքի կանգնելն ու դիմադրելն է. Համախմբել ողջ ժողովրդին եւ դիմակայել հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիներին։

«Յովնան Դաւթեան» Ուսանողական միութիւնը իր ամբողջական եւ անվերապահ զօրակցութիւնն է յայտնում ապրիլի 5-ին Երեւանում կայանալիք համահաւաքին: Հաւատացած ենք` համազգային դիմադրութեամբ եւ միասնութեամբ վերականգնելու ենք մեր յաղթական ուղին:

Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը:

«Յովնան Դաւթեան» Ուսանողական միութիւն