Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալադեց: Չգիտեմ՝ ում ուղղեմ այս քաջալերանքը: Մալադեց, երևի, մեզ՝ բոլորիս, որ այսպիսի ընտրություններ անցկացրեցինք: Չէ, գիտե՞ք, հաճախ չի պատահում, որ միևնույն ընտրությանը հաղթեն բոլորը՝ ժողովրդից սկսած, վերջացրած, կնոջս ընկերուհու ասած, քարտեզագետով: Րաֆֆին, օրինակ, սխալվում է, երբ ասում է, որ ո'չ ինքը, ո'չ Սերժ Սարգսյանը չեն հաղթել, այլ հաղթել է ժողովուրդը: Փաստն աչքի առջև է՝ մենք առնվազն 5 տարով դե յուրե և ապահով Հայաստանների երկքաղաքացի ենք այլևս: Հետևաբար, ի բարօրություն ամենքի՝ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ առումով, ինչ-որ ձև հաղթել են:
Րաֆֆի Հովհաննիսյանն իզուր է համեստություն անում: Նա արժանիորեն գրավեց երկրորդ տեղը, և ոչ ոք չի կարող հիմա վիճարկել նրա` այդ աննախադեպ անձնական ցուցանիշը, մանավանդ, որ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միմյանց «խիստ ին հարգում»: Այնքան խիստ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղ չգրավելու ոչ մի բարոյական իրավունք չուներ այլևս:
Իսկ ինչո՞վ այս ընտրությունները հաղթանակ չէին Պարույր Հայրիկյանի համար: Նա իր մասնակցությամբ միայն մեզ ինչպես հարկն է հիշեցրեց անկախության գինն ու արժեքը: Քիչ մնաց նույնիսկ զոհվեր հանուն հայրենիքի, բայց բախտը չբերեց: Մարդուն միայն մի փոքր չբավականացրեց, որ այս ընտրությունների արդյունքով, թեկուզ` հետմահու, զբաղեցնի բոլոր ժամանակների Հայաստանի պատվավոր նախագահի պաշտոնը:
Բագրատյանին, իր իսկ հաշվարկներով, 30 հազար մարդ ձայն տվեց, ինչից ինքը չի բողոքում, և ինչը նշանակում է, որ նա բավականին լայն լսարան ունի՝ ի դեմս տնտեսագիտությունից գլուխ հանող հասարակության:
Արման Մելիքյանն էլ, երևի, շատ գոհ է հայ դիվանագետների համար կազմակերպված հատուկ էլեկտրոնային քվեարկության արդյունքից, քանզի այստեղ նա, լավ իմաստով, ուղղակի ջախջախել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Դիվանագետների էլեկտրոնային քվեարկությամբ (պարզվում է՝ քվեարկությունն էլ են դիվանին պառկած անում) Արցախի նախկին արտգործնախարարը հաղթել է ՀՀ նախկին արտգործնախարարին և իրավամբ նվաճել 2018, 2023, 2028 թվականների նախագահական ընտրություններին մասնակցելու պահանջարկը:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանին, կարելի է ասել, որ նրա թիրաախը հոգեբանական խնդիրներով հարուստ մեր հասարակությունն է: Անդրիասն ուղղակի հեղաշրջում կատարեց հայ մարդու հոգեբանության մեջ: Մեզ պետք է 21-րդ դարի հայ, ով չի հուզվի սրտաճմլիկ տեսարաններից: Անդրիասը ընտրողներին ստիպեց իրեն հարգել, բայց նաև չխղճալ ու ձայն չտալ: Նա իրենից հետո եկողների համար մազոխիզմը մերժելու կենդանի օրինակ դարձավ, և դա էլ բավական էր, որ հայ ժողովուրդը նրան դարձներ իր քաղաքական գործիչներից մեկը:
Մի փոքր բարդ է վերջին ընտրությունները նաև էպոսագետ Վարդան Սեդրակյանի համար հաջող համարելը: Բայց, ինչպես ասում են, ցանկության հարց է: Օրինակ՝ ո՞ւր կորավ նրա 81 տոկոսից 80-ը: Կարող էր, չէ՞, հայտարարել՝ իշխանությունները տարան, կեղծեցին, փոշիացրին, աղացին, չգիտեմ… վառեցին: Բայց էպոսագետը նույնիսկ ուշադրություն չի դարձնում այդ 80 տոկոսին: Դա ընդամենը նրա հաշվարկի սխալանքն է կազմում: Մարդը, կարող ենք ասել, ապացուցեց, որ դյուցազներգություններ ու դիցաբանություններ շինող չկա մեզանում, և մենք այլևս պրագմատիկ ենք, ավելի պրագմատիկ, քան նույնիսկ ամերիկացիներն ու ռուսները, ովքեր նախ գերժամանակակից զենքերով միմյանց գլխի սարքում են, իսկ հետո` երկրի վրա ընկած ինչ-որ երկնաքարերի բեկորներ համատեղ որոնում:
Եթե այս բազում հաղթանակներին ավելացնենք նաև ժողովրդի հաղթանակը, ինչի մասին այսօր չի լռում ոչ ոք, ապա կստացվի, որ Շարմազանովը միանգամայն ճիշտ էր, երբ ասում էր, որ Սերժ Սարգսյանը մի ուրիշ ձև է հաղթելու: Սերժ Սարգսյանն էլ, ահա, մի այլ կերպ է հաղթում, և համարյա բոլորը գոհ են, որ նրա հետ նաև իրենք են հաղթում: Հենց սրա համար ասացինք՝ մալադեց մեզ:
Հա, չմոռանանք ասել, որ մեզ հետ հաղթեցին նույնիսկ միջազգային դիտորդները, ովքեր պարսերով ժամանել էին մեր երկիր: Մի քիչ էլ որ համբերեք, խոռով համերգ են տալու` Ընտրությու-նը դի-տար-կե-ցի, Ըզ-գաց-ի, ամե-նից-ա-նուշ… Ի դեպ, ընտրական թեմաներով աշուղական երգի երեկոների նախաձեռնությունն էլ պատկանում է Սերժ Սարգսյանին: Նրա բարձր հովանու ներքո սկիզբ առած «Գովերգիր հակառակորդիդ, թե կարող ես» հեռուստանախագիծը ուղղակի սարեր է շարժել: Ու ձեռքի հետ էլ ուրախ ենք, որ կինոն շատ ավելի տխուր վերջաբան չունեցավ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: