կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 15:00
Քաղաքական

Ղազախստանցի դիտորդները վստահել են տեղի դիտորդներին

Ղազախստանցի դիտորդները վստահել են տեղի դիտորդներին

Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքին հետեւել է 30 ղազախստանցի: «Եվ ես բոլորի անունից կարող եմ ասել, որ ընտրություններն անցել են բարձր մակարդակով»,- ԱՊՀ դիտորդական առաքելության եզրակացությունը ներկայացնելու ժամանակ այսօր լրագրողներին ասաց Ղազախստանի ներկայացուցիչ Մարատ Սարսեմբաեւը:

 

Նա նշեց, որ այն խախտումները, որոնք արձանագրվել են իրենց առաքելության կողմից, էական նշանակություն չեն ունեցել եւ չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

 

Դիտորդը պատմեց, որ երբ իրենք մտել են որեւէ ընտրատեղամաս, հատկապես զրուցել են տեղական դիտորդների ու թեկնածուների վստահված անձանց հետ, ովքեր էլ Ղազախստանի ներկայացուցիչներին ասել են, որ իրենք ընտրատեղամասերում են գտնվել առավոտից եւ հայտնել են, որ մինչեւ արդյունքների մասին արձանագրությունների կազմումը կլինեն տվյալ տեղամասերում:

 

Ղազախստանցի դիտորդը նշեց, որ տեղի դիտորդների ու վստահված անձանց կողմից բողոքներ իրենց առաքելության ներկայացուցիչները չեն լսել. բոլորն էլ ասել են, որ ընտրություններն ընթանում են նորմալ հունով, եւ արտառոց դեպքեր տեղի չեն ունենում: Իրենք էլ վստահել են տեղի դիտորդներին ու թեկնածուների վստահված անձանց: