կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-16 12:26
Առանց Կատեգորիա

Էտ

Էտ

Տարվա մեջ դեպի լույս ու ջերմություն ձգտող խաղողի որթն աճում է, աճում է, երկարում, փաթաթվում, մագլցում… Բեղիկներ ունի, տեսե՞լ եք… Դրանցով կառչում է ինչից պատահի ու առաջ է գնում այդպես՝ դեպի արևը, դեպի լույսը, դեպի ջերմությունը: Աճելու հետ մատներ է տալիս, շատ մատներ, որոնք տարածվում են ամենատարբեր կողմեր, երկարում՝ որն ինչքան կարողանում է ու ինչքան հասցնում է երկարել: Տերևաթափից հետո հախուռն աճած խաղողի որթը շատ տխուր տեսք է ունենում: Գզգզված մազերով աղջիկ տեսած կա՞ք: Մատներն անկանոն, խճճված, տակնուվրա են աճում, և թվում է՝ ինչ-որ մեկի աներևույթ ձեռքն է նրանց այդպես խճճել, մտցրել իրար մեջ, հեռացրել իրարից, մեկը մյուսի վրա փաթաթել…

 

Գարնանն այգեգործը` մկրատը ձեռքին, մտնում է խաղողանոց.

 

-Արա՛, էս ի՞նչ վիճակ ա…

 

Ու էլ ո'չ բարև, ո'չ բարիլույս՝ չըխկ, չըխկ, չըխկ… չըըըըխկ, չըըըխկ, չիկ, չիկ, չիկ, չակ, չակ… Այգեգործը գլուխը թեքում է՝ էս կողմից է նայում, էն կողմից է նայում՝ չըկ, ըհը, չըկ… Պատրաստ է: Նրա առջև արդեն մի գեղեցկուհի է: Խաղողի որթն իրեն նայում է այգեպանի տաք աչքերի հայելու մեջ, հրճվում իր համաչափ սանրվածքով, լիաթոք շնչում գարնանային օդը… Այգեպանն անցնում է հաջորդ թփին, հետո՝ հաջորդին, հաջորդին… Մինչև այգին վերջանում է: Այգին վերջացավ թե չէ, վերջանում է էտը: Իսկ էտի վերջանալու հետ բողբոջը մի քիչ ուռչում է: Այդ կյանքն է ուռչում բողբոջի մեջ…

 

Մենք 1988-1990 թվականներից այս կողմ Հայաստանը վերջին անգամ ե՞րբ ենք էտել: Դարձել ենք վայրի քոլ: Այգեպան չունե՞նք: Աճում ենք՝ ինչպես պատահի, ինչպես հաջողվի, ինչքան բախտներս բերի: Աճում ենք խառը-խշտիկ, քամիների ուղղությամբ, մի ճյուղը մյուսի հաշվին՝ նրա լույսն ու ջերմությունը յուրացնելով: Առիթից օգտվելով՝ մեր շուրջը մոլախոտը մարդաբոյ է դարձել, իր արմատը մեր արմատին է քսում, մեր հյութն ու նյութը խմում: Ուստի՝ հայտարարություն: Առաջիկա էտի համար պահանջվում է 68 տարին չլրացած այգեգործ: Աշխատավարձը 130-140 հազար ՀՀ դրամ: Օտար լեզուների իմացությունը պարտադիր չէ: Միայն մկրատ բռնել իմանա:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ