Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայի բախտ: Ծանր է, չէ՞, հնչում: Ինչ ուզես` կարող ես մտածել: Աշխարհի ամենավատ ու բարդ երեւույթներն այս բախտի հետ առնչություն ունեն: «Հայի բախտ» արտահայտության վրա մարդ կարող է մի ամբողջ գիտական հոդվածաշար գրել, թեկնածուական պաշտպանել եւ այլն: Հայի բախտ է, երբ ազգային վերազարթոնքի ժամանակ երկիրը ցնցվում, փլվում է գլխիդ: Հայի բախտ է, երբ հաղթում ես պատերազմում, իսկ դիվանագիտական դաշտում այն չես կարողանում ամրագրել: Հայի բախտ է, երբ ունենում ես պետականություն, բայց փախչում ես դրանից եւ փնտրում այն օտար ափերում: Հայի բախտ է, երբ … Մի խոսքով` այս շարքն անվերջանալի է, բայց ամենակարեւորը չմոռանանք` հայի բախտ է, միմիայն հայի, երբ շրջապատված ես այնպիսի հարեւաններով, որ ոչ ոքի դուռը չես ծեծի` մի բաժակ ջուր խնդրելու: Եվ, ուզես, թե չուզես, դատապարտված ես ապրել նրանց կողքին:
Վերջին օրերին հարեւան Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիի հետ տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ դռկից ենք ոչ թե պետության, այլ քոչվոր ցեղախմբի հետ, որի առաջնորդը, ոչ ավելի, ոչ պակաս, ընդամենը «Մուկաբուա» է: Այլ կերպ չես անվանի մի երկրի ղեկավարի, ով իրեն թույլ է տալիս կոչումներից, անհատական թոշակից զրկել ազգակից մտավորականին միայն այն պատճառով, որ նա իր նոր վեպը նվիրել է, ինչպես նախաբանում է գրված, «իր երկրացիների հիշատակին, որոնք իրենցից հետո թողեցին անարցունք մնացած ցավ»: Ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին, զուգահեռներ են տարվում 1919 թվականին Ագուլիսի հայերի ոչնչացման եւ Սումգայիթի ու Բաքվի կոտորածների միջեւ:
Այն, որ Ադրբեջանում անհանդուրժողականության մթնոլորտը հասել է գագաթնակետին, եւ դա սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը, բազմիցս է ասվել, բայց «քաղաքակիրթ» աշխարհը շարունակում է առաջնորդվել այլ շահերով: Մենք` հայերս, ո'չ նավթ ենք եւ ո'չ էլ սեւ խավիար: Մեր միակ զենքը կարող էր լինել ժողովրդավարությունը , էն էլ, ինչպես ասում են, « հրե~ն երկնքից կախված»: Բայց, այնուամենայնիվ, մենք նրանցից տարբերվելու շատ բան ունենք եւ, փառք Աստծո, մեր հողում քոչվոր չենք:
Այս դեպքի հետ կապված` հիշեցի մի դրվագ, երբ գրող Լեւոն Ջավախյանը 2010 թվականին իր «Քիրվա» պատմվածքի համար Բաքվի «Հանդուրժողականության կենտրոնի» կողմից ստացավ «Կովկասում խաղաղություն եւ հանդուրժողականություն քարոզելու համար» մրցանակը: Ջավախյանը մրցանակը ստացավ Թբիլիսիում` գաղտնի: Վրաստանի ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը մրցանակը փոխանցել էր Վազգեն սրբազանին, որն էլ այն փոխանցեց տիրոջը: Ջավախյանը հալածանքի չենթարկվեց, միայն «Իրավունք» թերթի առաջին էջում հայտնվեց ծաղրանկարով` արեւելյան հագուկապով` Էրդողանի գրկում: Թերթն այդ համարը ամբողջովին «նվիրել» էր Լեւոն Ջավախյանին: Ներկայիս ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամյանն էլ «Հայոց աշխարհ» օրաթերթում էր շաղ տվել իր բառապաշարը` նրան անվանելով ազգի դավաճան:
Հասարակական ընդվզում եւ նախագահական միջամտություն չեղավ: Միայն, ինչպես պատմեց Լեւոն Ջավախյանը, մի անգամ սրճարանում, շատ քաղաքակիրթ, իրեն մոտեցել է ԱԱԾ մի աշխատակից, զրուցել հետը, տեղեկացել ինչն-ինչոց է եւ, խնդրելով հանդիպման մասին չգրել, հեռացել է: Դե, Լեւոնն էլ, ինչպես ինքն է ասում, բերանբաց է եւ մի ամբողջ պատմվածք նվիրեց այդ հանդիպմանը, եւ վերջ: Լեւոնը հիմա էլ գրում է, հանգիստ շրջում է երկրում եւ ոչ ոքի մտքով չի անցնում նրան ազգի դավաճան որակել:
Աղմուկ, այնուամենայնիվ, բարձրացավ մեկ այլ նախաձեռնության կապակցությամբ, երբ Գեորգի Վանյանը նախաձեռնեց եւ հայտարարեց, որ անցկացնելու է ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Բայց այդ աղմուկը զուտ «փառատոն» ձեւակերպման դեմ էր: Եթե դա կոչվեր «կինոդիտում», վստահ եմ, չէր լինի այն հասարակական ընդվզումը, որ եղավ: Հարկ է նշել, որ մի դեպքում գործ ունենք ստեղծագործող մարդու, մեկ այլ դեպքում դրամաշնորհային պատվերի հետ:
Հիշում եմ, երբ ադրբեջանցի ռեժիսոր Վագիֆ Մուստաֆաեւը էկրանավորեց իր «Ամեն ինչ դեպի լավն է» կարճամետրաժ կինոնկարը, այն ժամանակ Հեյդար Ալիեւը Վագիֆին նշանակեց Ադրբեջանի մշակույթի փոխնախարար: Գիտեք` ինչո՞ւ: Որ այլեւս նման ֆիլմեր չնկարահանի: Դե, Հեյդարը հին «աղվես» էր` խորհրդային անվտանգության ծառայության դպրոցում թրծված եւ դիվանագիտական հատկություններով օժտված, ինչը չես ասի մանկամիտ որդու մասին: Բայց Իլհամն էլ, կարծես, պակաս «աղվեսը» չէ: Այն աղմուկը, որ բարձրացվեց Ադրբեջանում «Քարե երազներ» վեպի պատճառով, անհետեւանք չի մնա: Արդեն ակնհայտ է, որ Աքրամ Այիսլիի ընտանիքը պարտադրված հեռանալու է երկրից (արդեն աշխատանքից հեռացվել են նրա որդին, ով հարկային տեսչության վարչության պետ էր, եւ գրադարանավարուհի կինը), իսկ նրա վեպը, որ արդեն թարգմանվում է տարբեր լեզուներով (նաեւ հայերենով), մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում: Մտացածին է՞ այս աղմուկը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, բայց, որ այն մոտ ապագայում կներկայացվի Նոբելյան մրցանակի, կասկածից վեր է:
Այս պատմության մեջ ամենամտահոգիչն այն է, որ գրականության ասպարեզում մեր «կռիվը», եթե այն դեռ կա, հանգում է պարտության: Մենք այսօր ընթերցում ենք Օրհան Փամուկ, Էլիֆ Շաֆաք, Աքրամ Այլիսլի: Ո՞ր հայ ժամանակակից գրողին են ընթերցում մեր հարեւանները… եւ ոչ միայն նրանք:
Հարություն Հարությունյան
civilnet.am
Yerlkir.am-ի խմբագրությունը ստորեւ ներկայացնում է ադրբեջանցի ռեժիսոր Վագիֆ Մուստաֆաեւի ֆիլմը` ոչ որպես «փառատոնային» դիտում, այլ որպես այս հոդվածի հավելված: Ինչպես ասում են` «Ամեն ինչ դեպի լավն է…»: