Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը համարում է, որ ԱԺ պատգամավորների աշխատավարձը, Հայաստանում սահմանված աշխատավարձերի սանդղակի հետ համեմատած, նորմալ է: «Հիմա եթե մեկը 40 կամ 50 հազար դրամ է ստանում, ճիշտ չի լինի, որ 250 հազար ստացողն ասի` քիչ ա, բայց, որպես պատգամավոր, իհարկե, շատ քիչ է»,- այնուամենայնիվ, դժգոհեց Հարությունյանը:
Նրա համոզմամբ` պատգամավորի գործունեությունը լրացուցիչ ծախսերի տեղիք է տալիս, դրա օրինակ կարող է լինել պատգամավորի հագուկապը, որը «լրացուցիչ մեծ ծախսեր է պահանջում»: Եվ հետո, պատգամավորի կարծիքով, աշխատավարձի հարցը կապվում է պետության հեղինակության հետ: «Եթե մեր հարևան երկրներում գտնեք մի պատգամավորական աշխատավարձ, որը մերի հետ կարելի է համեմատել, ապա ես ներողություն կխնդրեմ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մեր երկիրը շատ ոլորտներում խնդիրներ ունի` հեղինակության հետ կապված, ուրեմն ինչո՞ւ է շեշտադրվում հենց պատգամավորի աշխատավարձը, Հարությունյանը համաձայնեց, որ, իսկապես, հազար ու մի բնագավառ կա, որտեղ կարելի է երկրի հեղինակությունը բարձրացնել, բայց խնդրի մի մասն էլ պատգամավորի աշխատավարձի հարցն է:
Խոսելով պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ գործազուրկների նպաստի վերացման մասին` Համլետ Հարությունյանը խոստովանեց, որ բազմաթիվ սոցիալական խնդիրների համատեքստում պատգամավորների աշխատավարձերի բարձրացումից ինքն անձամբ անհարմար է զգում, բայց պատգամավորները դեմ չեն, որ քաղաքացիների աշխատավարձերն էլ բարձրացվեն: Ուստի պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ինչու բարձրացվեցին պատգամավորների աշխատավարձերը, այլ այն մասին, թե` ինչպես անենք, որ մյուս քաղաքացիների աշխատավարձերն էլ բարձրացվեն:
«Իհարկե, ես` որպես պատգամավոր, դիսկոմֆորտ եմ զգում: Ես կուզենայի, որ բոլոր մեր քաղաքացիներն այնքան աշխատավարձ ստանային, որ պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը դժգոհություն չառաջացներ հասարակության մեջ: Եթե իմ աշխատավարձը պիտի սարքեն մի աստղաբաշխական բան, իսկ մնացածը քիչ ստանան, ես դրա հետ չեմ կարող համակերպվել»,- նշեց պատգամավորը:
Հարցին` ինքը` որպես պատգամավոր, պատրա՞ստ է իր աշխատավարձի մի մասով օգնել կարիքավորներին, ինչպես խորհուրդ էր տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նա պատասխանեց. «Բայց դուք մի մարդու եք այդ հարցը տալիս, ով 30 տարի է` էդ գործով է զբաղվում: Իմ գործը վերջին 30 տարում միայն մարդկանց օգնելն է եղել: Եթե հարևանդ սոված է, դա քեզ երբեք ձեռնտու չէ, հարևանդ պետք է քեզանից հարուստ լինի, որ դու քեզ հանգիստ զգաս»: