Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահների կանայք, որպես կանոն, առաջին տիկնոջ կարգավիճակում սկսում են զբաղվել բարեգործությամբ և այդ կերպ հայտնվում ժողովրդի ուշադրության կենտրոնում: Գալիք նախագահական ընտրություններին պարզ չէ, թե որ թեկնածուի կինը կռառնա առաջին տիկին, բայց մի բան ակնհայտ է՝ նա, ինչպես և իր ամուսինը, պետք է վայելի հասարակության սերն ու հարգանքը:
Նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհանիսյանի կինը՝ Արմինե Հովհանիսյանը, առաջին տիկին դառնալու մոլուցքով չի տառապում, և նոր չէ, որ պետք է զբաղվի բարեգործությամբ: Թեկնածուի տիկինը «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, շուրջ 13 տարի բազմաթիվ անապահով երեխաների կողքին է: Մինչ այս իրականացված ծրագրերի մասին yerkir.am-ը զրուցեց տիկին Հովհաննիսյանի հետ:
- Ո՞րն էր նման հիմնադրամ ստեղծելու շարժառիթը:
- Հիշում եմ 90-ականներն էր, երբ փողոցում հայտնվեցին մուրացիկ երեխաներ: Երբ ես և Րաֆֆին փողոցներով շրջում էինք, այդ երեխաները, ձեռքերը պարզած, մեզ էին մոտենում: Այդ երևույթը մեզ խորթ էր թվում, քանի որ մեծացել էինք Սփյուռքում և նման բան չէինք տեսել: Մենք մեծացել էինք այն հոգեբանությամբ, որ յուրաքանչյուր հայ մեր ընտանիքի անդամն է, յուրաքանչյուր հայ երեխա՝ մեր երեխան: Անհնար էր համակերպվել այն մտքի հետ, որ մենք ապրում էինք նորմալ, իսկ այդ երեխաներն ուտելու ոչինչ չունեին: Եվ մենք որոշեցինք մի փոքր տեղ վարձել և մեր միջոցներով օրական մի 15 երեխայի կերակրել: Մեր ընկերներն ու հարազատները, լսելով այս ծրագրի մասին, սկսեցին դրամական աջակցություն ցուցաբերել: Երեխաների թիվն էլ հետզհետե աճեց: Այսօր արդեն 100 երեխա գտնվում է Երևանի «Օրրան»-ում, 55 մեծահասակներ էլ առավոտյան տաք սնունդ են ստանում: 55 երեխայի կարիքներն էլ հոգում է «Օրրանի»` Վանաձորի մասնաճյուղը:
- Դպրոցականներին և ուսուցիչներին առավել հայտնի եք «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության շնորհիվ: Այդ ծրագրի շրջանակներում կիրառական տնտեսագիտություն և քաղաքացիական կրթություն առարկաները ներկայացրեցիք դպրոցներում: Ձեր նպատակն էր՝ տնտեսագիտությունը դարձնել առարկա՞, թե՞ ամերիկյան դրամաշնորհ էր և պետք էր ծախսել:
- «Պատանեկան նվաճումները» «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն է: Դրա առաքիլությունը դեռահասների եւ պատանիների շրջանում բարեգործական, հումանիտար ու կրթական ծրագրերի իրականացումն է: 1992 թվականն էր, Հայաստանը նոր էր որդեգրել ազատ շուկայական հարաբերությունները, սակայն մարդիկ դեռ սոցիալիստական հոգեբանություն ունեին: Մեր հասարակությունը դրա կարիքն ուներ: Նպատակը մեկն էր՝ երեխաներին զինել տնտեսագիտական որոշակի գիտելիքներով, որը հետո կգործածեին կյանքում: Այս ծրագրի միջոցով երեխաները սովորում են՝ ինչպես գումար վաստակել և դրա մի մասն էլ հատկացնել բարեգործությանը: Ծրագիրն իսկապես հետաքրքիր է և 180 երկրներում մեծ հեղինակություն է վայելում:
- Որոշ դպրոցներում տնտեսագություն առարկային ուսուցիչները մատների արանքով են նայում և չեն ծառայեցնում Ձեր նշած նպատակին: Ինչո՞վ է պայմանավորված սա:
-Պատճառն այն էր, որ տնտեսագիտությունը հասարակագիտություն առարկայի մաս դարձավ: Այն թե՛ վատ, թե՛ լավ կողմեր ունի. լավն այն է, որ հազարավոր երեխաներ ծանոթանում են տնտեսագիտությանը և տարրական գիտելիքներ ձեռք բերում, վատը՝ Ձեր նշած տարբերակը: 1992-1993 թթ. տնտեսագիտական սահմանումներն օտար էին երեխաներին, սակայն այժմ նրանք ավելի հեշտ են ընկալում շուկայական հարաբերությունները:
- Ծրագրի շրջանակներում մինչ օրս քանի՞ ուսուցիչ եք վերապատրաստել: Արդյո՞ք նրանց հետ Ձեր կապը պահպանվում է:
- 3 հազարից ավելի: Այո՛, իհարկե, հաճախ է պատահում, երբ ինչ-որ տեղ տեսնում եմ նրանց կամ մեր կազմակերպած ճամբարները հաճախած երեխաներին: Նրանց ջերմ վերաբերմունքը և միայն այն, որ ինձ հիշում են և որևէ հետք թողել եմ նրանց կյանքում արդեն իսկ բավական է լիաթոք ուրախ լինելու համար:
- Հնարավո՞ր է այդ երեխաների և ուսուցիչների ներուժն օգտագործեք գալիք ընտրություններում:
- Երբե՛ք, մենք մեր աշակերտներին և ուսուցիչներին սովորեցրել ենք լինել ազնիվ և անկախ քաղաքացիներ, մենք կարող ենք նրանց առաջարկել, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, բայց երբեք չենք ուղղորդի նրանց: Դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է:
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ