Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013թ. փետրվարի 13-ին «epress.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի համար փող է բաժանում» վերտառությամբ հոդվածը, ըստ որի` Սամվել Ալեքսանյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը այցելել են Վահան Թեքեյանի անվան դպրոց եւ ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:
ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում մատնանշված հանգամանքներն ստուգելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար:
Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել «www.epress.am» էլեկտրոնային կայքին` հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը տրամադրելու խնդրանքով: Ստացվել է պատասխան, որ լրատվական կայքում տեղադրված հրապարակման համար հիմք է հանդիսացել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի թեկանծու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի` էլեկտրոնային փոստի միջոցով տարածած հաղորդագրությունը:
Էլեկտրոնային կայքի հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը քննությանը տրամադրելու խնդրանքով հարցում է ուղարկվել նաեւ ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ, որտեղից ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ չունեն այդպիսի նյութեր, իսկ իրենց ամփոփագրում տեղ գտած խախտումների վերաբերյալ նյութերի հրապարակման համար հիմք են հանդիսացել անանուն քաղաքացիների ահազանգերը:
Այդուհանդերձ, համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` տեղեկատվության իսկությունն ստուգելու եւ իրազեկ անձանց բացատրություն տալու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացնելու նպատակով:
Միաժամանակ հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի տնօրեն Ծ.Մարդանյանը եւ երեք այլ ուսուցիչներ: Նրանցից վերցվել են բացատրություններ: Վերջիններս հայտնել են, որ իրոք Սամվել Ալեքսանյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը 2013թ. հունվարի վերջերին այցելել են իրենց դպրոց, որի ժամանակ «Ալեքսանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի անունից դպրոցի լավագույն աշակերտներին եւ ուսուցիչներին բաժանվել են ապրանքաիրային նվերներ£ Հրավիրված ուսուցիչները հայտնել են նաեւ, որ նման միջոցառումները կրում են պարբերական բնույթ, շուրջ 5 տարի դպրոցի լավագույն աշակերտները եւ ուսուցիչները պարգեւատրվում են նույն հիմնադրամի կողմից:
Բացատրություններ տված անձինք հերքել են Սամվել Ալեքսանյանի կողմից դպրոցի մանկավարժներին կամ աշակերտներին գումարային օգնություն բաժանելու վերաբերյալ հաղորդումներն ու նշել, որ ոչ մի անգամ նրա կողմից դպրոցին կամ մանկավարժներին դրամական օգնություն չի բաժանվել, հերթական հանդիպումը ևս որեւէ կապ չի ունեցել ընտրությունների հետ, նվերներ բաժանելը որեւէ կերպ չի պայմանավորվել ընտրություններին մասնակցելու կամ որեւէ թեկնածուի օգտին քվեարկելու հանգամանքով: