կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 16:40
Մշակույթ

Նախագահին խնդրում են բանաստեղծին հուղարկավորել Պանթեոնում

Նախագահին խնդրում են բանաստեղծին հուղարկավորել Պանթեոնում

Այսօր մի խումբ գրողներ, մշակույթի գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով նրան ընդառաջել, որ Հովհաննես Գրիգորյանին թույլ տան հուղարկավորել Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

 

«Այսօր առավոտյան մեզնից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը:

 

Գրիգորյանը 60-ականների բանաստեղծական փայլուն սերնդի ամենաակնառու ներկայացուցիչներից է: Սերունդ, որ իրապես փոխեց հայ բանաստեղծության ընթացքը: Իր «Աշուն» աղմկահարույց բանաստեղծությամբ, այնուհետև 10-ից ավելի բանաստեղծական ժողովածուներով Գրիգորյանը հայ բազմադարյան պոեզիան բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի` սահմանելով բարձր նշաձող ու մեծ ազդեցություն թողնելով հետագայում ասպարեզ մտած գրեթե բոլոր բանաստեղծական սերունդների վրա:

 

Նրա ստեղծագործությունը հայ գրականության այն բացառիկ մասնավորություններից է, որ բարձր է պահում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր գրականության հարգը նաև համաշխարհային գրականության անդաստանում: Պատահական չէ, որ նրա գրքերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Գրիգորյանը նաև բացառիկ ներդրում ունի համաշխարհային գրականության լավագույն արժեքները հայերեն թարգմանելու գործում, այն էլ` իսպաներենից: 2012-ին նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

 

Հովհաննես Գրիգորյանը բացառիկ մշակութային երևույթ է, անհատականություն, որ մշտապես ունեցել է քաղաքացիական բարձր գիտակցություն և մեծապես նպաստել հայոց պետականության զարգացման ու կայացման գործընթացին: Աներկբա է, որ նա իր պատվավոր տեղը պետք է ունենա հայ գրականության, արվեստի ու մշակույթի մեծ դեմքերի կողքին` Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

 

Մենք` գրողներս, գրականագետներս, մշակույթի գործիչներս, խնդրում ենք ընդառաջել մեզ և կատարել համապատասխան կարգադրություն, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում»,- ասվում է նամակում:

 

Լուսանկարը` Սամվել Սեւադայի