Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 4-5-ին` Պորտուգալիայի Կաժկայժ (Cascais) քաղաքում գումարվեց Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) խորհրդի ժողովը` հյուրընկալությամբ Պորտուգալական սոցիալիստական կուսակցության։
2012թ. օգոստոս-սեպտեմբերին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած կազմակերպության 24-րդ Կոնգրեսից հետո, սա Խորհրդի առաջին ժողովն էր, այդ պատճառով էլ՝ օրակարգի կարեւոր մասը հատկացվեց կազմակերպական հարցերի։
Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից ժողովին մասնակցեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։
Ժողովի բնաբանն էր «Համաշխարհային տնտեսությունը. աճի, աշխատատեղերի եւ կայուն զարգացման մեր տեսլականը»։ Նախագահությամբ Սոցինտերնի նախագահ, Հունաստանի ՓԱՍՈԿ կուսակցության նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ջորջ (Յորղոս) Պապանդրեուի եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Այալայի` քննարկվեցին «Եվրոգոտու ճգնաժամը. այստեղից ո՞ր ճանապահով դեպի առաջ» եւ «Առաջացող եւ զարգացող տնտեսություններ եւ միջազգային հիմնարկներ՝ «Ճգնաժամից հետո» ռազմավարությունում»։
Հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումները` երկու արտակարգ հարցեր ավելացվեցին օրակարգին` «Արաբական աշխարհում ժողովրդավարական օրակարգ առաջ քաշելու համար ժողովրդի ճիգերի վերջին զարգացումները» եւ «Մալի. Սահելում խաղաղության, անվտանգության եւ ժողովրդավարության պաշտպանություն»։
Ելույթներ ունեցան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ եւ հրավիրյալ բանախոսներ։ Վերջում որդեգրվեցին բանաձեւեր եւ հայտարարություններ արծարծված հարցերի վերաբերյալ։
Ժողովը նաեւ որոշեց աշխարհով մեկ քարոզարշավ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության դեմ։
Ժողովը, հիմնվելով նրան նախորդած՝ փետրվարի 3-ին կայացած կազմակերպության նախագահության նիստի առաջարկների վրա, ձեւավորեց տարածաշրջանային եւ թեմատիկ հանձնախմբերը, հատուկ հանձնաժողովները, աշխատանքային խմբերը եւ կանոնագրային հանձնախմբերը։
Ժողովը նաեւ թափուր տեղերի համար ընտրեց երկու փոխնախագահների, որոշումներ կայացրեց անդամակցության ինչպես նաեւ անդամակցության կարգավիճակը բարձրացնելու համար դիմումների կապակցությամբ։ Ավելացվեց թեմատիկ հանձնախմբերի թիվը. կազմվեցին նոր՝ ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, աղքատության դեմ պայքարի եւ քաղաքական դաստիարակության հանձնախմբեր։ Նախագահության նիստին մասնակցել էր կազմակերպության փոխնախագահներից Մարիո Նալբանդյանը։
ՀՅԴ-ի կողմից Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ԱՊՀ եւ Կովկասի տարածաշրջանային հանձնախմբի համանախագահ (նախկինում այս պաշտոնն էր վարում Մարիո Նալբանդյանը)։ Առաջին անգամ ՀՅԴ-ն ընտրվեց կազմակերպության կանոնագրային՝ կազմակերպության ֆինանսների եւ վարչական հանձնախմբի անդամ։
Ընկերվար միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների շուրջ 170 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։
ԱՊՀ երկրների կուսակցություններից լիիրավ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է եղել (2003թ)։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան (IUSY)։
ՀՅԴ Մամլո դիվան