Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կարող է ունենալ թե' քաղաքական, թե' անձնական կամ կենցաղային ենթատեքստ: Այս պահին դրա վերաբերյալ ոչ ոք ոչինչ ասել չի կարող: Մնում է հուսալ, որ ԱԱԾ-ի կողմից արդեն հարուցված քրեական գործով կատարված հանցագործությունը կբացահայտվի, թեեւ, որպես կանոն, նման ձեռագրով իրականացված մահափորձերը կամ սպանությունները կա'մ չեն բացահայտվում, կա'մ բացահայտվում են չափազանց մեծ դժվարությամբ: Ամենաթարմ օրինակը 2009թ. փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունն է, որն առ այսօր բացահայտված չէ` չնայած այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Սակայն անկախ այդ հանգամանից` Հայրիկյանի դեմ մահափորձն ակնհայտորեն ուներ ընտրական ներկայիս գործընթացը տապալելու կամ ստվերելու նպատակ: Եթե անգամ այն տեղի է ունեցել անձնական, կենցաղային հողի վրա, միայն այն փաստը, որ դա կատարվում է նախընտրական շրջանում և հատկապես` Հայրիկյանի` նախագահի թեկնածուի կարգավիճակում գտնվելու պարագայում, կատարված քստմնելի այս հանցագործությունը դարձնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև պետական մասշտաբի:
ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ եթե թեկնածուներից մեկի համար ի հայտ են եկել անհաղթահարելի խոչընդոտներ, ապա ընտրությունները պետք է հետաձգվեն առնվազն 2 շաբաթով: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կգործադրվի՞ սահմանադրական այս նորմը, թե՞ ոչ` կախված է Հայրիկյանի առողջական վիճակից: Բայց այն հանգամանքը, որ բժիշկների կողմից թեկնածուի ստացած վնասվածքները գնահատվել են միջին ծանրության, շատ հնարավոր է, որ նման որոշում իսկապես կայացվի: Մանավանդ` դրանով հնարավոր կլինի ապահովել հավասար պայմաններով քարոզարշավ իրականացնելու` բոլոր թեկնածուների, այդ թվում և առաջին հերթին` Պարույր Հայրիկյանի իրավունքը: Սա առավել ընդունելի մոտեցում է թե' մարդկային, թե' քաղաքական և թե' բարոյական առումներով, թեև նման որոշման կայացումն առաջին հերթին պայմանավորված կլինի անձամբ Պարույր Հայրիկյանի որոշումից:
Քաղաքական իմաստով, սակայն, ԱԻՄ նախագահի դեմ իրականացված այս հանցագործությունը, կարծես, ձեռնտու չէր ոչ ոքի, եթե իհարկե, չկան հանրությանն անհայտ ինչ-որ այլ հանգամանքներ: Առաջին հերթին` այն ձեռնտու չէր իշխանությանը` հաշվի առնելով, թե ինչպիսի բծախնդրությամբ ու նյարդայնությամբ է վերջինս փորձում զուտ ֆորմալ առումով իրականացնել Հայաստանի պատմության «ամենաժողովրդավարական ընտրությունները»: Նույնիսկ կարելի է ասել, որ այս ծանր միջադեպն ուղղված է հենց իշխանության դեմ` տապալելու համար այս նպատակադրումն ու ընտրական, կարծես, սահուն ընթացող գործընթացը: Ըստ այդմ` իշխանությունն այս գործի բացահայտումը պետք է ընդհուպ իր պատվի հարցը համարի` դրան ուղղելով իրավապահ-ուժային ամբողջ պոտենցիալը:
Հայրիկյանի «չեզոքացումը» կամ գործընթացից դուրսմղումը պետք չէր նաև ընտրապայքարի մնացած բոլոր խաղացողներին: Իշխանության թեկնածուին նա ոչ միայն չէր խանգարում, այլև, պրոցեսի մեջ ներգրավվելով, նույնիսկ կամա թե ակամա մեծ ծառայություն է մատուցում` ստեղծելով մրցակցության որոշակի էֆեկտ, ինչն օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանությանը` միջազգային հանրությանն ընտրությունները մրցակցային ներկայացնելու առումով: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա այս միջավայրում էլ Հայրիկյանի մեկուսացումը բացարձակ անիմաստ էր` հաշվի առնելով, որ նրանք հաղթանակի համար չպայքարելով` ի դեմս ԱԻՄ առաջնորդի, ով իր մասնակցությամբ նախորդ երկու ընտրություններում միայն պարտվողի իմիջ է կարողացել ձեռք բերել, չէին կարող լուրջ մրցակից տեսնել: Ավելին` երկրորդ էշելոնի խաղացողների` Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Հայրիկյանը ներդաշնակ եռամիասնություն էր կազմել:
Այս իրողությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ կատարված հանցագործությունը ընտրական պրոցեսի, դրանով հանդերձ պետության դեմ ուղղված պրովոկացիա էր, ինչն ադեկվատ և սառնասիրտ արձագանք է պահանջում հասարակական-քաղաքական ամբողջ հանրույթի կողմից: Սա թերևս այն եզակի դեպքերից է, երբ պետականատիրության նկատմամբ պատասխանատվությունը պետք է ուղղակի խլացնի բոլոր տիպի նեղ անձնական, խմբակային շահերն ու հակասությունները, չարախնդությունն ու ամբիցիաները և ամենակարևորը` զսպի այս միջադեպից PR կերտելու` կարծես արդեն իսկ նկատվող գայթակղությունը:
Հայրիկյանի դեմ ուղղված այս հանցագործությունը, սակայն, ընդհանուր առմամբ ցույց է տալիս, թե հասարակությունը, նրա յուրաքանչյուր անդամը, ընտրական և քաղաքական համակարգերը որքան խոցելի ու անպաշտպան են դարձել նման պրովոկացիաների, ոտնձգությունների դեմ, և թե ինչպես կարող է լկտիաբար թիրախավորվել մի ամբողջ պետություն` իր ենթակառույցներով: Սակայն, հուսադրվելով հանդերձ, որ այս անգամ գոնե հնարավոր եղավ խուսափել մարդկային ողբերգությունից, պետք է հուսալ, որ սա կհանգեցնի պետության և հասարակության ընդհանուր իմունիտետի բարձրացմանը, ինչի համար, սակայն, ուղղակի անհրաժեշտ է, որ թե' իշխանությունները և թե' ամբողջ հասարակությունն ու քաղաքական դաշտը համարժեք հետևություններ անեն:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ