Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունները քննարկել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր։ Խոսքն առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է, որը ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային և գետային տրանսպորտի ենթակառուցվածքներ, որոնք սկանդինավյան երկրներն ու ԵԱՏՄ հյուսիս-արևմտյան հատվածը պետք է կապեն Պարսից ծոցի ու Հնդկական օվկիանոսի երկրների հետ։ Այս միջանցքը լրացուցիչ ուղի է նախատեսում Եվրոպա հասնելու համար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստան-Արևմուտք առճակատման բացասական ազդեցությունից:
Հատկանշական է, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ուղու՝ «Պարսից ծոց-Սև ծով» երթուղին անցնելու է Հարավային Կովկասով։ Ու կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե որ կոնկրետ երկրներով այն կանցնի։ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են, որպեսզի Հայաստանը մնա շրջափակման պայմաններում, մաս չկազմի այս նախագծին ու զարգանալու հնարավորություն չունենա։ Հենց այդ նպատակին է ծառայում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման օրակարգը, որի իրականացման պարագայում կտրվում է հայ-իրանական սահմանը, հետևաբար փակվում են նաև Հնդկաստան-Իրան-Հայաստան տրանսպորտային ուղու գործարկման հնարավորությունները։
Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը մեծ միջոցներ է ծախսում, ենթակառուցվածքներ է ստեղծում, որպեսզի ցույց տա, որ առավել արդյունավետ ու քիչ ծախսատար կարող է լինել իր երկրի տարածքով տրանսպորտային ուղիների անցումը։ Ճիշտ է՝ Ռուսաստանը ևս առաջ է մղում Իրանով ու Ադրբեջանով անցնող ԱստարաՌեշտ երկաթուղու կառուցման թեման, սակայն այս երկրին ավելի ձեռնտու կարող է լինել, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքն անցնի ԵՏՄ անդամ Հայաստանի տարածքով։ Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ Հայաստանը ևս գործուն քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ ու աշխատի առաջին հերթին Իրանի ու Հնդկաստանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Վրաստանի հետ։ Բայց հայկական կողմը, ավելի շատ հույսեր կապելով հայ-թուրքական սահմանի բացման հետ, ակտիվ քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Պատահական չէ, որ անցյալ տարի Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը նշում էր, թե «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի հարցի կապակցությամբ իրենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանան հայկական կողմից։
Այնինչ, նման հարցում Հայաստանի մոտեցումը վաղուց պետք է արտացոլված լիներ։ Վերադառնալով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների քննարկմանը՝ նշենք, որ պաշտոնական հաղորդագրությունից առանձնապես մանրամասներ հայտնի չեն, սակայն սոցիալական ցանցերում ակտիվորեն սկսեցին տեղեկություններ տարածվել, թե ստորագրվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհով տարեկան 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության առաջին պայմանագիրը Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի միջև։ Իշխանական ճամբարի ներկայացուցիչները ամբողջ ուժով տարածում էին այս նորությունը՝ մեծ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարելով, պաթոսախառն հայտարարություններով, թե շուտով միլիարդները կհոսեն դեպի Հայաստան, և այդպիսով մեր երկիրը հնարավորություն կստանա դուրս գալ շրջափակման սեղմվող օղակից։
Միգուցե իշխանությանը հարող անձինք փորձում են քարոզչական մակարդակում ցույց տալ, թե աշխարհացունց իրադարձություն է կատարվել, սակայն ցավալին այն է, որ առայժմ Հնդկաստանի, Հայաստանի ու Իրանի միջև չկա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ուղու վերաբերյալ որևէ կոնկրետ գործողություն նախատեսող պայմանագիր կամ պայմանավորվածություն, ընդամենը խորհրդակցություններ են տեղի ունենում։ Սա ուղղակի անլուրջ մոտեցման մասին է վկայում, քանի որ կատարված փաստ է ներկայացվում այն, ինչը դեռ տեղի չի ունեցել։ Հասկանալի է, որ իրականություն դառնալու դեպքում դա չափազանց կարևոր նախագիծ կլինի, բայց և հասկանալի է նաև, որ այդ նախաձեռնության իրականացումը ժամանակ ու հետևողական աշխատանք է պահանջում: Հիմա շատ կարևոր է, որ այդ ամենը վերջապես տեղափոխվի գործնական պայմանավորվածությունների դաշտ: Իսկ դրա համար աշխարհաքաղաքական այս բարդ վիճակում ոչ թե թմբկահարել ու դեռ սաղմնային փուլում գտնվող ինչ-որ բանի համար ցնծալ, այլ աշխատել է պետք, գործադրել մաքսիմալ ջանքեր...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում