կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 17:00
Իրավական

''Ժողովուրդ''-ի գործունեությանը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է

''Ժողովուրդ''-ի գործունեությանը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է

Հայաստանի դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնելու` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման կապակցությամբ։ Խմբագրակազմը կարծում է, որ այդպիսով կարող է վտանգվել թերթի հետագա հրապարակումը և նախաձեռնել է հունվարի 30-ին կազմակերպել բողոքի երթ՝ դեպի դատարան։

 

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության և Սոնա Գրիգորյանի` պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից երեք միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոցներ, որը բավարարվել է մասնակիորեն: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության մասնակի բավարարումը նույն քաղաքացիական գործով պատասխանողների կողմից հանրությանը պարբերաբար ներկայացվում է խեղաթյուրված` տպավորություն թողնելով, թե դրանով կարող է որևէ կերպ վտանգվել «Ժողովուրդ» օրաթերթի բնականոն գործունեությունը:

 

Հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, դրանցում արտահայտված անիրավաչափ կարծիքները, որոնք կարող են մոլորեցնել հանրությանը, ինչպես նաև կարևորելով հանրության` ստուգված, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը` պարզաբանում ենք. 

 

Տվյալ քաղաքացիական գործով հայցվորները միջնորդել են միաժամանակ կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, դրանք են' հայցագնի' երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա, արգելել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով լուսաբանել սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև' դատական վեճի ընթացքը: Դատարանը, քննության առնելով հայցի ապահովման ներկայացված միջոցները կիրառելու միջնորդությունը, գտել է, որ հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը երաշխավորելու համար միայն պատասխանողներին պատկանող գույքի վրա արգելանք դնելն այս դեպքում բավարար է, որպեսզի հետագայում դատական ակտի կատարումը չդառնա անհնարին կամ չդժվարանա:

 

Ինչ վերաբերում է հայցի ապահովման մյուս միջոցների կիրառմանը, ապա դատարանը գտել է, որ հիմքեր չկան եզրահանգելու, որ դրանց չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտի կատարումը:

 

Այսպիսով, ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն, որոշելով` «Հայցագնի` երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին և Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի' բացառությամբ դրամական միջոցների վրա»: Հավելենք նաև, որ միայն պատասխանողների դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդության մերժումն ամբողջությամբ բավարար է, որ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության բնականոն գործունեությունը չխոչընդոտվի հայցի ապահովման կիրառման հետևանքով: Պատասխանող ընկերությունը տնօրինում է իր դրամական միջոցներին ամբողջությամբ, այնպես' ինչպես տնօրինում էր մինչև հայցի ապահովման միջոցի կիրառումը, ուստի կարող է կատարել իր գործունեությունից բխող ցանկացած վճարում, ինչպես նաև ստանալ օգուտներ:

 

Բացի այդ, դատարանը մերժել է նաև հայցվորի միջնորդության` «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև' դատական վեճի ընթացքը լուսաբանելն արգելելու մասով հայցի ապահովման միջոցի կիրառումը:

 

Այս հանգամանքներում հրապարակվող այն կարծիքները, թե իբրև խմբագրության հետագա գործունեությունը վտանգված է, անհիմն են ու մտացածին: Ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հրապարակավ հայտնած այն կարծիքին, թե դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս «ինչ-ինչ պատճառներով» շտապել է, ապա հայտում ենք, որ դատարանի «շտապողականությունը» ելնում է ոչ թե «ինչ-ինչ պատճառներից», այլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջից, համաձայն որի' «Միջնորդությունը քննարկվում է այն ստանալու օրը, և կայացվում է որոշում»: Այս դրույթը չունի բացառություններ, այդ թվում այն դեպքում, երբ մեկ այլ դատարանում նույն կողմերից ավելի վաղ ստացվել և քննության է առնվել ցանկացած այլ հայցադիմում:

 

Հավելենք նաև, որ նույն կողմերի միջև առկա մյուս քաղաքացիական գործով («Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությունը և Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի), չի ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: