կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 10:25
Իրավական

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները օպերատիվ մշտադիտարկման առարկա են

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները օպերատիվ մշտադիտարկման առարկա են

ՀՀ ԱԺ 02.04.17թ. ընտրությունների նախապատրաստման և անցկացման ողջ ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի առանձնահատուկ մշտադիտարկման առարկա են հանդիսացել և հանդիսանում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները:

03.04.17թ. a1plus.am կայքում հրապարակվել է «Լրագրողներին խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն» վերտառությամբ հոդվածը, որում նկարագրվել են նման բնույթի 10 դեպքեր:

Հրապարակված դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցից 5-ի՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի, «Araratnews.am» կայքի թղթակից Շողիկ Գալստյանի, «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի, «Հետքի» թղթակից Գրիշա Բալասանյանի և Գյումրու թիվ 32/31 ընտրական տեղամասում «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Նարեկ Կիրակոսյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի մշտադիտարկման արդյունքում դեևս 02.04.2017թ. ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Առաջին երկու դեպքերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մյուսներով՝ ստուգման գործողությունները դեռևս շարունակվում են:

Ինչ վերաբերում է թիվ 9/29 ընտրական տեղամասում «Armtimes.com» լրատվական կայքի լրագրող Տիրայր Մուրադյանի, Սարի թաղի թիվ 10/3 ընտրական տեղամասում «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Քրիստինե Պողոսյանի, Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ 12/35 ընտրական տեղամասում «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի, Ճամբարակի թիվ 20/24 ընտրական տեղամասում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի և թիվ 6/01 ընտրական տեղամասում «News.am» լրատվական կայքի թղթակից Լուսինե Շահբազյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներին, ապա դրանք ևս 04.04.17թ. ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց՝ այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և վստահեցնում, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները դեպքի իրական հանգամանքները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու համար:

Գլխավոր դատախազություն