կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 18:53
Առանց Կատեգորիա

Երեք նախագահների ժողովուրդը

Երեք նախագահների ժողովուրդը

Բոլորն են ուզում հասկանալ` ինչո՞ւ երկրում որեւէ փոփոխություն իրականացնել հնարավոր չէ: Որտե՞ղ է սխալվել կամ սխալվում ընդդիմությունը 1991-ից ի վեր, որ չի կարողանում իշխանություն վերցնել: Եվ, ի վերջո, ինչո՞ւ պետք է փոփոխության հասնել` անպայման իշխանություն վերցնելով: Քաղաքական գործիչներից բացի, ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն այս հարցերի պատասխանը: Նույնիսկ` Նազենի Հովհաննիսյանը:

 

Փոփոխություն իրականացնել հնարավոր չէ, որովհետեւ 1991-ից ի վեր իշխանությունը ձեւավորել է ժողովուրդ: 1991-ից ի վեր փոխվել է միայն ժողովուրդը: Այսինքն` ամեն իշխանություն ժողովուրդ է ձեւավորել: Տեր-Պետրոսյանի ժողովուրդը, որը պատերազմ ու մութ էր տեսել, ի վերջո, հանդուրժեց Սահմանադրության կեղծումն ու 1996-ի ընտրությունները: 1998-ին Ռոբերտ Քոչարյանը ձեւավորեց մի ժողովուրդ, որը սահուն հանդուրժեց օլիգարխան, ավելին` երազում էր մաս լինել օլիգարխիայի: Ձեւավորվեց ժողովուրդ, որի երազանքներն սկսեց ձեւակերպել իշխանությունը: Այդ ժողովուրդը անօրինականության քունջուպուճախներում կյանք էր կազմակերպում: Նա գիտեր, որ դատարանների վրա իշխանություն չունի, որ կոռուպցիայից կարող է օգտվել, եթե տալու բան ունի: Քոչարյանի իշխանության օրոք ժողովուրդն իսկապես կարողացավ դառնալ իշխանության մաս, որովհետեւ հստակեցվել էին նրա «տեսլականները»: Ինքը` ժողովուրդը, ոչ մի խաղի մեջ չկա, ինքը չի կարող իշխանությանն ասել` կերաք երկիրը, որովհետեւ հարց էր, թե ով չի ուտում երկիրը:

 

2008-ին Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ իր ժողովրդի ձեւավորմանը: Եվ պետք է ասել, որ այդ ժողովրդի կերպարում ապոկալիպսիսային ինչ-որ բան կար: Սերժ Սարգսյանը հենց որպես ապոկալիպսիս էլ եկավ, այսինքն` նա առաջարկելու ոչինչ չուներ ժողովրդին: Երեք նախագահներից միակն էր, որի ժողովուրդ ունենալու ռեսուրսները զրոյական էին: Եվ չնայած դրան, նա ստեղծեց իր ժողովուրդը: Միակն էր, ով ոչ մի լծակ չուներ ժողովուրդ ունենալու: Միակն էր, որի հետ պայքարի մեջ մտավ մի մարդ, որն արդեն ուներ իշխանությունից անկախ ժողովրդի տեսլականը: Նախկինում այդպիսի ընդդիմություն չէր եղել: Եվ այդքանով հանդերձ Սերժ Սարգսյանը միակն է, որի` ժողովրդին դիմազրկելու գործողություններում մեթոդ կար: Նա կարողացավ դիմազրկել նաեւ քաղաքականությունը: Դիմազրկվեց ամեն ինչ, ինչին հնարավոր էր անուն տալ (դիցուք` «ընտրությունները» որպես ինստիտուցիոնալ եզրույթ), հանուն որի աշխարհում փիլիսոփաներ ու երկրների առաջնորդներ էին գլուխ ջարդել: Չնայած այն վիճակին, որը դեռ չի բնորոշվել, հանգիստ թողնենք Սերժ Սարգսյանին: Ինչպիսի՞ն է նրա ժողովուրդը: Եվ նրա ինչի՞ն է պետք այդ ժողովուրդը:

 

Հայ ժողովրդին այսօր ընտրություններ պետք չեն: Մինչդեռ նախորդ բոլոր 5 դեպքերում նա հենց ընտրությունների հետ է կապել փոփոխությունների հասնելու հույսը: Այսինքն` այսօր կազմաքանդվել է ժողովուրդը: Գլխավոր ապականությունը նրա մեջ է տեղի ունեցել, ոչ թե իշխանության: Եվ այդ ապականությունը ընտրակեղծարարություններին կամ կաշառակերությանը մասնակցելը չէ: Իշխանությունը երբեք չի կեղծել իրեն: Նա ամեն ինչ արել է հենց իշխանություն լինելու համար: Ժողովուրդն է, որ ոչինչ չի արել ժողովուրդ լինելու համար` թերեւս Արցախյան ճակատամարտը հաղթելուց ի վեր: Այսօր իշխանությունը գործ ունի մի ժողովրդի հետ, որն այլեւս ընկնելիս հասնելու տեղ չունի, որը նույնիսկ կեղծ տեսլականներ չունի վերստին «բարձրանալու» համար: Սերժ Սարգսյանն ընտրությունների է գնում հենց այսպիսի ժողովրդով: Նա միակն է, ով ժամկետից շուտ ավարտեց ժողովուրդ արարելու իր ծրագիրը: Առաջին անգամ ժողովուրդն իր «արարիչներից» հեռու է գնացել: Հարցն այն է, թե իր անկման մեջ ե՞րբ տեղ կհասնի ժողովուրդը: Որովհետեւ կա վտանգ, որ երկար ճանապարհ ունենք անցնելու: Իսկ այդ ընթացքում իշխանությունն առաջին անգամ կարող է առանց աչքը թարթելու եւ միջազգային հանրությանը խրտնեցնելու անցնել դինաստիական կառավարման:


Սեյրան Հանոյան