կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 14:04
Տարածաշրջան

Սահակաշվիլին առաջարկում է կազմակերպել Վրաստանի երեք նախագահների հանդիպում

Սահակաշվիլին առաջարկում է կազմակերպել Վրաստանի երեք նախագահների հանդիպում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կարծիքով՝ հասարակության հաշտեցման համար երկխոսությունը պետք է սկսել երկրի ներկայիս ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիի և նրա նախորդ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումով։ Այս մասին ասվում է Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում։

Ելույթ ունենալով հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում՝  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է նախաձեռնել համազգային երկխոսություն՝ երկրի քաղաքացիների միջև փոխըմբռնման հասնելու համար։ Նրա կարծիքով՝ դա «ամենահուսալի ճանապարհն է դեպի համախմբված ժողովրդավարություն»։

«Չեմ կարող չհիշել Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ երեք նախագահների հանդիպման վերաբերյալ մամուլում հնչեցրած առաջարկը... Որպես անօրինական բանտարկյալ՝ պատրանքներ չունեմ, որ դրա հիման վրա կազատվեմ։ Ուստի առաջարկում եմ, որ առաջին նման հանդիպումն անցկացվի Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ ես դեռ գերիի կարգավիճակում եմ և ձեզանից ներում չեմ խնդրում և չեմ էլ պատրաստվում խնդրել այս հանդիպմանը։ Ես խորապես համոզված եմ, որ նման երկխոսությունն այլընտրանք չունի»,- գրել է Սահակաշվիլին։

Նա կոչ է արել վրաց հասարակությանը, քաղաքական ուժերին, ոչ կառավարական հատվածին, լրատվամիջոցներին ու միջազգային հանրությանը՝ աջակցել իր նախաձեռնությանը։

«Վրաստանը խաղաղության, զարգացման և ամբողջական վերագործարկման կարիք ունի։ Ժամանակը շատ քիչ է, և ոչ մի րոպե պետք չէ վատնել»,- ասել է Վրաստանի երրորդ նախագահը։

Վրաստանում տարեցտարի հասարակության բևեռացումը գնալով ավելի է սրվում, որն արտահայտվում է իշխող «Վրացական երազանքի» կողմնակիցների և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորած ընդդիմության դիմակայությամբ։ Արեւմտյան գործընկերները բեւեռացումը համարում են երկրի գլխավոր խնդիրներից մեկը։ Նրանք պարբերաբար մատնանշում են հասարակության մեջ տարաձայնությունները հաղթահարելու անհրաժեշտությունը՝ բնականոն քաղաքական գործընթաց սկսելու համար։