Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երեք նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ հայտնի նամակն ուղարկելուց առաջ նամակի հեղինակ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց այդ ժամանակ, ինչպես Yerkir.am-ին հայտնել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, նա այդ նամակի բովանդակության կամ երեք նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնության մասին բառ անգամ չի խոսել:
Yerkir.am-ն այսօր փորձեց Իսագուլյանից ճշտել, թե ինչու նա այդ հանդիպման ժամանակ նամակի ու նախաձեռնության մասին չի խոսել Ռոբերտ Քոչարյանի հետ, որին Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, թե մինչեւ երկրորդ նախագահի հետ հանդիպումը, չի ունեցել երեք նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնություն` այդպիսի նախաձեռնության մտահղացումն ի հայտ է եկել այդ հանդիպումից հետո:
«Այո’, մի քանի օր առաջ իսկապես հանդիպել եմ երկրորդ նախագահ պարոն Քոչարյանի հետ, բավականին երկար ու շատ լուրջ զրույց ենք ունեցել, բայց այդ ժամանակ մեր առջեւ դեռեւս այս խնդիրը ծառացած չէր»,- պարզաբանեց Գառնիկ Իսագուլյանը:
Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին` թե արդյո՞ք այդ հանդիպումն ազդել է նման նախաձեռնության մտահղացման վրա, Իսագուլյանը հավելեց, թե սեպտեմբերի 3-ին է նման միտք ծնվել: Նա նշեց նաեւ, որ երբեւէ խնդիր չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու հարցում, ուստի ընկալելի է համարում նաեւ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը, որ երկու օր առաջ կայացած հանդիպման ժամանակ նման թեմա չի արծարծվել, ու հետո այսպիսի նամակ են ստացել:
«Դրա համար էլ մենք նամակը շարադրել ենք շատ զգույշ, նամակի մեջ այդ բովանդակության մասին, այսինքն` հանդիպում կազմակերպելու մասին, որեւէ խոսք չկա: Սա ընդամենը հանդիպում է, որպեսզի քննարկվեն այն խնդիրերը, որոնք այսօր ծառացած են մեր պետության ու ժողովրդի առջեւ. գուցե քննարկումների ժամանակ կծնվի նոր գաղափար»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե Վիկտոր Սողոմոնյանը ասել էր, որ չեն պատրաստվում որեւէ կերպ արձագանքել իր նամակին, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, թե երկրորդ նախագահի գրասենյակի դիտարկումը վերաբերում է այն հարցին, որ ինքը երբեք որեւէ խոչընդոտ չի ունեցել, երբ ուզեցել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ:
Yerkir.am-ը Իսագուլյանից հետաքրքրվեց նաեւ, թե ինչ է պատրաստվում անել Գառնիկ Իսագուլյանը` իր նախաձեռնության ցանկացած արդյունքի կամ զարգացման դեպքում, որի կապակցությամբ բանախոսը նշեց, թե հենց դրա համար նամակի մեջ չի ներառվել, թե կոնկրետ ինչ է առաջարկվելու, եթե քննարկումը լինի ներկա իրավիճակում:
«Երբ որ քննարկվի, բնականաբար, իմ կողմից հարց է լինելու նախագահներից յուրաքանչյուրին. դե լավ` ո՞րն է ելքը: Եվ կարծում եմ` այդ պատասխանից է կախված շատ բան»,- նշեց Գ. Իսագուլյանը` հավելելով, թե ինքն արդեն հաջողություն է համարում, որ նախագահների գրասենյակներում արդեն բավականին լուրջ քննարկումներ են եղել: