Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը կոչ է անում ընդդիմախոսներին, որպեսզի իշխանությունների ու նրանց ներկայացուցիչների մասին ցանկացած քննադատություն ու խոսքի լինեն արդարացի եւ փաստերով հիմնավորված: Այսօր նա Արմեն Մարտիրոսյանի եւ Սոս Գիմիշյանի հետ իրենց թեկնածուների նախընտրական ծրագրերի շուրջ բանավեճի ժամանակ նշեց, որ իրենց` ՀՀԿ-ի, ընտրությունների գնալն նախեւառաջ ենթադրում է ազատ արդար եւ օրինակելի ընտրությունների գնալը:
Ինչ վերաբերում է ծրագրերում թվերի առկայությանը, ապա Սահակյանը նշեց, որ դրանց հետ կարելի է համաձայել, նաեւ` չհամաձայնել: Իսկ Սերժ Սարգսյանի ծրագիրն ամբողջովին իրատեսական ծրագիր է:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, ի պատասխան Հովհաննես Սահակյանի դիտարկումներին, նշեց, թե ինքն ակունքներից է ծանոթ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին, որը ներկայացվել է «Թումո» կենտրոնում, եւ որի ժամանակ ինքն ասել ու մեկ անգամ էլ այսօր վերահաստատեց իր այն հայտարարությունը, որ այդ ծրագիրը կիրագործվի միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ն լինի ընդդիմություն, իսկ «Ժառանգությունը»` իշխանություն:
Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանն այս բանավեճին վստահեցրեց, որ երբ Բագրատյանն ասում է` հինգ տարում տարեկան կլինի 11 տոկոս աճ, իսկ արդյունքում` բոլոր ցուցանիշները 5 տարի հետո կկրկնապատկվեն, ապա դա լիովին հաշվարկված է: Եվ դա կլինի, քանի որ վերաբաշխման մեխանիզմների արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ ճիշտ տնտեսական քաղաքականության իրականացման դեպքում ավելի մեծ արդյունքների էլ կարելի է հասնել: Գիմիշյանը նաեւ ավելացրեց, որ իրենք էլ անթերի չեն, եւ ամեն ինչ չէ, որ կստացվի եւ կհաջողվի, բայց ծրագրի մեծ մասը կյանքի կկոչվի:
Հովհաննես Սահակյանը օգտվեց իր խոսքի իրավունքից եւ հակադարձեց Արմեն Մարտիրոսյանին ու Սոս Գիմիշյանին` նշելով, թե եւս մեկ անգամ փորձում է քաղաքական բանսարկությունից հետ պահել քաղաքական գործիչներին` պահանջելով քննադատությունները հիմնավորել փաստերով: Նա ասաց, որ եթե փաստերը չեն ներկայացվում, ապա միմիայն ազնիվ խոսքի վրա հիմնված քննադատությունների ժամանակներն արդեն անցել են:
Ի դեպ` Հովհաննես Սահակյանը Արմեն Մարտիրոսյանին ասաց նաեւ, որ եթե «Ժառանգության» թեկնածուն երկու ամսվա մեջ չփոշմանի, ընդ որում` երեք անգամ, գուցե ինքն էլ համաձայնի նրա ծրագրի հետ: Սրան ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի փոխել իր կարծիքն ու դիրքորոշումը` օրինակ բերելով Արցախի խնդրում նրա դիրքորոշումը: