կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 18:41
Առանց Կատեգորիա

Հացադուլ` ընդդեմ հողմաղացների

Հացադուլ` ընդդեմ հողմաղացների

Երբ քաղաքական դաշտի մարգինալացման ֆոնին սկսում է ընդգծվել քաղաքացիական դաշտի բյուրեղացման, դրա կողմից հասարակական-քաղաքական գործընթացների գեներատորի գործառույթներն ստանձնելու պահանջը, որոշ անհատների դրսևորած վարքագիծն սպառնում է արժեզրկել այս միտումը:

 

Առաջին նման փորձը ձեռնարկեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` դեռ 2011թ. մարտին, երբ «Ազատության» հրապարակում ձեռնարկեց իր հայտնի նստացույց-հացադուլը: Հովհաննիսյանն այդ ակցիան ձեռնարկեց` արաբական գարնան ազդեցությամբ` իբր, քաղաքացիական ապակենտրոն նոր շարժման նախադրյալներ ստեղծելու համար: Բայց քանի որ դա մատուցում էր ոչ թե որպես քաղաքական, այլ բացառապես քաղաքացիական նախաձեռնություն, որևէ մեկին որևէ կոնկրետ պահանջ ներկայացնել չկարողացավ: Արդյունքում` նա ոչ միայն արդյունքի չհասավ, այլև անլուրջ վիճակի մեջ դրեց իրեն և իր ղեկավարած կուսակցությանը` ընդամենը ցույց տալով, թե ինչպես կարելի է քաղաքական շարժառիթներով շահագործել քաղաքացիականության գաղափարը:

 

Նախագահական ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներ` Արման Մելիքյանը և Անդրիաս Ղուկասյանը, դիմել են ԿԸՀ-ին` գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով` այն հիմնավորմամբ, որ ընտրություններին նրա մասնակցությունը խախտում է իրենց` իբրև ընտրողների, իրավունքները: Անդրիաս Ղուկասյանն անգամ վերջնագիր էր ներկայացրել, որ եթե իր այդ պահանջը չբավարարվի, դիմելու է անժամկետ հացադուլի: ԿԸՀ-ն որոշել է մերժել թեկնածուների դիմումները, և Անդրիաս Ղուկասյանը ստիպված է լինելու գործի դնել հացադուլի դիմելու իր սպառնալիքը: Թերթերից մեկի հետ հարցազրույցում իր այդ քայլը նա փաստացի ներկայացնում է որպես ինքնազոհողություն` հանուն իշխանության վերարտադրման, դրա համար կիրառվող ընտրախատումների համակարգի դեմ պայքարելու քաղաքացիական գիտակցություն ձևավորելու:

 

Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, Ղուկասյանի պահանջն, իհարկե, շատ հստակ ու կոնկրետ է, բայց իր անտրամաբանականությամբ այն նախադեպը չունի: Ղուկասյանը չի բացատրում ու առարկայորեն հիմնավորում, թե ընտրություններին Սերժ Սարգսյանի կամ որևէ այլ մեկի մասնակցությունն ինչպես է խախտում քաղաքացու` իր իրավունքները: Այդ ո՞ր իրավական ակտով, ո՞ր փաստաթղթով է հիմնավորված, ո՞ր անհատը, քաղաքական ուժը, կազմակերպությունն է կարողացել ապացուցել, որ լայնածավալ ընտրախախտումներն ազդել են նախորդ ընտրությունների արդյունքների վրա, և դա կազմակերպել ու համակարգել է անձամբ Սերժ Սարգսյանը: Խնդիրն, իհարկե, այն չէ, որ ընտրախախտումներ չեն եղել և դրանք չեն ազդել արդյունքների վրա: Ընդհակառակը` իրենց բնույթով ու ծավալով դրանք պարզապես անհամեմատելի են նախորդ ընտրություններում գործադրվածների հետ: Բայց որքանո՞վ է դա հիմնավորված:

 

Խորհրդարանական ընտրություններում կեղծարարության մեխանիզմները մերկացնելու, դրա դեմ պայքարելու համար հատուկ միջկուսակցական շտաբ էր ձևավորվել: Բայց անգամ շտաբում ներգրավված քաղաքական ուժերը, հայտարարելով հանդերձ, որ ԱԺ-ում հաստատված ուժերի հարաբերակցությունը չի արտացոլում հանրային վստահության իրական պատկերը, այսինքն` ընտրությունները կեղծվել են, չբողոքարկեցին քվեարկության հայտարարված պաշտոնական արդյունքները: Որովհետև փաստական ամուր բազան ձևավորել չկարողացան: Անգամ միջազգային դիտորդները ֆիքսեցին, որ, չնայած որոշ խախտումներին, ընտրություններն անցել են համեմատաբար բարձր մակարդակով:

 

Զգացմունքներից զատ, քաղաքականությունը պահանջում է ռացիոնալիզմ, փաստարկվածություն: Եթե ձեռքի տակ հակառակն ապացուցող փաստեր չկան, նման քայլերը վերածվում են հողմաղացների դեմ մանկամիտ պատերազմի: Նույն տրամաբանությամբ կարելի է պահանջել ԿԸՀ-ից` հանել, օրինակ, Պարույր Հայրիկյանի թեկնածությունը, քանի որ նրա մորուքն այս կամ այն թեկնածուին դուր չի եկել: Չի կարելի անխոհեմ, չհաշվարկված քայլերով խոհեմություն ու լրջմտություն պահանջել հասարակությունից:

 

Մյուս կողմից` ենթադրենք, թե Սերժ Սարգսյանի մեղավորությունը հաստատված է, ԿԸՀ-ն էլ ինչ-որ հրաշքով նրա թեկնածությունը հանել է: Արդյոք դա բավարա՞ր է արդար ընտրություններ անցկացնելու համար: Ի վերջո, խնդիրը միայն նախագահի անձի մեջ չէ, այլ համակարգի, որը վերարտադրության խնդիր ունի: Եթե չլինի Սերժ Սարգսյանը, ի հայտ է բերվելու իշխանության մեկ այլ թեկնածու, և վարչական, օլիգարխիկ ու քրեական ամբողջ ռեսուրսն սկսելու է աշխատել այդ թեկնածուին անցկացնելու համար: Բացի դրանից` նման մոտեցումն ընդհանրապես անհասկանալի է մարդու իրավունքների տեսանկյունից. իրավականորեն նոնսենս է` պահանջել իշխանության ներկայացուցչից չմասնակցել ընտրություններին միայն նրա համար, որ իշխանության ներկայացուցիչ է: Նույն կերպ այդ ճամբարից կարող են պահանջել` չգրանցել ընդդիմության թեկնածուին, որովհետև ընդդիմություն է: Այսինքն` ճանապարհը ոչ թե իշխանական թեկնածուի առաջադրումը բոյկոտելն է, այլ ընտրակեղծիքների ողջ մեխանիզմը բացահայտելը կամ առնվազն հասարակությանը դրա դեմ տրամադրելը:

 

Այլ կլիներ խնդիրը, եթե Ղուկասյանը կամ թեկնածուներից որևէ մեկը, կամ այլընտրանքային բոլոր թեկնածուները օրակարգային հարց դարձնեին ընդհանրապես քաղաքացիական հասարակության ու քաղաքական ուժերի համատեղ` ընտրախախտումների դեմ համընդհանուր շարժում ծավալելը` հաշվի առնելով ՀԿ-ների` դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքը և ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու կուսակցական ռեսուրսները: Սա նաև ենթադրում է ոչ միայն պայքար իշխանության և վարչական ռեսուրսի, այլ նաև հանրային լյումպեն այն զանգվածների դեմ, որոնք, մեծամասնություն կազմելով, ընտրակաշառք վերցնելով, սեփական բնակարաններում օտար անձանց գրանցելով, իշխանության մանիպուլյացիաներին տրվելով, վախենալով և այլն, սեփական կամքով դառնում են ընտրակեղծարարության գործիքները և քաղաքացիականությանը դարձնում դրա գերին:

 

Եթե պահանջն արդար ընտրություններն են` դրան խոչընդոտող այս կամ այն անձի մեկուսացմամբ, ապա Ղուկասյանը ստիպված է հացադուլ հայտարարել նաև այդ զանգվածներին ընտրելու իրավունքից զրկելու պահանջով: Սա ոչ թե մոբիլիզացնելու է քաղաքացիական հասարակությանը, այլ նրա համար սխալ և ապակառուցողական օրակարգ է ձևավորելու: Իսկ դա բացարձակապես ինքնանպատակ է դարձնում քաղաքացիական ակտիվությունը, զրկում նրան մոտիվացիայից և հավակնում այս նոր նկատելի միտումները վերածել անձնական նկրտումների գործիքի: Նման նուրբ հարցերը չէ, որ պետք է դարձնել նախընտրական քարոզչության մանրադրամ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ