կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 17:04
Առանց Կատեգորիա

Անտիբիզնես կառավարություն

Անտիբիզնես կառավարություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել էր գործարարների հետ, ասել, որ տարին չափազանց բերքառատ է եղել, վերամշակող ընկերություններն էլ ստիպված չափից ավելի մթերումներ են արել: «Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետեւողական: Մեր նպատակն է, որ տեղական եւ օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն եւ օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը պետք է լինի առարկայական, տեսանելի ու շոշափելի` երկիրը գործարար միջավայրի դյուրինությամբ ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում...»,- ասել է երկրի ղեկավարը:

 

Նպատակները, ինչպես ասում են, բարի են, բայց, ցավոք, ստիպված ենք փաստել, որ նախագահի «պիտի այսպես անենք»-ը հերթական կենաց է: Բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլեր, կարծես, կատարվել են, ներդրումային միջավայրի առումով՝ եւս, բայց այդ ամենը միմիայն օդի մեջ բարեփոխումներ են:

 

Բերենք մի քանի փաստ: Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան հոկտեմբերի 23-ին հրապարակեց Doing business-2013 ցուցիչը, որով Հայաստանն աննախադեպ առաջընթաց է արձանագրել՝ զբաղեցնելով 32-րդ տեղը՝ նախորդ տարվա 50–րդ տեղի համեմատ: Ամենամեծ առաջընթաց Հայաստանն արձանագրել է «ներդրումային միջավայր» ենթացուցիչում՝ միանգամից 73 կետով (նախորդ տարվա 98-րդ տեղի համեմատ` այս տարի զբաղեցնում ենք 25-րդ տեղը): Կառավարությունը հաջորդ նիստը նվիրեց այս հազվագյուտ առաջընթացին, եղան քննարկումներ, վարչապետի հետ հանդիպեց ԱՄՆ դեսպանն ու շնորհավորեց, եւ այլնմ եւ այլն: Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ 32-րդ տեղն ինչ, մենք պետք է տասնյակում հայտնվենք:

 

Սակայն ինչպես ցույց տվեց իրականությունը, մեր առաջընթացը միայն թվերով է, եւ այն իրական կյանքի վրա ունի այն ազդեցությունը, որքան որ նախագահի ու վարչապետի հանձնարարականներն են, կարճ ասած՝ 0 ազդեցություն: Մասնավորապես` այս տարվա առաջին 9 ամիսներին մեր տնտեսությունում իրականացվել է 391 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում, ինչն ավելի քան 35 տոկոսով զիջում է անցած տարվա նույն ցուցանիշին: Անցած տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության մեջ 603 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել: Փաստորեն, Հայաստանը տարեցտարի ավելի գրավիչ է դառնում բիզնեսի եւ ներդրումների համար, բայց օտարերկրյա ներդրումներն օրեցօր նվազում են: Ավելին` ոչ միայն պակասել են ներդրումները, այլեւ շատ ներդրողներ բիզնեսը Հայաստանից տեղափոխել են գործարարության համար առավել հարմարավետ երկրներ, օրինակ՝ Վրաստան:

 

Նոյեմբերի 15-ին էլ ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակեց 2012 թվականի տարեկան զեկույցը, ըստ որի՝ բիզնեսի իրականացման համար ստեղծված նպաստավոր պայմաններով Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: 12 նիշով էլ այստեղ ենք բարելավել մեր ցուցանիշները, սակայն, սա բնավ մոտ չէ Համաշխարհային բանկի աղյուսակին: Ու հիմա կարդում ենք նախագահի հայտարարությունը բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու շարունակական ջանքերի մասին ու զարմանում. նախագահը տեղյակ չէ՞ իրականությունից: Եթե տեղյակ է, ուրեմն բարեփոխումները բոլորովին այլ ուղղությամբ են` անարդյունավետ:

 

Չգիտենք՝ գործարարները նախագահի այս ելույթին, ծափահարությունից բացի, այլ խոսք ուղղել են, թե` ոչ, սակայն հերթական անգամ ապացուցվում է, որ մեր կառավարության հիմնական նպատակը կոսմետիկ բարեփոխումներով միջազգային վարկանիշային աղյուսակներում ինչ-որ տեղեր զբաղեցնելն է, թեկուզ՝ իրականությունը խեղաթյուրելով: Մինչդեռ մեզ՝ քաղաքացիներիս, եւ գործարարներին այդ թվերը չէ, որ հետաքրքրում են: Փաստացի, նախորդ տարի, երբ հարկային, մաքսային եւ այլ համակարգերում բարեփոխումներ չէին արվել, իսկ Doing business-2012-ում Հայաստանը ոչ թե 32, այլ 50-րդ տեղում էր, ներդրումներն ավելի շատ էին: Հայաստանն այս առումով էլ աննորմալ երկիր է:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ