Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկար մտորելուց հետո ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գտավ նախագահական ընտրություններին չառաջադրվելու` թերևս ամենադյուրին և ամենատրիվիալ պատճառաբանությունը` իր վաթսունութ տարեկան լինելը և այդ տարիքում նախագահի պաշտոնին հավակնելու անհնարինությունը:
Թե երբվանից է սկսել Տեր-Պետրոսյանը Հայաստանը համարել զարգացած ժողովրդավարական կամ գոնե դրան նմանվող երկիր, որտեղ, ըստ նրա, հնարավոր չէ այդ տարիքում նախագահի պաշտոնին հավակնել, այն դեպքում, երբ արդեն 5 տարի համոզում էր, որ ապրում ենք թաթար-մոնղոլական և ավազակապետական համակարգում, դժվար է ասել: Գուցե նրա հայացքների փոփոխությունը սկսել է էվուլյուցիա ապրել «եղիազարայնթապցիական» քաղաքագիտական վերլուծություններին զուգահեռ: Սակայն փաստը մնում է փաստ, որ Տեր-Պետրոսյանը ոչ միայն հրաժարվում է մասնակցել նախագահական ընտրություններին, այլև առհասարակ դուրս է գալիս մեծ քաղաքականությունից և անցնում վաստակած քաղաքական «թոշակի»: Տարիքին հղում կատարելը այլ եզրակացության տեղ չի թողնում:
Քաղաքական պայքարի հիմնական մոտիվացիան իշխանության գալու ձգտումն է` անձնական կամ անանձնական նկատառումներով: Եթե իշխանության գալու միակ օրինական միջոցից` ընտրություններին մասնակցելուց, մարդը հրաժարվում է` տարիքը վկայակոչելով, նշանակում է նա համարում է, որ այլևս քաղաքականության մեջ անելիք չունի կամ այլևս իշխանության գալու շանս չունի:
Նախագահական ընտրություններին չմասնակցելու` Տեր-Պետրոսյանի որոշումն իրականում տարիքի հետ որևէ կապ չուներ: Պատճառը միայն Հայաստանի զարգացած կամ ժողովրդավարական պետություն չլինելը չէ: Եթե իսկապես դա լիներ իրական պատճառը, ապա այսքան տևական ժամանակ առաջադրվել-չառաջադրվելու անորոշությունը, ինտրիգը պահելու որևէ անհրաժեշտություն չէր ունենա: Հենց սկզբից նա կարող էր հայտարարել, որ 68 տարեկան մարդուն ուղղակի հակացուցված է լինել երկրի նախագահ, և դուրս կգար խաղից: Երկրորդ` եթե նա իսկապես այն համոզման էր, որ նախագահի պաշտոնին հավակնելու ամենաօպտիմալ տարիքային սահմանը 40-60 տարեկանն է, ապա չպետք է առաջադրվեր նաև 2008թ., երբ այդ սահմանը նա գերազանցում էր 3 տարով: Ընդ որում` այն ժամանակ էլ, հենց Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ, Հայաստանում ոչ թե քաոսային իրավիճակ էր, կառավարման բացակայություն, այլ գերկառավարում և իշխանության գերկենտրոնացվածություն: Այսինքն` չկար նաև այդ տարիքում առաջադրվելու այն միակ բացառությունը, որին հիմա հղում է կատարում Տեր-Պետրոսյանը:
Իրականում այս որոշումը շրջադարձային է ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտի ու համակարգի համար` պայմանավորված հենց ընդհանրապես առաջին նախագահի կողմից ասպարեզը թողնելու հանգամանքով: Նախ` խաղից դուրս է գալիս քաղաքական դաշտը գեներացնող երեք հիմնական կենտրոններից, այսպես կոչված` հայաստանյան քաղաքական դաշտը ամայացնող հայտնի բերմուդյան եռանկյունու անկյուններից մեկը: Տեր-Պետրոսյանն իր հեռանալով ասպարեզը թողնում է մյուս հիմնական խաղացողներին` Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որոնք, այս շրջադարձային պահից սկսած, կանգնում են քաղաքական դաշտը երկբևեռ դարձնելու ուղղությամբ վերաձևելու խնդրի առջև, եթե, իհարկե, նրանցից որևէ մեկը, այս պահի դրությամբ` Ռոբերտ Քոչարյանը, ևս արդեն չի համակերպվել «ամենաերիտասարդ թոշակառուն» լինելու` իրեն համառորեն պարտադրվող կարգավիճակին:
Հետևաբար` հասունանալու է հետևյալ հարցը` արդյոք քաղաքական դաշտը պատրա՞ստ է վերադասավորվել այս երկու բևեռների (որքանով են դրանք հակադիր կամ փոխլրացնող, կեղծ կամ իրական, էական չէ) միջև, թե՞ ի հայտ է գալու բոլորովին նոր, ապաբևեռացված համակարգ ստեղծելու խնդիր: Եվ այս իմաստով առավել հետաքրքրական է դառնում ՀԱԿ-ի` որպես քաղաքական միավորի հետագա կողմնորոշման և ճակատագրի հարցը:
Տեր-Պետրոսյանի այս որոշումը ՀԱԿ-ի համար հարված էր թիկունքից: ՀԱԿ-ում պատրաստ չեն բախվելու այնպիսի իրականության, երբ գաղափարական ու աշխարհայացքային տարբեր կողմնորոշումներ ունեցող շրջանակներին միավորող, սոսնձող միակ գործոնը ինքնակամ դուրս է գալիս խաղից և նրանց թողնում անորոշությանը դեմ հանդիման: Տեր-Պետրոսյանն այս ընթացքում այդպես էլ չկարողացավ գտնել իրեն արժանի փոխարինող: Վերջին, թերևս հուսահատ ու ուշացած փորձը կարելի է համարել «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրումը մինչև ՀՀՇ-ի համագումարը, որը կարող էր ոչ միայն Տեր-Պետրոսյանի գիտությամբ, այլև խորհրդով արված լինել` փորձելու համար հասկանալ, թե արդյոք հնարավո՞ր է հենց Բագրատյանին մղել առաջ, և որքանո՞վ են ՀԱԿ-ի ուժերը պատրաստ նրան ճանաչել որպես իր «հետնորդի»:
Սակայն Բագրատյանի առաջադրման մասին հայտարարությունից և առաջադրումից հետո ՀԱԿ-ում և նրա շուրջն առկա հասարակական-քաղաքական շրջանակներում ռեզոնանսի բացարձակ բացակայությունը վերջնականապես կարող էր համոզել Տեր-Պետրոսյանին, որ խաղից արժանապատիվ դուրս գալու միակ տրամաբանական ճանապարհը այս ճակատային միջոցն էր` տարիքին հղում կատարելը: Բայց իրականությունն այն է, որ սա իրապես պրագմատիկ, ոչ հեշտ կայացված որոշման արդյունք է, որը պայմանավորված է առանց լուրջ ռեսուրսի ու հանրային աջակցության բոբիկ ջուրը մտնելուց խուսափելու հետ: Տեր-Պետրոսյանը պարզապես չկարողացավ դուրս գալ անցած երեք տարիներին թույլ տված չափազանց լուրջ, ու ինչպես պարզվում է հիմա` ճակատագրական սխալների տակից:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ