Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ամեն ինչ անում է` Հայկական հարցը չեզոքացնելու համար: Այս քաղաքականությունն այն բանի արձագանքն է, որ կա 2015 թվական, որն, անկախ մեր ցանկություններից ու կարծիքից, կարեւոր գործոն է դառնալու. լրագրողներին այսօր ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Իսկ այդ «ցունամին», ինչպես անվանում են թուրքական շրջանակները, կանխելու համար նրանք մանր զիջումների են գնում` նորոգում են ինչ-որ եկեղեցիներ եւ այլն, ու դրանով փորձում են ցույց տալ, որ հայերի եւ թուրքերի միջեւ ընթանում է երկխոսություն:
«Այդ շրջանակներում պետք է քննարկել հայ-թուրքական արձանագրությունների իրողությունը, որը նրանց կողմից շատ լավ օգտագործվում է: Այս ամենով Հայաստանը չեզոքացվել է, եւ հիմա նրանք ուզում են նույնը անել նաեւ հայկական սփյուռքի հետ` գտնել որոշակի խմբեր, ում հետ կարելի է երկխոսության պատրանք ստեղծել»,- նշեց դիվանագետը:
Նրա դիտարկմամբ` Թուրքիայում պետական քաղաքականություն է տարվում` հայ-թուրքական հարաբերությունները պետական մակարդակից իջեցնելու հանրային մակարդակի ու այդտեղ չեզոքացնելու: Բանախոսը նաեւ մտավախություն հայտնեց, որ մենք ոչինչ չենք անելու` 2015 թվականի հետ կապված, իսկ 2015 թվականից հետո Թուրքիան կտրուկ կփոխի Հայաստանի հանդեպ իր սիրախաղային քաղաքականությունը:
Բանախոսը անդրադարձավ նաեւ իր այն տեսակետին, որ կարելի է դիմել Հաագայի դատարան եւ պահանջներ ներկայացնել ոչ թե Ցեղասպանության մասով, այլ` Ցեղասպանության հետեւանքների վերացման եւ հայկական տարածքները հետ վերադարձնելու: Նա պարզաբանեց, որ Հաագայի միջազգային դատարան կարելի է դիմել, որպեսզի այն իր եզրակացությունը տա` արդյոք ուժի մե՞ջ է Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, թե՞ ոչ: Դատարանը, բնականաբար, պետք է ասի, որ այն ուժի մեջ է, քանի որ իրավարար վճիռները վաղեմության ժամկետ չունեն եւ միջազգային իրավունքի տեսանկյունից անբեկանելի են:
Իսկ երբ Հաագայի դատարանն իր վճռով հաստատի, որ իրավարար վճիռն ուժի մեջ է, ապա, քանի որ նրա որոշումները ենթակա են պարտադիր կատարման, արդեն հնարավոր կլինի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ պահանջել, որ իրագործվի Հաագայի դատարանի վճիռը: Ու թող ՄԱԿ-ն արդեն մտածի, թե ինչպես է իրագործելու այն. սա լրացուցիչ լծակ է Հայաստանի ձեռքում: