Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոռուպցիայի ընկալման համաթվով` զրոյից հարյուր սանդղակով, աշխարհի 176 երկրների շարքում Հայաստանի համաթիվը 34 էր: Սա հանրային սեկտորում կոռուպցիայի ընկալումն է գործարարների եւ փորձագետների շրջանակների կողմից, եւ այս համաթվով մենք կիսում ենք 105-112-րդ տեղերն այդ 176 երկրների շարքում. լրագրողներին այսօր ներկայացրեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը:
Նա նշեց, որ միջազգային առումով դա բավական վատ նկարագիր է, բայց նախկին ԽՍՀՄ տարածքում մենք Վրաստանից ու Մոլդովայից հետո երրորդ տեղում ենք: Նա ներկայացրեց այլ հետազոտություններ եւս, մասնավորապես` կոռուպցիայի համաշխարհային բարոմետր կոչվող հետազոտությունը, որն անցկացրել է «Գելափ ինթերնեյշնլ»-ը աշխարհի 86 երկրներում, այդ թվում` նաեւ Հայաստանում, եւ որով ուսումնասիրվեց արդեն կոռուպցիայի ընկալումը բնակչության շրջանում: Այդ ընկալումներով` առավել կոռումպացված ոլորտները համարվեցին կրթությունը, դատարանները եւ ոստիկանությունը, դրանց շատ քիչ զիջում էին հանրային` պետական եւ համայնքային ծառայության ոլորտները: Վարուժան Հոկտանյանի ներկայացմամբ` կա բավական հոռետես մոտեցում, որ իշխանությունների գործունեությունը` ուղղված կոռուպցիան հաղթահարելուն, անբավարար է:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ 2001 թվականից սկսված` կոռուպցիայի դեմ պայքարը ՀՅԴ-ն գնահատում է անբավարար, եւ համարում, որ դրա հիմնական պատճառը համակարգային փոփոխությունների կամք դրսեւորելու բացակայությունն է:
«Որպես այդ կամքի արտահայտում, առաջարկում ենք կոնկրետ գործողություններ: Առաջինը հակակոռուցիոն առանձին օրենքի ընդունումն է, որն աշխարհի շատ երկրներում ընդունված մոտեցում է: Երկրորդ կարեւոր առաջարկն այս ուղղությամբ` անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է, որը պետք է հիմնվի մի շարք չափանիշների վրա»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ Հայաստանի տիպի երկրներում այդպիսի մարմնի անկախությունը կարող է երաշխավորվել, եթե հավասարակշռված քաղաքական ներկայացվածություն լինի, այսինքն` այն չպետք է լինի բացարձակ իշխանական կամ բացարձակ ընդդիմադիր, բայց նաեւ ընդդիմադիր քաղաքական ներկայացվածությունն ու քաղաքական սեկտորը ակտիվ դերակատարություն եւ որոշումներ կայացնելու հնարավորություն պետք է ունենան այս մարմնի անունից: Այս մարմինը պետք է նաեւ բավականին բարձր վարձատրություն ունենա:
Պետք է այդ մարմնի աշխատակազմի կամ խորհրդի համար ստեղծվեն ռեալ մեխանիզմներ, պետք է նաեւ կիրառվի հետկանչի մեխանիզմն այն ուժի կողմից, ով առաջադրել է պաշտոնյայի թեկնածությունը, որպեսզի համակարգը կարողանա արդյունավետորեն աշխատել: Արծվիկ Մինասյանը նշեց, թե սպասում եւ ակնկալում են, որ եթե իշխանությունը կամք ունի դրսեւորելու, ուրեմն դա չպետք է միայն տարբեր ռազմավարություններում ու հայտարարություններում ներկայացվի, այլ կոնկրետ գործողություններ են պետք:
«Ժառանգությունը» եւս համամիտ է, որ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի: Կուսակցության տեսակետը լրագրողներին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նշեց, թե կոռուպցիայի բանաձեւը շատ պարզ է Հայաստանում` այստեղ համակարգային կոռուպցիա է, եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ: Անդրադառնալով այս առումով հանրապետության նախարարի վերջին ելույթին` Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե այդ համակարգային կոռուպցիան նաեւ իշխանության գերկենտրոնացման արդյունք է:
Ստյոպա Սաֆարյանն էլ, ընդհանուր առմամբ համաձայն լինելով գործընկերների հետ, որ կոռուպցիան Հայյաստանում համակարգային է, ավելացրեց, որ կոռուպցիան Հայատանում արդեն ոչ թե համակարգային է, այլ համակարգ է:
«Դա մի երեւույթ է, երբ բոլորն ամեն ինչի մասին գիտեն, ամենաքիչը մենք գիտենք` փորձագետներս, լրագրողներս, քաղաքացիներս, շատ լավ գիտեն իշխանությունները»,- նշեց նա:
Կոռուպցիան համակարգ ու համակարգային է նաեւ այն պատճառով, որ այս բնագավառում չկա մի դիմադրող մարմին, որ կարողանա պայքարել այս երեւույթի դեմ: Սաֆարյանի դիտարկմամբ` այս համակարգն ապրում է այլ օրենքներուվ, եւ այստեղ բավական է` լինեն 1-2 մարդիկ, որ ցանկանան պայքարել այդ համակարգի դեմ, եւ այն ուղղակի խցանի պես դուրս կթռցնի իր միջից: Ըստ Ստյոպա Սաֆարյանի` կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է նաեւ իշխանության կորուստ, եւ սա է պատճառը, որ իշխանությունների կողմից չի դրսեւորվում քաղաքական կամքը: