Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
ԲՀԿ մամուլի խոսնակը երեկ եթերը գրավել էր ու այնպես էր գովերգում 400 հազար ընտրողին հուսախաբ անելը, կարծես, ժողովրդի փրկությունը Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մեջ է:
«Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ պատրաստ է անգամ ունեցվածքից զրկվել, բայց ժողովրդի վստահությունից` երբեք»: «Ի՞նչ է նշանակում` չենք սատարելու որեւէ թեկնածխուի, եթե դեռ հայտնի չէ, թե ովքեր են թեկնածուները»: «Ինչո՞ւ էր ԲՀԿ-ն նախաձեռնում երկու կետանոց օրակարգ եւ կոնսուլտացիաներ անցկացնում, եթե կես ճանապարհից հետ էր կանգնելու»... Այս եւ այլ կարեւոր հարցադրումները Ուրիխանյանին հաջողվեց այնպես լղոզել, որ անհնար էր հասկանալը` ի՞նչ էր ուզում ասել: Իսկ նա ընդամենը ասաց. «Համակարգային փոփոխություններ, խնդիրներ, որ վերջին հերթին առնչվում են անհատին, անձին, իսկ առաջին հերթին` կառավարման կարգին, դրանից բխող բազմաթիվ կարգերին եւ իրավիճակին, որ մարդկանց կարող է բերել կյանքի որակի բարձրացում»:
Մի կերպ հասկացանք, բայց համարձակվում եմ հարցնել` ինչպե՞ս եք հասնելու այդ համակարգային փոխություններին, եթե համակարգը փոխելու հայտ չեք ներկայացրել, ավելին` այս վճռական պահին ասում ես` ինձ հետ գործ չունեք, հաջորդ դասն էլ դառնում է հաջորդ «սեմեստր»: Այս հարցի պատասխանը եւս չտվեց` մշտապես մեկնաբաններին ասելով, որ, լինելով փորձառու, փորձում են իրեն ծուղակը գցել, բայց քանի որ ինքը պակաս փորձառու չէ, հետեւաբար չեն կարող: Հրանտ Բագրատյանը կասեր՝ ցխկվեմ ես:
Գուցե ի սկզբանե, այլընտրանք ասելով, հենց սա՞ նկատի ուներ ԲՀԿ-ն` առաջարկել` յուրօրինակ ձեւով «թռնել» ընտրողի վստահությունից: Մարտիկ Սարգսյանը վստահ է, որ 0.3 տոկոս ձայն ունի, բայց առաջադրվում է, ԲՀԿ-ն ասում է, որ ՀՀԿ-ից առավել հեղինակություն ունի, բայց, ի վերջո, անձնական նեղ շահը հաղթում է հավաքական շահի մտածումին: Այնպես չէ, որ Ծառուկյանի առաջադրումը ժողովրդի փրկությունն էր, այնպես չէ, որ ուզում էի Ծառուկյանն առաջադրվեր: Ես իմ շրջապատում բազմիցս ասել եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանը դառնա նախագահ, երկիրը լքելու եմ առաջին իսկ չվերթով: Բայց իր ընտրողներին եւ կուսակցական ընկերներին անտեր թողնելը մեծությամբ երկրորդ քաղաքական ուժին վայել չէ, սա քաղաքականություն վարել չէ, այլ` քաղաքականություն խաղալ:
Եվ ուշագրավ է, որ Ուրիխանյանը սա համարում է կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին հավատարիմ լինել: Սա նույնն է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին վրաններով հրավիրեց Ազատության հրապարակ` վճռական հեղափոխության, մի երկու ժամ ելույթ ունեցավ ու ճանապարհեց տուն` բետոնե ծածկի տակ թաղելով իր ու ՀԱԿ-ի հեղափոխական ապագան:
Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի էր: ԲՀԿ-ն գնում է կոալիցիա, եւ երեկ նրանց ներկայացուցիչն ակնարկեց այդ մասին` ասելով, որ կառավարմանը կաջակցեն, եթե նախապայմաններ չառաջադրվեն իրենց եւ թույլ տան իրականացնել սեփական քաղաքական կուրսը: «ԲՀԿ-ից մարդիկ ակնկալում են երբեւէ լավ ապրելու, բարոյապես ապրելու, իրավական պետության մեջ ապրելու հնարավորություն: Այն, ինչ ԲՀԿ-ն խոստացել է` աշխատանք, օր օրի, քար առ քար իրար վրա դնելով: ԲՀԿ-ն կտա այն, ինչ մարդիկ մեզանից ակնկալում են»,- ասել է ԲՀԿ խոսնակը: Նա հավանաբար խոսում է իրենց անդամների անունից, ովքեր կսկսեն բարգավաճել` հենց ԲՀԿ-ն մտնի կոալիցիա: Եվ զարմանալի է, որ ԲՀԿ-ական մամուլն արդեն սկսել է Ծառուկյանի չառաջադրվելու մեջ մեղադրել մյուս ընդդիմադիրներին:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ