կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 14:56
Առանց Կատեգորիա

Երբ Կլեոպատրան չունի խոսքի հնարավորություն...

Երբ Կլեոպատրան չունի խոսքի հնարավորություն...

 

Լրատվական անպատասխանատվությունը չի կարող ծաղկել առանց անպատժելիության զգացումի: «Սուր անկյան» լեզուն ու ոճը՝ վկա: Այս հաղորդման ագրեսիվ, թելադրողական, դաստիարակչական, նաեւ կազմակերպչական լեզուն ու ոճը, երբ թվում է, թե հատկապես իրենց շնորհիվ են կանխվում այս կամ այն ապօրինությունները, առանձնապես ծավալվելու տեղ չեն թողնում: Ծավալվելու առիթ կա, օրինակ, դեկտեմբերի 9-ի «Կիրակնօրյա Հորիզոնի» մի արտահայտության առիթով:

 

Լրագրողը պատմում է խանդի հողի վրա գործած սպանության մասին՝ ընկերը սպանել է ընկերուհուն, որը երկու չափահաս դուստր ունի նախկին ամուսնուց: Հետո լրագրողն ասում է, որ սպանության ականատես դուստրերը փորձում են փրկել իրենց մորը կատաղած կողակցից: Չի ստացվում: Լրագրողը ռեպորտաժին «չամիչ» է հաղորդում, այսինքն` փորձում է ներկայացնել, թե ով է զոհը: Ուշադիր եղեք: Ռեպորտաժում այն այնքան հստակ է ասվում, իհարկե, ոչ լրագրողի բերանով, այլ սպանվածի հարեւանի միջոցով: «Ավազակային ձեւով պոռնիկ էր»,-ասում է հարեւանը զոհի մասին:

 

Այսպիսի համոզվածությամբ Հենրի Միլերն է նկարագրում իր հերոսուհուն. «Ժերմենը պոռնիկ էր մինչեւ ուղն ու ծուծը եւ նրա արժանիքը դա էր» («Խեցգետնի արեւադարձը», էջ 58): Գրողն պոռնիկ լինելու մեջ արժանիք է տեսնում հերոսուհու մասին ավելի վատ բաներ չմտածելու համար: Նա գրող է: Բառերի հետ աշխատանքը նրան առավել պատասխանատու է դարձնում, քան՝ իրականությունը: Այս դեպքում, Միլերն առանց կնոջը «պոռնիկ» ասելու չի կարող անցնել հաջորդ պարբերությանը: Ինքը ինքնակենսագրական վեպ է գրել, ի դեպ, բավականին համարձակ լեզվով, որը տեղ-տեղ ընդհատում է գրականությունը: Նա իր փարիզյան կյանքն է պատմում եւ «պոռնիկների» հետ գործ է ունեցել անձամբ: Ստեղծագործությունը գրողի երկրում՝ ԱՄՆ-ում, արգելված էր մոտ 30 տարի: Զուտ լեզվի պատճառով: Ի վերջո, թույլատրեցին: Նա բառի զգացումը գերագնահատում է իրականության զգացումից, թեպետ, կրկնում եմ, ինքնակենսագրական վեպ է գրել, այսինքն` իրականությունն է շարադրել: Հնարավոր է, նույնիսկ հերոսների անունները չի փոխել: Ինչպես էլ վարված լինի Միլլերը, նա վճարեց` իր Հայրենիքում 30 տարի արգելանքի տակ մնալով:

 

«Կիրակնօրյա Հորիզոնի» ռեպորտաժում զոհին որակելուց առաջ լրագրողն արդեն ասել էր, որ այս պատմության մեջ զոհի երկու դուստրը կան, որոնք փորձում են փրկել մորը: Երկրորդ` պոռնկական ոչինչ, սպանությունից բացի, այդ ռեպորտաժում չկա, երրորդ` այդ մեղադրանքը չի արդարացնում սպանությունը, չորրորդ` խանդի հողի վրա նոր սպանությունների արդարացման հող ես նախապատրաստում: Առավելագույնը, ինչ կարող էիր անել, մարդասպանի հանդեպ կարեկցանքի զգացում առաջացնելն էր, ինչը նույն օրը իր ամբողջ հակաէթիկականությամբ հանդերձ փորձել էր անել «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյունը»: Նա տվյալ իրադարձության այն հատվածը, թե ով էր զոհը, եւ ով էր մարդասպանը, ներկայացրել է առավել էթիկական լեզվով: Լրագրողը խոսել էր հարեւանների հետ, որոնք գուցե սպանվածի մասին շատ վատ բաներ են ասել, բայց եթերում տեսնում ես նրանց զուսպ համերաշխությունը մարդասպանի հետ: Սա նույնպես հարցեր է առաջացնում, այսինքն` ինչո՞ւ են հարեւանները համերաշխ մարդասպանի հետ: Բայց, համենայն դեպս, վիրավորանք չկա: Ըստ իս` ռեպորտաժում «գլխադասայինը» պետք է լիներ ոչ այնքան մարդասպանի մոտիվացիան, որքան հենց մարդասպանը: Այդ քննությունն, ըստ իս, «Կիրակնօրյա Հորիզոնի» լրագրողը հանձնել էր: Մարդասպանը հաջողությամբ «բացվել» էր ռեպորտաժում: Իսկ զոհը, պետք է հիշել, այլեւս նրան պատասխանելու հնարավորություն չունի, եթե նույնիսկ Կլեոպատրան է:

 

Սեյրան Հանոյան