կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-10 17:45
Հասարակություն

Նոնոյի չնշանակվելը դեռ հաղթանակ չէ

Նոնոյի չնշանակվելը դեռ հաղթանակ չէ

2012 թվականի ամենաարտառոց, զավեշտալի, քննարկվող, դժգոհություն առաջացրած մրցույթը տեղի ունեցավ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում, երբ ընդամենը 15-20 րոպեում հայտարարվեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր տեղի համար պայքարող միակ թեկնածուն` Գաբրիել Պողոսյանը (Նոնո), պատասխանել է հարցերին ու ապահովել 85 տոկոսանոց արդյունք: Սակայն, կանոնադրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը պաշտոնապես պետական արգելոցի տնօրենի անունը պետք է հրապարակեր 5 օրվա ընթացքում:

 

Մրցույթից հետո Նոնոն շատ հպարտորեն հայտարարեց, որ ինքը շատ գոհ է իր պատասխաններից, այնուհետեւ, ոչ ավելի ոչ պակաս, նշեց, որ ինքն ավարտել է «Ռոստովի պետական համալսարան-ինստիտուտը», իսկ ստացած դիպլոմի մեջ գրված մասնագիտությամբ` տնտեսագետ, ինչն, ի դեպ, շատ էր ոգեւորել բնապահանության նախարարության պաշտոնյաներից ոմանց:

 

Իհարկե, մրցույթի թափանցիկությունն ապահովելու համար բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի թույլտվությամբ նկարահանվել էր մրցույթի գործընթացը: Տեսանյութը հայտնվեց youtube-ում, ու սկսվեց այն, ինչը եղավ եւ անցավ պատմության գիրկը: Հասարակությունը զայրացավ, բնապահպան ակտիվիստները պահանջեցին, իսկ Բնապահպանական միջազգային կազմակերպությունները հրաժարվեցին համագործակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նոր տնօրինության հետ եւ հայտնեցին, որ գումարներ չեն ներդնի պահպանվող այդ տարածքում:

 

Դրան ի պատասխան` նախարարությունը նրանց քայլը որակեց որպես բնապահպանական միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում եւ հիշեցրեց, որ նրանք ընդամենը այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, եւ օժտված չեն այդ կազմակերպությունների եւ նախարարության միջև հարաբերությունները վերանայելու իրավասությամբ:

 

Սակայն նույն միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարները չփորձեցին մեկնաբանել նախարարության արձագանքը, եւ ընդամենը մնաց ենթադրել, որ այդ պատասխանի հեղինակը պաշտոնյա է, ով այսօր համակարգում է նախարարության «Բնապահպանական ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկը, որին էլ վերապահված է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը, եւ որ հենց այդ գրասենյակի կողմից են իրականացվում որոշ պետական, տեղական եւ միջազգային ծրագրեր:

 

Ավելին` թեժ օրերի ընթացքում նախարարությունը խոստացավ, որ առաջիկայում, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով, որն, ինչպես տեսնում ենք, մինչ օրս չի կատարվել: Որքան էլ Գ. Պողոսյանը դիմում գրեց, որ իրեն տնօրենի նշանակման գործընթացը չշարունակվի, այնուամենայնիվ, խոստումը մնում է խոստում, որն այդպես էլ պետական գերատեսչությունը չկատարեց:

 

Մրցույթից 5 օր հետո նախարարությունը կրքերն ավելի թեժացնելու համար հայտարարեց, որ Գաբրիել Պողոսյանը դիմում է գրել, քանի որ շատ ծանրաբեռնված մարդ է: Իհարկե, Գ. Պողոսյանը ծանրաբեռնված մարդ է, քանի որ դեռ ի սկզբանե լրատվամիջոցները հայտարարեցին, որ նա Արտաշատ քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրվել է որպես ավագանու անդամ, Պողոսյանը նաեւ ՀՀԿ ակտիվ անդամ է, իսկ ամենակարեւորը` Խոսրովի անտառում «իշխանական» որսորդության ժամանակ Նոնոն «նշանակվում» է վայրի կենդանիներ անհանգստացնող:

 

Պարզվեց նաեւ, որ Նոնոն իր դիմումը գրելուց հետո` նեղ շրջապատում ասել է, որ ստիպված է եղել դիմում գրել, քանի որ ԱԺ նախագահն է իրեն ասել. «Գնա ու դիմում գրի` մինչեւ հանդարտվեն կրքերը»: Այս ամենին, իհարկե, արդեն լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է:

 

Առաջիկայում նախագահական ընտրություններ են, եւ գուցե իշխանական կողմին Նոնոն դեռ հարկավոր է: Իսկ ընտրություններից հետո, ըստ խոսակցությունների, բնապահպանության նախարարի պորտֆելը կմնա հարցականի տակ: Սակայն Նոնոյի համար միեւնույն է` ով կնշանակվի նախարար. նրան տնօրեն նշանակել խոստացել է ՀՀ ԱԺ նախագահը:

 

Այսօր արդեն «Թռչկան» եւ «Խոսրով» քաղաքացիական նախաձեռնությունները հանդես են եկել դիմումով` ուղղված նախարար Հարությունյանին, որում նշել են, որ թեեւ վերջինս չեղյալ է ճանաչել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթը, այնուամենայնիվ, անցած երկու շաբաթների ընթացքում մրցույթի անցկացման նոր հայտարարություն չի արվել, եւ ներկայացրել են իրենց պահանջները մրցույթն ավելի թափանցիկ եւ արդար անցկացնելու համար` 5 կետ: Իսկ այս պաշտոնում դեռ շաբաթներ, ամիսներ, գուցե տարիներ (վառ օրինակը` «Բնապահպանական ծրագրերի գրասենյակ» ՊՀ տնօրենը), կղեկավարի այսօր արգելոցի տնօրենի ժ/պ նշանակված ոմն Հրաչ Հովակիմյան:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ